Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի դավադրություն բացահայտեմ. նոյեմբերին ՀՀ-ում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի մասին ԱԳՆ-ն կրկին գաղափար չունի». Փաշինյան

Մայիս 20,2021 20:55

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի այդ միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ փաստաթուղթ կա ու ասել էր, որ ստորագրելու է այն, քանի որ բխում է ՀՀ շահերից:

ԱԺ նիստում Փաշինյանն անդրադարձավ այն խնդրին, որ անգամ փոխարտգործնախարարը տեղյակ չի քննարկված փաստաթղթից. «ԱԳՆ-ն տեղյակ չի: Այդ փաստաթղթերը ստացվել են արտաքին գործերի նախարարության խողովակներով, ես ո՞նց եմ դա ստանում, կարո՞ղ է մեկը բացատրի: Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեսպանությունն ուղարկում է նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ»:

Խոսելով ընդդիմության մասին՝ Փաշինյանն ասաց, որ իրենք չեն ուզում, որ ադրբեջանական զորքը դուրս գա ՀՀ տարածքից, տանել չեն կարողանում այն իրավիճակը, որը կառավարվում է. «Մեզ մի ժամանակ մեղադրում էին պատերազմը չենք կանխել, հիմա էլ մեղադրում են, որ պատերազմը թույլ չենք տվել: Այս բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմից ձեւակերպվող թեզեր կան, որ ես նախ մեր ընդդիմության ներկայացուցիչներից եմ լսում, հետո մի կես ժամ անց, 1-2 ժամ հետո ինձ ասում են՝ գիտեք ինչ, Ադրբեջանն այսպիսի դիրքորոշում ունի: Բայց դրա մասին առաջինը հայտարարել են մեր ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր կրծքով պաշտպանում են Սյունիքի մարզը իբր: Ես համոզված եմ, որ այս թուղթն էլ ընդդիմության ձեզ հայտնի մարդիկ ստացել եւ ստանում են ադրբեջանական կողմից: Ասում են՝ կա խնդիր դեմարկացիայի եւ դելիմիտացիայի: Դելիմիտացիան հետեւյալն է, կողմերը համաձայնում են, թե սահմանի նշումն ինչ քարտեզի հիման վրա են անում: Դեմարկացիան այն է, որ GPS-ով գնում են ճշտում են՝ դա այն կետն է, որը քարտեզով կա, թե չէ: Դա մեկ-երկու օրվա գործ չի»:

Նա ասաց, որ Սովետական Հայաստանից տարածքներ կան՝ շուրջ 70կմ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կան նաեւ ադրբեջանական տարածքներ՝ ՀՀ վերահսկողության տակ, այդ հարցերը քննարկման առարկա են:

Ըստ Փաշինյանի, երբ հարց են բարձրացնում անկլավների, պիտի ադրբեջանական թեզերի փոխարեն նախ ասեն՝ մենք Արծվաշենի հարցն ունենք:

Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ այս անգամ սլաքներն ուղղելով 1991-ի իշխանությանը. «Ես մի նորություն եմ ուզում ասել՝ 1991-ի դեկտեմբերին, երբ որ Ալմա Աթայում ընդունվեց հռչակագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Եթե այս առումով խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 1991-ի դեկտեմբերին: Եթե խնդիր կա, այդ խնդիրը ստեղծվել է 2010-ին այս դահլիճում, երբ որ արձանագրվել է, որ Շուռնուխից, Սեւ լճից այն կողմ Ադրբեջանի հանրապետությունն է, հիմա այս աղմուկն ինչի՞ մասին է, ինչ մեկը կարո՞ղ է բացատրի»:

Հետո նա մի «դավադրություն» բացահայտեց. «Դեռեւս 2020-ի նոյեմբերին ՀՀ-ում ստեղծվել է սահմանազատման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որի մասին ԱԳՆ-ն կրկին գաղափար չունի, որովհետեւ հանձնաժողովը ղեկավարում է արտաքին գործերի նախարարի տեղակալը, ԱԳՆ-ում այդ մասին ոչ մեկը տեղյակ չի, ուրիշ գերատեսչություններն էլ տեղյակ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31