«Մեղավոր ենք մենք բոլորս, բոլոր հայերը, որ մինչեւ այսօր հանդուրժել ենք, որ այս իշխանությունները զավթած, պարտված, թուրքի դեմը կզած իշխանությունները փաստացի շարունակում են մնալ ՀՀ-ում»,- այսօր կառավարության շենքի մետ «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած հանրահավաքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ճանապարհների ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրել: Հիշեցնենք նաեւ, որ այն ընթացքում, երբ ընդդիմադիրները կառավարության շենքի մետ ցույց էին անում, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մասնակցում էր ԱԺ արտահերթ նիստին:
Արթուր Վանեցյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, որ ընդդիմադիրները վեց ամիս հավաքվում են, խոսում են սպասվող վտանգների մասին, բայց որեւէ քայլի չեն դիմում. «Արդյո՞ք մենք մեղավոր ենք: Այո, խոստովանում եմ՝ մենք մեղավոր ենք, մեղավոր ենք բոլորս: Մենք մեղավոր ենք, որ այս իշխանությունը զավթած, պարտված, թուրքի դիմաց ծնկածները փաստացի շարունակում են մնալ ՀՀ-ում իշխանության: Ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել. պետք է բոլորս համախմբվեինք, հասնեինք նրան, որ մեր քաղաքացիները դուրս գային փողոց, ընդվզեին եւ հասնեին մեր պահանջին, այն մեր հայրենիքի եւ երկրի փրկությունն է»:
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ առաջին հայացքից այդ փաստաթղթում խնդրահարույց կետ չկա, սակայն դա վստահություն չի ներշնչում, քանի որ սեպտեմբերի 27-ից հետո այս իշխանությունները ամեն օր խաբել են:
Կարդացեք նաև
«ՀՀ տարածքում 500-ից ավելի ադրբեջանական զինվորականներ են եկել, իրականում, եթե մեր ժողովուրդը գիտակցի, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում, ապա այսօր մենք ոչ թե պետք է այստեղ կանգնեինք եւ ակցիա անեինք, այլ բոլորս պետք է հավաքվենք, գնանք եւ վերջ տանք այս իշխանություններին, որովհետեւ այս իշխանությունների մեկ օր ավելի մնալը ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը»,- ասաց նա`հավելելով, որ ՀՀ-ն կանգնած է բնաջնջման վտանգի առաջ:
Իսկ այն մեղադրանքների առնչությամբ, որ այս իրավիճակում քաղաքական ուժերը գնում են արտահերթ ընտրությունների Արթուր Վանեցյանն ասաց. « Սա ծուղակ է: Մեկ ամիս է մնացել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դրա համար այս իշխանությունները փորձում են արագ-արագ ստորագրություններ դնել ինչ-որ փաստաթղթերի տակ, որոնց հրապարակված մասը իրականությանը չի համապատասխանում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ