Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Սիրելի՛ հայրենակիցներ,
2020թ. մայիսյան այս օրերին, Արցախի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված կարգով լիազորությունները ստանձնեցին նույն թվականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրված նոր իշխանությունները՝ ԱՀ նախագահը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:
Կարդացեք նաև
Մի կողմ թողնելով 2020թ. համապետական ընտրությունների կազմակերպման, նախընտրական պայքարի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեր քաղաքական գնահատականները, պետք է ընդունենք, որ անցած տարին առանձնացավ բազմաթիվ փորձություններով և աղետալի զարգացումներով, որի կիզակետը դարձավ 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմը:
Անցած տարվա ընթացքում մենք բախվեցինք պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի բազմաշերտ ազդեցության. հազարավոր նահատակներ, վիրավորներ, հարյուրավոր անհայտ կորածներ, գերիներ և պատանդներ, Արցախի Հանրապետության մեծ մասի կորուստ, տասնյակ հազարավոր գաղթականներ և ազգային հարստության մի ստվար հատվածի կորուստ՝ ահա այն, ինչ ունենք 2020 թվականի համապետական ընտրություններից և նախագահի պաշտոնավարումից մեկ տարի անց:
Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որոնց շուտափույթ և արդյունավետ լուծումից է կախված Արցախի Հանրապետության լինելությունն ու ապագան:
Պատերազմից անմիջապես հետո ԱՀ Ազգային ժողովի չորս խմբակցություններով հանդես գալով իրավիճակի գնահատմամբ՝ առաջարկել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի ղեկավարներին հրաժարական տալ՝ ճանապարհ բացելով հայկական երկու հանրապետություններում կենսական պահանջ դարձած փոփոխությունների և ճգնաժամային կառավարման համար:
Հաշվի առնելով Արցախի հանրապետության սահմանադրական կարգավորումները՝ մենք այն ժամանակ չպնդեցինք Արցախի նախագահի անհապաղ հրաժարականի պահանջի վրա և, ավելին, մեր պատրաստակամությունը հայտնեցինք քաղաքական խորհրդատվությունների միջոցով համախոհության միջավայր ձևավորելուն: Որոշ հույսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ճիշտ կընկալի ստեղծված կացությունը: Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակված ուղերձը պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրույթները: Սակայն, հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը շահագրգռված չէ պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ:
2020թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունից հետո, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխավորած կառավարությունը և խմբակային նեղ շահերից դրդված, խորհրդարանում մերթընդմերթ ստեղծվող ու քանդվող անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժեք բացատրություն և առաջարկ չեն ներկայացրել մեզ պատուհասած աղետի և դրանից դուրս գալու մշակված ծրագրերի մասին: Դրան հակառակ ԱՀ նախագահը և իր ձևավորած իշխանական ուռճացված թիմը հանրության համար անհասկանալի քարոզչական արշավ ծավալեց՝ աղետալի պատերազմում պարտության և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանությունների, բանակի, պահեստազորայինների ու կամավորականների, վերջին հաշվով՝ ժողովրդի վրա:
Այսօրվա Արցախի իշխանությունները ամեն ինչով ձգտում են նմանվել ՀՀ գործող իշխանություններին, որոնք մշտապես ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու իրենց անկարողությունն ու անընդունակությունը: Սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»՝ ահա այն միջավայրը, որը ստեղծվեց Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում:
Ելնելով այս իրողություններից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները թարմացնում են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ներկայացված Արցախի Նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ Հարությունյանին, սթափ գնահատելով իրավիճակը, հավատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամությանը եւ ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանդես գալ արտահերթ ընտրությունների գործընթաց սկսելու մասին հայտարարությամբ:
Միաժամանակ, հաշվի առնելով Արցախի բնակչության շրջանում գերիշխող հանրային տրամադրությունները՝ պահանջում ենք Արցախի գործող նախագահից և իշխանություններից զերծ մնալ ՀՀ-ում նախատեսված արտահերթ ընտրություններին որևէ կերպ գործող իշխանություններին աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից:
Ք.Ստեփանակերտ
20 մայիս, 2021թ.
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն
«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն
«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցություն