«Զարմացած եմ վարչապետի ելույթից, չգիտեմ վարչապետն ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ուզում եմ հասկանամ՝ վերջը ո՞վ է մեղավոր, որ կառավարությունն ասում է՝ թուղթը պետք է գաղտնի մնար, բան ենք բանակցում: Դուք մի հատ թուղթ չեք կարողացել գաղտնի պահել, սահմանները ոնց եք պահելու»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:
Մարուքյանը զարմացած էր՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ռազմագերիների հարց կար, եթե գերիներին չեն վերադարձրել, ի՞նչ նոր փաստաթուղթ են քննարկում. «Ի՞նչ հույս կա, ի՞նչ երաշխիք կա, որ սա ստորագրենք, ուրիշ տեղից չեն մտնի ու ասեն՝ դե եկեք սա արեք, նա արեք: Վարչապետն ասում է ամբիոնից՝ սովետական միության ադրբեջանական տարածքներ կան մեր վերահսկողության տակ: Բա, եթե սուտ են ասում, որ անկլավների հարցը քննարկում են, ինչի՞ եք գալիս ամբիոնից ասում: Հա, այս թղթի մեջ չկա, ուրեմն հեսա ուրիշ թղթի մեջ է լինելու: Տեսե՞լ եք Ադրբեջանի նախագահին, որ ասի՝ Սովետական Հայաստանի տարածքներ կան մեր վերահսկողության տակ: Ինչի՞ է ինքը ասում: Ասում է՝ ընդդիմությունը թեզեր է տալիս Ադրբեջանին: Ընդդիմությո՞ւնն է տալիս, թե՞ իշխանությունը: Բացի այդ, անուններով ասեք՝ ո՞ր ընդդիմությունը»:
Փաշինյանն իր ելույթում ասել էր. ««Բա ասում եմ՝ 30 տարի ազատագրված տարածքները ու Ղարաբաղի կեսը տվել են փաստացի, ինչի՞ չեն հրապարակել: Բա այդքան պատգամավոր եք եղել, պարոն Մարուքյան, ինչի՞ մի անգամ չեք հելել ասել՝ հրապարակե՛ք, այդ ի՞նչ եք բանակցում այդտեղ»: Մարուքյանն արձագանքեց՝ ինչքան ես եմ պատգամավոր եղել, այնքան էլ ինքն է եղել, ես չեմ ասել, նա ասե՞լ է, բացի այդ, Ղարաբաղի դելիմիտացիա, դեմարկացիայի հա՞րց է քննարկվել նախկինում. «Ձեզ ինչ են հարցնում, ինչ եք գալիս խոսում, այդ ի՞նչ էր էն վախտ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ