Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես առավոտվանից մի 100 զանգ, 200 նամակ եմ ստացել, որ մի բան արեք, հանձնեցին, երկիրը ծախում են, ասում են՝ արեք գործողություններ՝ խփեք, վառեք, տրաքցրեք». Մարուքյան

Մայիս 20,2021 19:55

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել:

Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ փաստաթուղթ կա ու ասել էր, որ ստորագրելու է այն, քանի որ բխում է ՀՀ շահերից:

Նիստի կանոնակարգով պատգամավորները չեն կարող վարչապետի պաշտոնակատարին հարցեր տալ, ուստի նրանք հարցերն ուղղում էին հիմնական զեկուցող Մարուքյանին:

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ որտե՞ղ են պաշտոնակատարները. «Քիչ առաջ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարեց, որ մեր երկրի արտաքին գերատեսչությունն ընդհանրապես տեղյակ չէ այս գործընթացներից, ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ինչ են ստորագրելու: Նույն բանը ասաց ՀՀ նախագահը: Ուզում եմ գնահատեք այս իրավիճակը եւ ասեք՝ վարչապետի պաշտոնակատարը ո՞ւմ հետ պիտի քննարկեր այս փաստաթուղթը: Վստահ եմ՝ խորհրդարանական մեծամասնությունն էլ տեղյակ չէ, ինչպես տեղյակ չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Միգուցե ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պիտի քննարկեր, կամ լողի ֆեդերացիայի: Չկա մեկը, որին մենք ադեկվատ հարցերն ուղղենք: Ի՞նչ ինստիտուտ է միանձնյա որոշումներ կայացնելու ու այդ որոշումները անընդհատ արդարացնելու ժողովրդի անունից 3 տարի: Ժողովուրդը որտե՞ղ է թույլ տվել ստորագրել նոյեմբերի 9-ի կամ այդ փաստաթուղթը»:

Մարուքյանը համաձայնեց՝ իրազեկված չեն, խոսք են տվել ժողովրդին, որ ժողովրդի թիկունքում չի բանակցվի ու ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կապված է ՀՀ շահերի հետ, հիմա հենց այդ հարցն են քննարկում. «Լավ օրից չի, որ մենք ունենք այս կասկածները: Կարելի էր ԱԱԽ նիստ հրավիրել, հրավիրվեին բոլոր խմբակցություններից, ՀՀ նախագահին ու ասվեր՝ այս մասը գաղտնի է, այս մասն էլ չի հրապարակվել»:

Թագուհի Թովմասյանը հարցրեց. «Կա՞ն հստակ հայկական կողմից դրված նախապայմաններ, որ զորքերը պիտի հետ քաշվեն, նոր որեւէ փաստաթուղթ ստորագրվի: Այն, որ եկել ու ներխուժել են Գեղարքունիքում եւ այլուր ՀՀ պետական սահմանից ներս, նրանք հետ կգնան ստորագրումից առաջ: Մասնագետներ կներառվե՞ն հանձնաժողովում, թե՞ ոչ, փաստաթղթից չի հասկացվում, որ հասկանանք՝ մեր ազգային շահը այնտեղ ո՞վ է ներկայացնում: Ինձ համար ամենակարեւորը՝ զորքերը դուրս գան իմ հայրենիքից, այնտեղից, որտեղ անցել է իմ մանկությունը»: Մարուքյանը դեմ էր, որ հայրենիքը այսպես փոքրացնում են ու իրենց ծննդավայրն են համարում: Նրա խոսքով՝ Ջաբրայիլը մեր հայրենիքն է, կորցրել ենք, ի՞նչ է նշանակում Սյունիքի խնդիր, Տավուշի խնդիր, դա ՀՀ անվտանգության խնդիրն է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ ինքը առաջին անգամ փաստաթուղթը տեսել է Միքայել Մինասյանի հրապարակմամբ եւ «Ժողովրդի» կայքում. «Երեկվանից հրապարակվում են մի շարք հրեշավոր սցենարներ՝ ինչ են պատրաստվում իշխանությունները հանձնել՝ սա, սա, սա…: Որպես ապացույց ու որպես հիմնավորող փաստ ներկայացվել է մի թուղթ՝ մի մասը ծածկած: Հիմա մի կողմ թողնենք՝ դրա հետ հավելված կա, չկա, կպարզաբանվի: Բայց այդ փաստաթուղթը հի՞մք է»:

Մարուքյանն  ասաց, որ ինքը պրոբլեմն այնտեղ է տեսնում, որ մարդիկ սկսում են հավատալ այս տեղեկատվությանը ու դա պետական ինստիտուտներին չվստահելու հետ է կապված. «Ես առավոտվանից մի 100 զանգ, 200 նամակ եմ ստացել, որ մի բան արեք, հանձնեցին, երկիրը ծախում են: Ասում են՝ արեք գործողություններ՝ խփեք, վառեք, տրաքցրեք: Հասկանո՞ւմ եք այս թրենդները որտեղից է, որովհետեւ իշխանությունը չի կարողանում իր ժողովրդի հետ կոմունիկացվի»: Թունյանը շնորհակալ էր Մարուքյանին՝ հույս հայտնելով, որ նիստը պարզություն կմտցնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31