Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պետությունից ավելի քան 160 մլն ՀՀ դրամի հափշտակության դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Մայիս 20,2021 18:50

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018թթ-ի ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝  160.047.460 ՀՀ դրամ:

Մասնավորապես` Գագիկ Գրիգորյանը, 2013թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016թ. հունիսի 24-ից 2018թ. մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և խախտելով համապատասխան իրավական ակտերի պահանջները, բաժնի հաշվապահ Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ մշակել է իրեն վստահված` բաժնի արտաբյուջետային դրամական միջոցների յուրացման եղանակով հափշտակության սխեմա: Համաձայն մշակված սխեմայի` Լիլիկ Այդինյանը վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեղեկագրերում մի շարք աշխատակիցների անվամբ հաշվարկել է սահմանվածից ավել աշխատավարձ, ըստ այդմ՝ ապօրինի հավելյալ հաշվարկված եկամտային հարկերը չի վճարել ՀՀ պետական բյուջե:

Գագիկ Գրիգորյանի ցուցումով Լիլիկ Այդինյանը հիշյալ ժամանակահատվածում ամիսներ շարունակ մուտք է գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ և սահմանված եկամտային հարկը պետական բյուջե չվճարելու արդյունքում գոյացած գումարներն անհիմն փոխանցել է իր, Գագիկ Գրիգորյանի և վերջինիս հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին: Գագիկ Գրիգորյանի պահանջով Լիլիկ Այդինյանը և բաժնի աշխատակիցները յուրաքանչյուր փոխանցումից հետո կանխիկացրել և նրան են հանձնել իրենց քարտային հաշիվներին փոխանցված գումարները, ինչի արդյունքում Գագիկ Գրիգորյանը Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 117.013.352 ՀՀ դրամը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գագիկ Գրիգորյանը, 2015 թվականի օգոստոսի 31-ից ազատված լինելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնից, նշված ժամանակահատվածից մինչև 2016 թվականի հունիսի 24-ը նույն պահպանության բաժնի արտաբյուջետային դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության է եկել հաշվապահ Լիլիկ Այդինյանի հետ: Վերջինս, արդեն իսկ մշակված հանցավոր սխեմայով, օգտվելով այդ ընթացքում բաժնի նորանշանակ պետի` գանձապետական համակարգից օգտվելու պայմանների անտեղյակությունից, նրանից գաղտնի շարունակել է յուրաքանչյուր ամիս մուտք գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հիշյալ համակարգ և անհիմն հավելագրումներ կատարել իր, Գագիկ Գրիգորյանի և նրա հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին, որը նույն եղանակով կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից:

Արդյունքում` Գագիկ Գրիգորյանը, Լիլիկ Այդինյանի հետ խմբով` նախնական համաձայնությամբ, 2015թ. օգոստոսի 31-ից 2016թ. հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում պետությունից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 38.787.480 ՀՀ դրամ:

Բացի այդ, Լիլիկ Այդինյանը, կատարելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, 2017 թվականի մայիսի 19-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժանմունքի պետ Տիգրան Տոֆանյանի կողմից վերջինիս վստահված` նշված բաժանմունքի բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 4.246.628 ՀՀ դրամ գումարի յուրացմանը:

Վերը նշված արարքների կատարման համար Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Լիլիկ Այդինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տիգրան Տոֆանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պետությանը պատճառված 160.047.460 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 42.470.365 ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների գույքի վրա:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31