Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու չես պաշտպանում քո հայրենիքը, ուրիշն ինչու պետք է գա և պաշտպանի». Դավիթ Շահնազարյան. News.am

Մայիս 20,2021 23:15

Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի  տեղեկություններով՝ 2 օր առաջ Սև լճի մոտ Ադրբեջանն արդեն տեղադրել է ծանր տեխնիկա և հրետանի:

«Իմ տեղեկությունների համաձայն, Սյունիքի ներխուժումը, որ ասում էին 250 ադրբեջանցիներ են ներխուժել և հանդարտ քայլելով գալիս են, այնտեղ 3-ից 4 տասնյակ ջիհադիստներ կան, որոնց պատերազմից առաջ եւ ընթացքում Թուրքիան ուղարկել էր Ադրբեջան՝ մասնակցելու պատերազմին։ Հիմա այդ ջիհադիստների մեծ մասը ընդգրկված է Ադրբեջանի սահմանապահ զորքերում և Ադրբեջանի քաղաքացիություն ունեն։ Երկրորդ, իմ տեղեկություններով՝ 2 օր առաջ Սև լճի մոտ Ադրբեջանն արդեն տեղադրել է ծանր տեխնիկա և հրետանի։ Եվ հետաքրքիրն այն է, որ բանակցությունները չեն եղել, բայց նույնիսկ մայիսի 16-ի բանակցություններին հայկական կողմը չի մասնակցել, Մուրադովն է տարել այդ բանակցությունները, որոնք զրոյական արդյունք են տվել։ Սա ուղղակի նշանակում է, որ Ռուսաստանի ազդեցությունը նվազել է Հայաստանի իշխանությունների վրա, և որ Հայաստանի իշխանությունները լրիվ ուրիշ խաղ են խաղում։ Ավելին, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ Մոսկվայի ազդեցությունը էապես նվազել է նաև Ադրբեջանի վրա։

Մենք երեկ գտնվում էինք մի այնպիսի իրավիճակում, որ բախումների հավանականությունը շատ մեծ էր Հայաստանի տարածքում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ, բայց վստահ եմ, որ Ռուսաստանի նախագահի երեկ ունեցած երկու հեռախոսազրույցները Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այդ բախման հավանականությունը էապես քչացրել են, բայց կարծում եմ՝ դա երկարատև չէ, որովհետև Ադրբեջանը այն ինչ իրականացնում է, այսինքն ներխուժում, առանց կրակոցի ագրեսիա Հայաստանի նկատմամբ, նույնը կատարվում է նաև Արցախում՝ Քելբաջարի, մասնավորապես՝ Հաթերքի և  այլ ուղղություններով դիրքերը առաջ տալով։ Իր այդ քաղաքականությամբ Ադրբեջանը կարծես թե փորձում է շոշափել՝ որտեղ են Մոսկվայի կարմիր գծերը եւ դրանց դեռ չեն հասել։ Այստեղ ողջ մեղքը Հայաստանի իշխանություններինն է և այն ծրագրավորված քաղաքականությանը, որ նրանք տանում են։ Ցավոք սրտի կարծում եմ՝ բախումների հավանականության նվազումը ժամանակավոր երևույթ է, և Ադրբեջանը դա կշարունակի անել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը:

Ադրբեջանական զորքը մեկ շաբաթից ավելի է, ինչ հատել է Հայաստանի պետական սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ: Շահնազարյանի համոզմամբ՝ այդ դիրքերը պահող զորքին հրաման էր տրված, որևէ դիմադրություն ցույց չտալ։

«Ասել, որ դա խայտառակություն է, դա ոչինչ չի նշանակում, դա պետական դավաճանություն է, որովհետև Հայաստանի պետական սահմանի դիրքում կանգնած զինվորը ուղղակի պարտավոր է կրակել, եթե որևէ մեկը զինված փորձ է անում հատել այդ սահմանը, այսինքն՝ ագրեսիա կատարել և օկուպացրել։ Սա ստորացուցիչ է մեր պետության, ժողովրդի համար։ Այստեղ ամենացավալին այն է, որ չգտնվեց մի վաշտի, գումարտակի հրամանատար, որը չենթարկվեր պետական դավաճանություն հանդիսացող այդ հրամանին, չգտնվեց մի սպա, որ հրաժարվի դա կատարել և կատարի իր պարտքն ու զինվորական երդումը։ 2016թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ, ողջ ճակատը 116 մարտական դիրք էր, հիմա պարզվում է այդպիսի դիրք չկա։ Սա ցույց է տալիս, թե ինչ վիճակի են հասցրել մեր Զինված ուժերին։ Երկու օր առաջ ադրբեջանցի զինվորականները ուղղակի ծեծելով քշում էին մեր զինվորներին։ Սա վատ ազդեցություն ունեցավ իմ վրա: Սա գուցե ավելի նվաստացուցիչ է, քան ռազմական պարտությունը։ Այս իշխանությունը մտածված շարունակում է մեր ազգի, պետության, բանակի նվաստացնելու քաղաքականությունը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, սակայն առ այսօր հստակ արձագանք չկա: Շահնազարյանը հարց է բարձրացնում՝ եթե դու չես պաշտպանում քո հայրենիքը, ուրիշն ինչու պետք է գա և պաշտպանի:

«ՀԱՊԿ–դիմել էր երկրորդ հոդվածով, ոչ թե չորրորդ, որը ագրեսիային էր վերաբերում: Ես համարում եմ անիմաստ, եթե չասեմ վնասակար, ՀԱՊԿ–ին այդպես դիմելը։ Ի՞նչ է՝ Ղրղզստանն ու Բելառուսը պետք է գային այստեղ մեր փոխարեն մեզ պաշտպանենին։ Մանավանդ այն դեպքում, երբ այս իշխանությունն ամբողջապես տապալել է արտաքին քաղաքականությունը։ Պետք է տարրական քաղաքագիտական գիտելիքներ ունենալ, որ հասկանաս, թե ՀԱՊԿ–ն ինչ կառույց է։ ՀԱՊԿ–ը պետությունների մի խումբ է, որոնցից ամեն մեկը առանձին–առանձին ունի իր ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անվտանգության հարցերով իրար հետ այդքան սերտ չեն։ Այսինքն՝ առանց Ռուսաստանի հետ պայմանավորվելու, դա մտցնելը,  համարվում է հարված ՀԱՊԿ–ի հեղինակությանը ։

Սա այն նույն քաղաքականության շարունակությունն է, որով 2018–ին ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչեցին: Եվ ինչպես Ռուսաստանի հետ են ձևական հարաբերություններ, նույնն էլ ՀԱՊԿ-ով է։ Այնուհետև տեսեք՝ ինչ է լինում, ինքը սկսում է զանգահարել, խոսել ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Օրինակ Բելառուսի նախագահի հետ խոսելու հաջորդ օրը Բելառուսի Պաշտպանության նախարարի պատվիրակությունը մեկնում է Բաքու։ Այսինքն սա այնտեղ ընկալվում է նույնպես քայլ, որը հարվածում է ՀԱՊԿ-ի հեղինակությանը։ Միջազգային հարաբերությունները, հատկապես այդպիսի իրավիճակում, երբ անվտանգության խնդիր կա և օգնություն ես խնդրում, դրանք փաստաթղթերով չեն արվում։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ առանց փաստաթղթի մի պետությունը մյուսին ռազմական օգնություն է ցույց տալիս և նույնիսկ միջամտում է։ Սա նույն քաղաքականությունն է՝ մտածված եւ դրսից թելադրվող»,- ընդգծեց Դավիթ Շահնազարյանը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական պայմանագրերի հիման վրա Ռուսաստանին դիմելուն, Դավիթ Շահնազարյանը դա համարում է սադրիչ քայլ, որն ուղղակիորեն ցույց է տալիս, որ ռազմավարական գործընկերոջ հետ որեւէ ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31