«Նիկոլ Փաշինյան կոչված պաշտոնակատարն օր առաջ պետք է զրկվի իր լիազորություններից»,-«Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնություն շտապ հավաքին հայտարարեց մշակութաբան, հայագետ Արթուր Արմինը:
Նշենք, որ այս պահին ՀՀ կառավարության դիմաց իրականացվում է շտապ հավաք` ընդդեմ Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթղթի: Այստեղ են հարյուրավոր քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ:
Կազմակերպիչները հայտարարեցին՝ իրենք «ոչ ռոբական են, ոչ սերժական», այլ իրենց հավաքն ինքնաբուխ է: Արթուր Արմինը վրդովվեց. «Վարչապետի պաշտոնակատար կոչված անձը ձախողել է, քանի որ երկու անգամ հրաժարական է տվել, ԱԺ-ում չի ընտրվել, երկիրը ճգնաժամի մեջ է: Իրավունք չկա նման ձախողած արարածի վրա դնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի իրավասությունները: Պետք է դիմենք և այդ լիազորությունները ձեռքից վերցնենք: Դա պետք է արվի օր առաջ»:
Ըստ նրա՝ դա կարող է արվել ՀՀ նախագահի մեկ ստորագրությամբ և ՍԴ որոշմամբ:
Նա փաստեց՝ ՀՀ շահերը որոշում է հայ ժողովուրդը, պետական ինստիտուտները: Ընդհանրապես որևէ անձ իրավունք չունի հայ ժողովրդի անունից փաստաթուղթ ստորագրել:
Գիտնականը նաև մտահոգություն հայտնեց՝ այժմ ունենք ամենավատ Սահմանադրությունը, որը 2015-ին Սերժ Սարգսյանն անցկացրեց. «Սա Սերժիկի կոստյումն է, որը հարմարեցրել, հագել է Նիկոլը: Այսօրվա Հայաստանի ճգնաժամը պայմանավորված է նաև 2015-ի՝ այս Սահմանադրությամբ: Չկա վարչապետին հետ կանչելու մեխանիզմ: Լավ, ժողովուրդը սխալվել է. չի կարո՞ղ հետ կանչել»:
Հավաքի կազմակերպիչները, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածին, որով սահմանվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հայտարարեցին՝ յուրաքանչյուր հայտարարություն, փաստաթուղթ, որը ստորագրվել է կամայաբար, ոչ լեգիտիմ է»:
Նրանք վստահեցրին՝ միջանցքները հայ ազգի վերջն են և հավաստիացրին՝ հայ ազգի շահերից է բխում Իրանի հետ լավացնել դիվանագիտական հարաբերությունները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ