«Նա իրավունք չունի հրաժարական տալու, պետք է դուրս գա ու մեզ բացատրի՝ ի՞նչ գաղտնի պայմանավորվածություն է եւ ի՞նչ նախարար է, որ տեղյակ չէ բանակցություններից»,- այսօր, «Պատիվ ունեմ» դաշինքի բողոքի ցույցի ժամանակ, ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ցույցի մասնակիցները կառավարության շենքի մոտից երթով քայլեցին մայրաքաղաքի փողոցներով:
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն, ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, աբսուրդ համարեց այն, որ ԱԳ նախարարը տեղյակ չէ կատարվողից, իսկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ԱԳՆ-ից ստում են, քանի որ ինքն այդ փաստաթղթերը իրենցից է ստացել: Նա տարակուսեց նաեւ, որ պետական կարեւորության փաստաթղթերը հասանելի են դառնում համացանցի միջոցով:
Մինչ այդ, կառավարության շենքի մոտ ցույցի ժամանակ իր ելույթում Հայկ Մամիջանյանը կոչ արեց գոնե հիմա «կուսակցական չխաղալ» եւ դուրս գալ պայքարի`հանուն Հայաստանի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ճանապարհների ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրել, ինչից հետո, «Պատիվ ունեմ» դաշինքը հանրահավաք էր հրավիրել կառավարության շենքի մոտ, իսկ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մասնակցում էր ԱԺ արտահերթ նիստին:
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ իր ելույթում ասաց, որ բոլորին թվում էր, թե Հայաստանը հասել է խաղաղության հանգրվանին, բայց իրականում, թշնամական ուժերն այսօր պաշարել են մեր երկիրը, իսկ իշխանությունները հասարակությանը պահում են ստի, կեղծիքի մանիպուլյացիաների տակ: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց եւ բողոքել, քանի որ այս իրավիճակում «տանը նստելը մեղք է»:
Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների մի մասն այնուհետ ցույցը շարունակեց Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի մոտ:
Երթի ընթացքում, լրագրողների հետ զրույցում, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն ասաց, որ «Հայրենիքի փրկության շարժումը» դեռ իր անելիքը չի սպառել, իսկ արտահերթ ընտրություններին իրենք մասնակցում են անկախ իրենց կամքից, որպեսզի թույլ չտան այս իշխանության վերարտադրությունը: Նա նաեւ հայտարարեց, որ պատրաստ է կանգնել ցանկացած ուժի կողքին, որը մինչեւ ընտրություններն այս իշխանությանը հեռացնելու գործ կնախաձեռնի: «Չկա սովորական իրավիճակ, սա արտառոց, աննորմալ իրավիճակ է»,- ասաց նա`հավելելով, որ հանրությունն այս գիտակցումով պետք է միավորվի. «Ասում են`նախկինները ազնիվ չէին, Նիկոլն ազնիվ է: Ինչո՞վ էին նախկինները մեղավոր, նախկինները Արցախը հանձնում էին`թուրքը չէ՞ր վերցնում, Նիկոլ եկավ պահեց`թուրքը զոռով վերցրե՞ց»: Նա նաեւ ասաց, որ մարզերով է շրջում եւ եկել է համոզման, որ մադկանց հետ զրուցեն, բացատրեն իսկությունը`հնարավոր կլինի «մոլորյալներին ետ բերել»:
ՀՀ երեք նախագահների միավորման մասին հարցին էլ Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ չի ցանկանում նրանց որդեգրած վարքագիծը մեկնաբանել, բայց իր ցանկությունն է, որ ոչ միայն երեք նախագահները, այլ ամբողջ հանրությունը միավորվի, որպեսզի այս իրավիճակը կարողանանք հաղթահարել: Արթուր Վանեցյանը կոչ արեց ուսադիր կրող բոլոր անձանց`ասելով, որ գիտե, թե ի՞նչ են մտածում եւ ի՞նչ են խոսում իրենց աշխատասենյակներում, ինչպե՞ս են գնահատում այս ազգադավ իշխանությունների գործունեությունները. «Զանգում եք, խոսում եք, պատմում եք, բայց շարունակում եք ծառայել այս իշխանություններին: Արդյոք այս իշխանությունների ցուցումները կատարելով, արդյոք այս իշխանությունների օրակարգը սպասարկելով դուք սպասարկում եք ՀՀ շահերը, թե՞ օտարերկրյա ինչ-որ ստվերային կառավարիչների շահերը»: Արթուր Վանեցյանը նաեւ հորդորեց`մեր իրականության ողջ մեղքը չբարդել բանակի վրա եւ փորձել ճիշտ ախտորոշել, քանի որ հիմնական խնդիրը ՀՀ քաղաքական ղեկավարության մեջ է, որը զբաղված է կեղծիքով եւ մանիպուլյացիաներով: Արթուր Վանեցյանը հիմք չունի նաեւ հավատալու ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն տեսակետին, որ հրապարակված փաստաթուղթը գաղտնի հավելվածներ չունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ