«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ նիստ է հրավիրել:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ փաստաթուղթ կա ու ասել էր, որ ստորագրելու է այն, քանի որ բխում է ՀՀ շահերից: Էդմոն Մարուքյանը նիստում հարցադրում հնչեցրեց՝ ինչո՞ւ ենք մենք այդ փաստաթղթի մասին իմանում ոչ պաշտոնական աղբյուրներից: Եթե այն երկկողմ բանակցվում է, ինչո՞ւմ է խնդիրը, որ դա չի իրազեկվում գոնե խորհրդարանական ուժերին. «Փակ, բաց, կիսափակ, որեւէ ռեժիմով ինչո՞ւ չի քննարկվու: Երկու օր է այս տեղեկության սպրդման արդյունքում հայ ժողովուրդը ոչ քուն ունի, ոչ դադար, սրա պատասխանն ո՞վ է տալու: Հիմա մեր ժողովրդին պետք է տանք բացատրություններ»:
Մարուքյանը հորդորել էր վարչապետի պաշտոնակատարին որեւէ փաստաթուղթ չստորագրել, մինչեւ ընտրություններ կլինեն ու այն ուժը, որը կստանա մանդատ ժողովրդի կողմից, կորոշի՝ ստորագրի, թե ոչ:
Սերգեյ Բագրատյանը ողջունեց նախաձեռնությունը, բայց ասաց՝ ինչո՞ւ մնա փաստաթղթի ստորագրումը խորհրդարանական ընտրություններից հետո, կա՞ երաշխիք, որ այդ ուժը կունենա մեծամասնություն կամ կհասցնի արագ կոալիցիաներ կազմել ու վտանգել անվտանգությունը: Ըստ նրա, ավելի լավ է հիմա բոլորով կոնսենսուսով որոշեն:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց. «Դուք ասում եք՝ ճիշտ չի՞ թողնել այս հարցը ընտրություններից հետո, այսինքն, դուք դիտարկում եք մի տարբերակ, որ 30 օր՝ մի ամիս ադրբեջանական զորքը մնում է ՀՀ տարածքում: Եթե պարզվի, որ այս փաստաթուղթը նախագիծ է, առաջարկ է, այս հայտարարության նախագիծը, որը քննարկվում է ԱԺ-ում, սխալ չի՞ լինի: Տեսեք ինչ արեցին, դրեցին շրջանառության մեջ մի փաստաթուղթ, սեւ մասերով փակեցին տեքստը, ու ամբողջ ազգը սկսեց դա քննարկել, հետո պարզվեց՝ տեքստի մեջ մեծ հաշվով ներկայացվածը առնվազն չկա, հիմա արդեն շրջանառության մեջ է դրվում, որ դա կեսն էր, կարող է այնտեղ էլի ուրիշ բան կա: Այս շրջանը կարող է չավարտվել ուղղակի»:
Մարուքյանը պատասխանեց, որ ինչո՞ւ պիտի ադրբեջանական զորքը մի ամիս մնա. «ՀՀ վարչապետը հայտարարել է, որ չի հանդուրժվելու ադրբեջանական զորքն այստեղ՝ մեկ, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ երկու, դիմել է ՌԴ-ին՝ երեք, ՊՆ-ն էլ հայտարարել է, որ եթե ողջամիտ ժամկետում դուրս չգան՝ ուժ ենք կիրառելու: Հիմա դուք ասում եք՝ ուզում եք այդ զորքն այնտեղ մնա՞: Եթե այդ զորքի այնտեղ մնալը սրա հետ կապ ունի՝ հիմնավորեք: Ես չունեմ տեղեկություններ, որ զորքի դուրս գալը կապված է այս տեղեկության հետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ