Լրահոս
Օրվա լրահոսը

11 տարվա ազատազրկում՝ 1 տարեկան դստերն աղբարկղ նետելու, նրան սպանելու մեջ մեղադրվող մորը

Մայիս 20,2021 21:20

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտին է մոտենում իր մեկ տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Անի Մինասյանի դեմ հարուցված քրգործով դատավարությունը։

Երկու տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին կատարված այս դեպքը ցնցել էր գյումրեցիներին․ մայրը մեղադրվում է իր մեկ տարեկան երեխայի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապելու, նրա բերանին կիսաշրջազգեստ փաթաթելու ու մութն ընկնելուն պես՝ ժամը 22․00-24․00-ի սահմաններում նրան Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղի մեջ նետելու մեջ։

Երեխան, ըստ դատաբժշկական փորձաքննության, շնչահեղձ էր եղել ։ Նրան հայտնաբերել էր Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի աղբատար մեքենայի վարորդն ու բանվորները՝ Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող համաքաղաքային աղբանոցում։

Անին Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այն է սպանություն կատարելը։

Այսօր դատախազ Արտյոմ Ավետիսյանը դատարանից պահանջեց 11 տարվա ազատազրկման դատապարտել երիտասարդ կնոջը, քանի որ նա բացարձակապես չի զղջացել իր արարքի համար, իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ անօգնական, անպաշտպան երեխային զրկել է կյանքի իրավունքից։ Նրա մոտ, ըստ դատախազի, նույնիսկ մայրական բնազդը չի գործել, որևէ մեղմացուցիչ հանգամանք չկա մոր արարքում։

Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ընթացող այսօրվա դատական նիստը բավական երկար տևեց․ դատախազը ժամեր շարունակ մանրամասն ներկայացրեց գործով ձեռք բերված ապացույցներն ու վկաների տված ցուցմունքները։

Ի դեպ, Անի Մինասյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ։ Նա կասկածյալի կարգավիճակում ցուցմունք է տվել միայն նախաքննական մարմնին ու հայտնել, որ երեխային կյանքից զրկելու պատճառը եղել են սոցիալական խնդիրները, չի կողմնորոշվել ինչպես պահել նրան, երբ իր ոսկեղեն էր վաճառել տան վարձ տալու ու կարիքները հոգալու համար։

Դատախազ Արտյոմ Ավետիսյանը, սակայն ընթերցեց նրա նախկին ամուսնու՝ Արթուր Ալեքսանյանի ու նրա մոր ցուցմունքները։ Նրանք նշել էին՝ իրենց ընտանիքը երբևէ ֆինանսական խնդիրներ չի ունեցել, Գյումրու կենտրոնական շուկայում մրգի ու բանջարեղենի խանութ են ունեցել, ապրել են՝ ըստ պահանջի։ Անիի հետ երեք տարվա համատեղ կյանքի ընթացքում որևէ վիճաբանություն չի եղել, միայն երեխայի ծնվելուց հետո Անին երբեմն միայնակ, երբեմն էլ երեխայի հետ տանից կորել է։

Դատախազը ընթերցեց նաև Անի Մինասյանի նախաքննական ցուցմունքը։ Անին 2019 թվականին բաժանվել է ամուսնուց ու երեխայի հետ բնակվել Գյումրու Շիրակացի փողոցում վարձակալած բնակարաններից մեկում։ Նա նախաքննական մարմնին պատմել է, որ դեպքի օրն զբաղվել է երեխայի խնամքով, նրա հետ խաղացել, քնեցրել է։

Ըստ նախաքննական ցուցմունքի, օրվա ընթացքում տանից դուրս չի եկել։

Երեկոյան ժամը 22․00-ի սահմաններում վարձակալած տան ննջասենյակում պառկած է եղել ներքնակի վրա, երեխան էլ խաղալիքներով խաղացել է։ Այդ պահին զայրույթից, անկարողությունից, որ մյուս օրերի համար այլևս ապրելու գումար չունի, զգեստապահարանից հանել է տանտիրոջը պատկանող սև կանացի կիսաշրջազգեստը, հյուրասենյակից վերցրել կպչուն ժապավենը, գնացել է ննջասենյակ, կպչուն ժապավենով կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը։

Երեխան սկսել է լացել, մայրը կանացի սև շրջազգեստով փակել է նրա բերանը, կապել կոկորդի հատվածը ու վերցնելով նրան՝ դուրս է եկել բնակարանից։ Քայլել է դեպի աղբարկղերը, երեխայի դրել այն աղբարկղի մեջ, որը կիսով չափ լցված է եղել ու վերադարձել է տուն։ Տուն վերադառնալիս՝ ճանապարհին լսել է երեխայի լացի ձայնը, այդ ընթացքում իրեն որևէ մեկը չի տեսել։

Նա նախաքննական մարմին նաև հայտնել է, որ առավոտյան տանից դուրս գալիս՝ տեսել է, որ աղբամանն ամբողջությամբ լցված է։ Այնուհետ քայլել է դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ, մտել եկեղեցի, դուրս եկել ու շարունակել է մի քանի ժամ քայլել փողոցներով։ Նա այդ ընթացքում խոսել է իր եղբոր հետ, սակայն նրան դեպքի մասին ոչինչ չի ասել։

Նրան երեկոյան բերման են ենթարկել ոստիկանության բաժին՝ մանկահասակ երեխային սպանելու կասկածանքով։ Ոստիկանությունում նա ասել է, որ այդ քայլը կատարել է, քանի որ չի կարող պահել երեխային, սակայն նշել է՝ չի կարող մեկնաբանել, պատասխանել այն հարցին, թե ինչ նպատակով է կապել երեխայի ձեռքերն ու ոտքերը, հագուստով փակել բերանը։

«Անի Մինասյանը կատարվածի նկատմամբ զղջալու գեթ մեկ նշույլ չի ցուցաբերել, երեխան գտնվել է անպաշտպան, անօգնական, հանցավորից կախյալ վիճակում»,- ասաց դատախազը։

Արտյոմ Ավետիսյանը, նշելով, որ Անի Մինասյանի արարքը հիմնավորված է, ասաց՝ այն որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Տուժողի իրավահաջորդը, այսինքն՝ Անիի նախկին ամուսինը դատական նիստերի չի մասնակցում։ Նա դիմում էր ներկայացրել դատարանին, որ դուրս պիտի գա երկրից ու խնդրել էր դատական նիստերը շարունակել առանց իր մասնակցության։

Անի Մինասյանի փաստաբանի պաշտպանական ճառը կհնչի մայիսի 25-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31