«Նիկոլ Փաշինյանը ՀՀ գործող սահմանադրությամբ վարչապետի պաշտոնակատար չի համարվում, նա Սահմանադրության կոպիտ խախտումով է պահում իշխանությունը: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրել, այլ իրավունք չունի ոտք դնել կառավարության շենք»,- այսօր, «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած հանրահավաքում, լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը`պատասխանելով հարցին`իրավունք ունի՞ Նիկոլ Փաշինյանը նման փաստաթուղթ ստորագրել:
Սահմանադրագետի բնութագրմամբ` Սահմանադրության տեսակետից Նիկոլ Փաշինյանը ոչինչ է եւ չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար, ուստի նա զարմանում է պետական պատկան գերատեսչությունների ղեկավարների եւ աշխատակիցների վրա, որոնք շարունակում են պահել եւ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին:
Վարդան Այվազյանը հիշեցրեց ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածը․ «Նա իշխանությունը բռնազավթել է և շարունակում է որպես բռնակալ՝ իրականացնել իր ազգակործան քաղաքականությունը։ Ինձ համար նրա այդ մոտեցումը զարմանալի և անսպասելի չէ․ ինձ համար առավել զարմանալի է մեր ոստիկանության և մնացած իրավապահ մարմինների տգիտությունը ասեմ, թե դավաճան լինելը, որոնք շարունակում են ապահովել դավաճանի անվտանգությունը և շարունակում են ծառայել նրան: Սահմանադրության տեսակետից Նիկոլ Փաշինյանը ոչինչ է, նա չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նա կլիներ ԺՊ, եթե կառավարության հրաժարական լիներ և ոչ վարչապետի։ Եվ եթե անգամ այդպիսին էլ լիներ, բացարձակապես այդ իրավունքը չկա․ ՀՀ տարածքների փոփոխության հարցը հանրաքվեով լուծվող խնդիր է, իսկ գլոբալ մասշտաբի նմանատիպ միջազգային փաստաթղթերը պետք է անցնեն պարտադիր ՍԴ կողմից նախնական սահմանադրական վերահսկողության գործընթաց, որից հետո այդ փաստաթուղթը պետք է վավերացնի ԱԺ-ն։ Հակառակ պարագայում՝ ցանկացած փաստաթուղթ առոչինչ է, և ես չգիտեմ՝ ինչ կործանարար հետևանքներ կունենա այս քայլը, բայց նաև խորապես հավատացած եմ, որ նոր իշխանությունը իրավական բոլոր հիմքերն ու կառուցակարգերն ունի առոչինչ ճանաչելու իշխանությունը բռնազավթած անձի դավաճանական գործողությունները»,- ասաց Վարդան Այվազյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ