Եվրախորհրդարանում այսօր տեղի են ունեցել լսումներ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի անունից ելույթ է ունեցել ԵՄ հավասարության հարցերով հանձնակատար Հելենա Դալին:
«Եվրամիությունն ունի հստակ դիրքորոշում. մենք բազմիցս կոչ ենք արել կողմերին լիարժեք կատարել հրադադարի համաձայնագիրը: Մենք նաև նրանց կոչ ենք արել փոխանակել ռազմագերիներին և ազատ արձակել ձերբակալված անձանց, անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և հրադադարի համաձայնագրի»,- ասել է նա:
Հայտարարության մեջ նշվում է, որ հայ ձերբակալվածների ազատ արձակումը առանցքային քայլ է վստահության կառուցման գործում և կլինի կարևոր քաղաքական ժեստ: «Մենք ողջունում ենք հունվարի 29-ին 5 և մայիսի 4-ին 3 ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք պնդում ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածներն անհապաղ պետք է ազատ արձակվեն»,- ասվում է հայտարարության տեքստում:
Եվրամիությունը նաև ակնկալում է, որ երկու կողմերը պետք է գործակցեն ոչ միայն ձերբակալվածներին ազատ արձակելու, այլև այլ կարևոր մարդասիրական հարցերի շուրջ: ԵՄ-ում կարծում են, որ անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ և վճռական քայլեր ականապատ դաշտերի քարտեզները փոխանակելու շուրջ: Բացի այդ, լարվածությունից խուսափելու և հասարակություններին առաջ շարժվելու հնարավորություն տալու համար խիստ կարևոր է զերծ մնալ հանրային բորբոքող հռետորաբանությունից:
Կարդացեք նաև
«Եվրամիությունը կոչ է արել պատասխանատվություն ստանձնել միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտման համար: Խոշտանգումների, վատ վերաբերմունքի և մահապատիժների և վերջին ռազմական գործողությունների ժամանակ կատարված այլ պատերազմական հանցագործությունների մասին պնդումները պետք է մանրամասն քննության ենթարկվի: Եվրամիությունը պատրաստակամ է մնում նպաստելու միջազգային և անկախ արդարադատության մեխանիզմներին և աջակցել նման հանցագործությունների անկախ քննությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ բանակցությունների, համապարփակ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները: «Եվրամիությունը լիարժեք սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Եվ մենք պատրաստակամ ենք նպաստելու ամուր և համապարփակ խաղաղության ձևավորմանը, այդ թվում աջակցել կայունացման և վստահության ամրապնդման միջոցառումներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ