Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, որի մանրամասները չի հրապարակի, քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է եւ դրա հրապարակելը կոռեկտ չէ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը մեկնաբանեց այսպես. «Իրապես, ես եւս շփոթված եմ: Մենք այսօր առերեսվել ենք մեր պետականության, մեր հայրենիքի կորստին: Եվ մեծագույն ողբերգություն է, որ մարդիկ զուգահեռ իրականությամբ իրենց առօրյա կյանքն են վարում, որ մի խումբ մարդիկ փորձում են Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները արդարացնել, որ մի խումբ մարդիկ դրանք քաջ գիտակցելով նրանց շահերին են ծառայում եւ շարունակում են համագործակցել: Նաեւ շատ ցավալի է, որ մի ողջամիտ հատված էլ այս մանիպուլյատիվ, ստախոս ուժի հետ պատրաստվում է ընտրությունների գնալ: Փորձում եմ չհուսահատվել, ինչ-որ կոչ անել, լիահույս եմ, որ մեր ընդդիմադիր առաջնորդները, փորձառու քաղաքական գործիչները, այնուամենայնիվ, կինքնակազմակերպվեն եւ ինչ-որ գործողությունների կգնան»:
Տիկին Մելոյանը ասաց, որ լիովին կիսում է այս թաքուն գործընթացի մանրամասները հրապարակած Միքայել Մինասյանի գնահատականները՝ ուղղված այդ անձին, որը մեր երկրում զավթել է իշխանությունը: «Նախ Նիկոլ Փաշինյանը դե յուրե իրավունք չունի որեւէ պայմանագիր կնքելու: Այս փաստաթուղթը հակասահմանադրական եւ հակահայկական փաստաթուղթ է: Եթե այս փաստաթղթին ծանոթ էլ չլինեինք, միայն այն, որ նա պնդում է, թե այն բխում է մեր շահերից, կարելի է փաստել, որ մեր շահերի հետ որեւէ առնչություն չունի: Որովհետեւ փաստերով առերեսվել ենք այնպիսի իրականության, երբ այս իշխող ուժը, միայն եթե խտացված հետպատերազմյան շրջանին անդրադառնանք, պարբերաբար բացառապես հակահայ գործողություններ է իրականացրել: Բոլոր կնքված պայմանագրերը իրենցից սահմանադրական կարգի տապալում են ենթադրել, որովհետեւ չեն անցել ներպետական վավերացման գործընթաց: Այս փաստաթղթի հետ եւս, ենթադրում եմ, որ նույնը տեղի կունենա»:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանի գնահատմամբ, թե նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը, թե դեկտեմբերի 18-ի պայմանագիրը եւ թե հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը քաղաքական-ռազմական բնույթի փաստաթղթեր են, իսկ մեր սահմանադրության համաձայն, քաղաքական եւ ռազմական բնույթի միջազգային փաստաթղթերը ենթակա են վավերացման: Այսինքն, պետք է սահմանադրական դատարանը սահմանադրության համապատասխանության վերաբերյալ տա եզրակացություն, այնուհետեւ Ազգային Ժողովը պետք է վավերացնի այդ փաստաթուղթը: «Հիմա ակներեւ է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական՝ չորրորդ անգամ տապալելու է մեր երկրում սահմանադրական կարգը եւ այս փաստաթուղթը, ինչպես ինքը հաստատեց, որ ստորագրելու է, չի անցնելու ներպետական վավերացման գործընթաց»,-ասաց Գոհար Մելոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ