Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հաստատում է. «Քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ասեմ՝ այո, դա միակ փաստաթուղթն է, որը 2 օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ»

Մայիս 20,2021 20:35

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել` հայտարարության նախագծով: Նպատակն այն է, որ հրապարակվի այդ միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ փաստաթուղթ կա ու ասել էր, որ ստորագրելու է այն, քանի որ բխում է ՀՀ շահերից:

Նիկոլ Փաշինյանը գնահատականներ տվեց կատարվածին. «Բոլորս գիտենք ինչ է տեղի ունեցել մայիսի 12-ին: Հիշեցնեմ՝ իմ գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն էր ՀՀ ինքնիշխան տարածքի Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում, որը մոտ 26 կմ է ու շղթայական ռեակցիայով ժամերի ընթացքում այդ ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք: Իհարկե, հետագայում կարող էին լինել այլ իրադարձություններ, բայց կարող էր տեղի ունենալ փաստ, որը շտկելը իր մեջ բարդություններ կներառեր: Իրադրությունը գնահատելով՝ մենք որոշել ենք գնալ իրադրությունը հսկողությունից բաց չթողնելու ու դիվանագիտական եղանակով հարցը կարգավորելու ճանապարհով»: Նա ասաց, որ կառավարության ջանքերն արդյունավետ են, միջազգային հանրությունն արձանագրում է  Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների ապօրինությունը ու նրանց՝ ինքնիշխան տարածքը լքելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հրապարակված փաստաթղթին՝ Փաշինյանը հաստատեց. «Ձեւակերպվել է առաջարկ, որ ձեւավորել հանձնաժողով եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով: Ես կոռեկտ չեմ համարել, որ կառավարությունը աշխատանքային փաստաթուղթը, որը դեռ քննարկումների փուլում է, հրապարակի, դա վատ ու անլուրջ վիճակի մեջ կդնի որեւէ կառավարության, բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ասեմ՝ այո, դա միակ փաստաթուղթն է, որը օրուկես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ: Այդ փաստաթղթի մեջ ամենակարեւոր դրույթն այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները լուծում են ոչ թե զորքերի փոխադարձ շարժերի միջոցով, այլ՝ միայն դիվանագիտական ճանապարհով: Սա նո՞ր գաղափար է: Ոչ, որովհետեւ ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից, ԱԱԽ նիստում: Ասել եմ՝ Ադրբեջանն ուզում է, որ սահմանների ճշտման գործընթացը տեղի ունենա երկկողմ ֆորմատով, բայց քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, մեր դիրքորոշումն է, որ այն տեղի ունենա եռակողմ ֆորմատով: Բայց մյուս կողմից կարեւոր է, որ մենք արձանագրել ենք՝ կամ այդ հանձնաժողովի ձեւավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կլքի մեր երկրի տարածքը, կլինի մեր սահմաններից անդին այն ստատուս քվոյի համաձայն, որը եղել է մայիսի 10-ին, կա՛մ կարձանագրվի մի ժամկետ, որ այդ զորքերի հետքաշման գործընթացը տեղի է ունենում: Սա է ըստ էության ամբողջ պատմությունը: Չկա եւ չի կարող լինել ոչ մի գաղտնի ավել հավելված: Այսինքն, այս մեկը հրապարակային էր, մի հատ էլ գաղտնի՞ կա: Սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է, այս փաստաթուղթը ձեռք բերողը այդ ո՞նց է որ այս հատվածը ձեռք է բերել, մյուս հատվածը ձեռք չի բերել»:

Այն քննադատություններին, որ ժողովրդի թիկունքում փաստաթուղթ են քննարկում՝ Փաշինյանն արձագանքեց. «Դա նույն է, թե ասեն՝ ժողովրդի հետեւում ՌԴ նախագահի հետ այդ ի՞նչ հեռախոսազրույց եք ունենում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել