«Ամենակարևոր խնդիրն այն է, որ մեր հասարակությունը չի վստահում իշխանավորների խոսքերին: Նրանք բազմաթիվ առիթներով ապացուցել են, որ իրենց խոսքն ու գործը չեն համընկնում»,- ՀՀ կառավարության դիմաց ընդդեմ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթի անցկացվող շտապ հավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ԳՄ պատասխանատու Արա Զոհրաբյանը:
Այս պահին հավաքի մասնակիցները երթով ընթանում են դեպի ՀՀ ԱԺ, որտեղ ելույթ է ունենում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Արա Զոհրաբյանը մտահոգիչ համարեց այն, որ զուգահեռ գործընթացներ են ընթանում, ինչպես 2020 թվականի նոյեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց եռակողմ հայտարարությունը, որից հանրությունը տեղյակ չէր:
Նա ասաց՝ որ այն ժամանակ էլ մենք չկարողացանք ճիշտ արձագանքել իրավիճակին ու նշեց. «Հասարակության մի մասը արտահայտեց իր բողոքի ձայնը, իսկ մեծ մասն ուղղակի տներից դուրս չեկան: Մենք պատշաճ չարձագանքեցինք մեր կործանման հետ կապված այդ գործողությանը: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի մասին ավելի մեծ կարծիք ուներ: Նա երեք օր բունկերից դուրս չէր գալիս: Իշխանությունն, ինչպես ասում են, հրապարակում գցված էր: Բայց երբ տեսավ՝ ժողովուրդը չի կարողանում տեր լինել իր իշխանությանը, նորից վերադարձավ, վերցրեց այդ իշխանությունը: Հիմա ավելի համարձակ ու լկտի փորձում է այդ իշխանությունը բանեցնել»:
Արա Զոհրաբյանը փաստեց՝ եթե այն ժամանակ առաջացած խնդիրը Արցախի և Ադրբեջանի սահմանին էր, ապա այսօր այն արդեն վատ երազի նման տեղափոխվել է Ադրբեջանի և Հայաստանի սահման: Անդրադառնալով այն տեսանյութին որտեղ ադրբեջանցի և հայ զինվորների միջև միջադեպ է տեղի ունենում՝ Արա Զոհրաբյանն ասաց. «Այդ տեսանյութը վկայում է այն մասին, որ ադրբեջանցիները չեն սիրում հայերին, ինչքան էլ մեր իշխանավորները թշնամասիրական կենացներ են ասում, փորձում մեզ հարմարեցնել, սովորեցնել, որ թշնամու հետ խաղաղ է պետք ապրել: Տեսանք ադրբեջանցիների վերաբերմունքը մեր զինվորների նկատմամբ, տեսանք վիրավորանքները, որ ասում էին՝ երեսուն տարի դուք եք եղել, հիմա էլ մենք ենք: Տեսանք այդ վրեժխնդրությունը: Մեր իշխանությունն այսօր մեզ համոզում է, որ գնանք ու այդ թշնամիների դիմաց ծնկի գանք: Դա հնարավոր չէ: Մենք երեկ կրկին ականատես եղանք իշխանավորների ներկայացրած ստին»:
Կարդացեք նաև
Արա Զոհրաբյանի համոզմամբ՝ այս իրավիճակում ենք հայտնվել, քանի որ հեռացել ենք մեր հոգևոր, բարոյական արժեքներից. նյութականը դարձրել ենք առաջնային ու մանրամասնեց. «Այսօր մարդն իր անվտանգության փոխարեն մտածում է իր հացի մասին: Մենք Նարեկացի, Մեսրոպ Մաշտոց ենք տվել. մեր ազգը չի կարող մորթվելու պատրաստ, այսպես լուռ ընդունել՝ ինչ կատարվի»:
Արա Զոհրաբյանի մեկնաբանմամբ՝ պատերազմից խուսափելու համար իշխանությունը փորձում է խաղաղ ճանապարհ գտնել, բայց այդ ճանապարհը չի կարող ստրկության տանել մեզ: Նա նշեց՝ թույլ չենք տալու, մենք ազգ ենք, պիտի հիշենք՝ ով ենք եղել, ուր ենք գնալու: Այնուհետև բարձրաձայնեց իրենց պահանջների մասին. «Պետական բոլոր անձանցից պահանջում ենք առանց հանրային քննարկման և ժողովրդի համաձայնության չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև վեճերին, սահմաններին, կոմունիկացիաներին և այլն»:
Իսկ թե ինչու է մեր զինվորը վախենում, իսկ ադրբեջանցի զինվորն իրեն լկտի պահում, Արա Զոհրաբյանն այս կարծիքին է, «Դա նրանից է, որ փորձել են կոտրել մեր զինվորականի մարտական ոգին: Իսկ սահմանին կանգնած՝ նա վստահ չէ՝ իր մեջքի ետևում կանգնած գործընթացների վրա, որ իր իշխանությունն ամեն կերպ իրեն օժանդակելու է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մի քիչ առաջ տեսա, թե ինչպես Բաղրամյան պողոտան բացելու ժամանակ ոստիկանական կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ցույցի մասնակիցներին: Մի պայծառ աղջիկ կար, որ ոստիկաններին բացատրում և ամոթանք էր տալիս, որ իրենք էլ զգան թուրքերի ներխուժման վտանգը և կանգնեն ժողովրդի կողքին: Մի տականք գնդապետ հարձակվեց էդ հրաշք աղջկա վրա և հրահանգեց ենթականերին, որ նրան բերման ենթարկեն: Նիկոլը լոզունգ էր դարձրել, թե ոստիկանը մերն է, այո, ոստիկանը իրենն էր դեռևս 1018թ. և այդպիսի թատրոն էր պլանավորած, որ ոստիկանը իբր անցել էր ժողովրդի կողմը, բայց ոստիկանությունը Սերժի հրահանգն էր կատարում և իշխանությունը հանձնում էր Նիկոլին: Ոստիկանին կերակրում է ժողովուրդը, բայց ոստիկանը միշտ իրեն կերակրողի նկատմաբ ապերախտ է եղել: