Ըստ բողոքաբեր կողմի՝ դատարանները Ավետիսյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր էին հատկացրել
ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարտ Սիմոնյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված 2-րդ որոշմամբ (1-ինը՝ կալանքի տակ պահելու ժամկետի երկարացմանն էր վերաբերում) Ասլան Ավետիսյանը վերջնականորեն արդարացվել է: Վճռաբեկ դատարանը որոշեց՝ Ասլան Հովհաննեսի Ավետիսյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ եւ արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Հիշեցնեմ, որ Վճռաբեկ դատարանը դռնբաց դատական նիստում քննության էր առել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թ. սեպտեմբերի 11-ի որոշման դեմ Ասլան Ավետիսյանի պաշտպան Լ. Սիմոնյանի՝ «Հիմնարար խախտման» հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը:
«Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ արձանագրելով հետեւյալը. «Հիմնարար խախտումը» պետք է պատճառահետեւանքային կապի մեջ գտնվի ընդունված եւ արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերեւույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը:
Կարդացեք նաև
Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել եւ դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»:
Լ. Սիմոնյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց, որ դեռեւս 2008թ. մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ 2008թ. մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է 62202608 քրեական գործին եւ նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով: 2008թ. մարտի 7-ին Ասլան Ավետիսյանը ձերբակալվել է:
2008թ. մարտի 8-ին Ա. Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ Ա. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ 2008թ. մայիսի 27-ին որոշում է կայացվել Ասլան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով: 2008թ. հունիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: 2008թ. հուլիսի 16-ի դատավճռով Ա. Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով:
Դատարանը հաստատված էր համարել մեղադրանքը, այն, որ. «Ասլանյանը 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաեւ մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց, դիմելով անկարգությունների մասնակիցներին, կոչեր արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու եւ բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյանի արձանի եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու» եւ իր օրինակով հրահրել եւ ոգեւորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին եւ բղավել՝ «թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»:
Պաշտպան Լ. Սիմոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. սեպտեմբերի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է` առաջին ատյանի դատարանի` 2008 թ. հուլիսի 16-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Ա. Ավետիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանը «հիմնարար խախտման հիմքով» բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը 2020թ. մարտի 5-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ։ Վճռաբեկ դատարանը 2020թ. սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել Ասլան Ավետիսյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
Ըստ բողոքաբեր պաշտպանի՝ Լիպարիտ Սիմոնյանի, ստորադաս դատարանները, Ա. Ավետիսյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել արդար դատաքննության իրավունքի երաշխիքները. «Դատարանները Ա. Ավետիսյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը»:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա. Ավետիսյանի մեղավորության հարցին՝ Լ. Սիմոնյանն ասում է. «Քրեական գործում առկա չէր արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Ասլան Ավետիսյանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված արարքը»։
Վճռաբեկ դատարանի իրավական գնահատականներն ավելի քան խոսուն են այս գործով. «Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսեւորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական եւ չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին»:
Վճռաբեկ դատարանը հղում էր կատարել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք գործերին, որոնց դեպքում «հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել եւ դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել էր, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն եւ անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները եւ դիմումատուին որեւէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու»:
Վճռաբեկ դատարանը նշել էր. «Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ՝ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Սիամանթո Խուդոյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի ՁԱՊՎ պետ Խաչիկ Միքայելյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ՊՊԾ ոստիկան Սերյոժա Շահումյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Արմեն Արսենյանի ցուցմունքները, ինչպես նաեւ ապացույց ճանաչված լազերային կրիչները վերարտադրելու եւ զննելու մասին արձանագրությունը, փորձագիտական եզրակացությունները, դեպքի վայրի զննության արձանագրությունները»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` սույն գործի փաստական հանգամանքների եւ գործի նյութերի համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության եւ ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն՝ դրանց արժանահավատությունը, ինչպես նաեւ այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2021