Հայաստանում է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերով զեկուցողը: Վաղ առավոտյան սկսվեցին Փոլ Գավանի հանդիպումները մեր երկրի խորհրդարանում: Նախ՝ ընդլայնված կազմով հանդիպում ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության հետ: Առանցքում 44-օրյա պատերազմն է, Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիները, հետպատերազմական Արցախը, կորսված ու վտանգված հայկական հոգեւոր մշակութային ժառանգությունը: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը կարեւորեց այցն ու հույս հայտնեց, որ Պոլ Գավանի կողմից առաջիկայում պատրաստվելիք զեկույցում կարտացոլվի ողջ ճշմարտությունը:
Պատգամավորները ԵԽԽՎ պատվիրակին մանրամասն ներկայացրին Ադրբեջանի վարքագիծն իր բոլոր դրսեւորումներով, անդրադարձան նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանն ու Ադրբեջանի՝ դրանից բխող պարտավորությունների չկատարմանը: «Բաքուն պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, սա մեր պահանջն է»,-փաստեցին պատգամավորները՝ ընդգծելով, որ այդ երկիրը ոտնահարել է բոլոր հումանիտար կանոններն ու միջազգային պայմանագրերը: Գավանն իր նոթատետրում առանձնացրեց այն ուղղությունները, որոնք լինելու են զեկույցի առանցքում: «Հետպատերազմական բոլոր իրողություններն ու ձեր կողմից ներկայացված փաստերը, միանշանակ, մաս կկազմեն իմ կողմից մշակվող զեկույցում, որը պատրաստ կլինի մինչեւ աշուն»,-ասաց զեկուցողը:
ԱԺ պատգամավորները Փոլ Գավանի հետ հանդիպմանը հատուկ ընդգծեցին Ադրբեջանի հայատյացության փաստն ու այդ համատեքստում նրանց կողմից ի ցույց դրվող ակնհայտ ցինիզմը: ԵԽԽՎ պաշտոնյային հստակ փոխանցվեց, որ պաշտոնական Բաքուն ունի ոչնչացնողի ձեռագիր, նրանք անխնա իսլամացնում են հայկական հոգեւոր մշակութային արժեքներն ու օկուպացված տարածքներից վերացնում հայկական բոլոր հետքերը:
ՀՀ Ազգային ժողով