Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան. «Ձմեռային մարզաձեւերում, իսկապես, հետ ենք մնում, իսկ լողավազանների վիճակը, իրոք, ծանր է»

Մայիս 20,2021 20:20

Aravot.am-ը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ սպորտը համակարգող փոխնախարար Կարեն Գիլոյանին խնդրեց անդրադառնալ ձմեռային մարզաձեւերի զարգացման հեռանկարներին եւ հանրապետության տարածքում լողավազանների կառուցման կամ եղածները նորոգելու ծրագրերին, եթե այդպիսիք կան:

«Այո, ձմեռային մարզաձեւերում հետ ենք մնում եւ այդ ուղղությամբ պետք է շատ աշխատանք կատարել: Հիմա արդեն հաստատել ենք դահուկավազքի պիլոտային ծրագիրը: Այս տարվա ձմռանը հանրապետության 24 հանրակրթական դպրոցներում, այդ թվում նաեւ Երեւանում, ֆիզկուլտուրա առարկայի փոխարեն կլինի դահուկավազք: Ֆեդերացիան իր միջոցներով դպրոցների աշակերտներին կտրամադրի դահուկներ, կտեղափոխի մրցավայր ու այնտեղ կանցկացնի մարզումներ, կսովորեցնի գոնե դահուկների վրա կանգնել: Այս պիլոտային ծրագիրն իրականացնելու համար մենք համագործակցել ենք մեր նախարարության հանրակրթության վարչության հետ:

Շրջայցերի ժամանակ, մասնավորապես, Վանաձորում, որտեղ կա լեռնադահուկային սպորտի եւ դահուկավազքի մարզադպրոց, որի շենքը կառուցել է մասնավոր բարերար, իսկ գույքով համալրելուն շատ աջակցել է ֆեդերացիան, փորձում ենք հասկանալ, թե մենք գույքի ինչ բաժին կարող ենք տրամադրել, ընդհուպ, մինչեւ որակը հաշվի առնելով: Ապարանում նույնպես մարզաձեւի մասին մտածող մասնավոր անձինք լեռնադահուկի համար ինչ-որ պայմաններ են ստեղծել եւ ուզում են զարգացնել: Այս ուղղությամբ համագործակցելու, մասնավորապես, հաստիքներ հատկացնելու, մասին նույնպես մտածում ենք:  Ծաղկաձորի քաղաքապետարանն էլ իր միջոցներով եւ մեր համաձայնությամբ նորոգման լայն աշխատանքներ է սկսում տեղի մարզադպրոցի տարածքում, եւ հուսանք, որ դա նույնպես կօգնի մարզաձեւի զարգացմանը:

Իսկ ինչ վերաբերում է լողավազաններին, ցավոք, դրանց վիճակը իսկապես շատ ծանր է: Բայց Վանաձորում մենք տեսանք շատ լավ գործող մարզադպրոց: Ջրավազանը հրաշալի վիճակում է, ջուրը՝ մաքուր, տրիբունաներով: Ամեն բան լավ է: Մի խնդիր կա: Ձմռանը երեք ամիս չեն աշխատում, որովհետեւ ջեռուցման համար ահռելի գումար պետք է վճարեն: Հիմա ծրագիր ենք մշակում, ուզում ենք փորձել հովանավորների աջակցությամբ արեւային էներգիայով ապահովելու միջոց ստեղծել, ինչը շուրջ տարի աշխատելու հնարավորություն կտա: Մեկ էլ տանիքի խնդիր կա: Այնտեղ  պետք է պաշտպանիչ շերտ կառուցել:

Լողավազանների այլ տարբերակներ էլ կան, բայց լողավազանն իսկապես թանկ հաճույք է: Պիտի հասկանանք, թե դրանք ինչպես կարելի է շահագործել, կամ նորերը կառուցել: Իսկ որ դրա անհրաժեշտությունը կա, ոչ ոք վիճել չի կարող», – պատասխանեց Կարեն Գիլոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31