Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ ժամանակ գալու ենք». Ռուբինյանի արձագանքը՝ աղմկահարույց փաստաթուղթը ԱԺ բերելու մասին. արտահերթ նիստ ԱԺ-ում

Մայիս 20,2021 19:15

«Ժողովրդի թիկունքում հերթական փաստաթուղթն են նախապատրաստում»,- այսօր սա ասելով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ արտահերթ նիստ են հրավիրելու՝ փաստաթղթի բովանդակությունը քննարկելու համար: Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ փաստաթուղթ կա ու ասել էր, որ ստորագրելու է այն, քանի որ բխում է ՀՀ շահերից:

Աղմկահարույց փաստաթղթի հարցով ԱԺ արտահերթ նիստը կայացավ: Քվորում կար: Մարուքյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը, որով ասվում է, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար իրավունքների կոպիտ խախտմամբ մուտք են գործել Գեղարքունիքի եւ Սյունիքի տարածքներ ու մինչ այս պահը գտնվում են այնտեղ մի քանի հարյուր զինվորական: Ադրբեջանի եւ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների միջեւ ընդհարումները անկանխատեսելի հետեւանքներ կարող են ունենալ, կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար. «Լսելով կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարի ելույթը, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծի որեւէ ձեւով կանոնակարգմանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103 հոդվածի առաջին մասը, ՀՀ ԱԺ-ն հայտարարում է՝ ԱԺ-ն վավերացնում է այն միջազգային փաստաթղթերը, որոնք ի թիվս այլի վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներին, պարտականություններին, ունեն ռազմական, քաղաքական բնույթ: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»:

Մարուքյանն ասաց, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել այդ փաստաթուղթը: Նա կոչ արեց Փաշինյանին ձեռնպահ մնալ նման փաստաթուղթ ստորագրել, որը վերաբերում է ՀՀ ազգային շահերին:

Մարուքյանը նաեւ նշեց, որ հարցադրումներ կան՝ արդյոք տարածված փաստաթուղթը այն փաստաթուղթն է, որը վարչապետի պաշտոնակատարը պատրաստվում է ստորագրել, արդյոք հնարավոր չէ՞ր մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը չբանակցել ու չստորագրել որեւէ փաստաթուղթ. «Խարխլվել է ժողովրդի կողմից տրված մանդատը ու գնում ենք ընտրության, որ տեսնենք, թե որ ուժը պետք է ստանա այն մանդատը, որ բանակցի նմանատիպ փաստաթղթեր: Եթե իշխանությունը համաձայնել է գնալ ընտրության, ուրեմն իշխանությունն էլ է համաձայն, որ ինչ-որ բան այնպես չի ու պետք է գնալ, ստանալ նոր մանդատ: Ուզում ենք հասկանալ այն հանձնաժողովը, որը ստեղծվելու է ըստ փաստաթղթի, Արցախի սահմանի հետ կապված որեւէ հարց քննարկո՞ւմ է»:

Մարուքյանը, ի հեճուկս իշխանական որոշ պատգամավորների պնդումների, թե այդ փաստաթուղթը պայմանագիր չի, պարտադիր չի, որ խորհրդարանը վավերացնի՝ հղումներ արեց օրենսդրությանը ու հավաստիացրեց, որ ԱԺ-ն պետք է հաստատի այն միջազգային փաստաթղթերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ, իսկ այս փաստաթուղթը հստակ ունի քաղաքական բնույթ, նաեւ՝ ռազմական. «Մյուս հիմքը՝այն փաստաթղթերն են խորհրդարանի վավերացման ենթակա, որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ օրենքին հակասող նորմեր են պարունակում : Հիմա Հանձնաժողովը քննարկում է, որոշում է կայացնում ու ասում է՝ սա է սահմանը, չե՞ք գալու խորհրդարան՝ օրենքը փոխելու, Վարչատարածքային բաժանման մասին»:

Իր տեղից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղից արձագանքեց. «Այդ ժամանակ գալու ենք»: Այսինքն, իմքայլականները մտադիր են փաստաթուղթը բերել խորհրդարան այն ժամանակ, երբ արդեն այն եռակողմ կնքված կլինի ու միայն դրանից բխող հետեւանքները շտկելու համար խորհրդարանով անցկացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31