Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը ԵԽԽՎ զեկուցողին ծանոթացրել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին

Մայիս 20,2021 21:35

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, դրանցով պայմանավորված քրեաիրավական գործընթացներին վերաբերող հարցեր:

Գլխավոր դատախազը ԵԽԽՎ զեկուցողի գործունեությունը կարևորել է ռազմական ագրեսիայի իրական նախահարձակ կողմի մատնանշման, պատերազմի հումանիտար աղետալի հետևանքների ծավալների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի աղաղակող խախտումների վերաբերյալ միջազգային հանրության մոտ անաչառ պատկերացումներ ունենալու տեսանկյունից: Արթուր Դավթյանը լիարժեք պատրաստակամություն է հայտնել փաստահավաք գործընթացի շրջանակներում զեկուցողին տրամադրելու հայկական կողմի տրամադրության տակ գտնվող, քրեական վարույթներով ձեռք բերված և հաստատված անհրաժեշտ ապացույցները և տվյալները, բաց, անկաշկանդ համագործակցելու խնդրո առարկային վերաբերող ցանկացած հարցի շուրջ:

ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բացահայտման և քրեաիրավական գնահատականների արժանացման ուղղությամբ իրականացվող քննությունների հիմնական ուղղությունները: Նա հատուկ շեշտադրել է այն հանգամանքը, որ նմանատիպ հանցագործությունները շարունակվել ոչ միայն բուն ռազմական գործողությունների ընթացքում, այլ նաև 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Դրանք կապված են ինչպես հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարումների, դրանից հետո նրանց նկատմամբ կատարված խոշտանգումների, սպանությունների, այնպես էլ՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքները, կոթողները, հայերի գերեզմանները դիտավորյալ և պլանավորված կերպով պղծելու, վնասելու, ոչնչացնելու հետ: Դրանց վերաբերյալ ապացուցողական տվյալները կփոխանցվեն ԵԽԽՎ զեկուցողին:

Պարոն Գավանը նշել է, որ շահագրգիռ է պատերազմի և նրա հումանիտար հետևանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման հարցում: Նա ափսոսանք է հայտնել առայժմ Ադրբեջան այցելելու անհնարինության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ բացը կլրացվի:

Փաստահավաք առաքելության և դրա արդյունքների օբյեկտիվության տեսանկյունից  ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է զեկուցողի կողմից Ադրբեջան այցելելու, այնտեղ ապօրինաբար, միջազգային հումանիտար իրավունքի, հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ Ադրբեջանից հստակ տվյալներ ստանալու, այդ անձանց իրական վիճակին, պահման պայմաններին, նրանց իրավունքների խախտումներին ծանոթանալու կարևորությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ադրբեջանական կողմը, չնայած ՀՀ դատախազության կողմից ներկայացված ապացույցներին, շարունակում է թաքցնել իր տիրապետության տակ գտնվող կոնկրետ անձանց գտնվելու հանգամանքը, ավելին շինծու, ապօրինի քրեական  գործեր են հարուցվել նրանց նկատմամբ և այդ անձանց խնդիրը ծառայեցվում է այլ նպատակների:

Պարոն Պոլ Գավանը տեղեկացվել է նաև պատերազմի ընթացքում Թուրքիայի օժանդակությամբ դեպի Ադրբեջան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղափոխման, Արցախի բնակչության դեմ ահաբեկչական նպատակներով նրանց ներգրավման, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ  ռազմական ագրեսիան մասշտաբային ձևով նախապատրաստելու, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառության վերաբերյալ հայկական կողմի ունեցած ապացույցների և դրանք ևս անհրաժեշտության դեպքում տրամադրելու պատրաստակամության մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազության և ԵԽ երևանյան կառույցի միջև աշխատանքային կարգով անհրաժեշտ հաղորդակցության ապահովման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31