Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում 2020 թ. արձանագրվել է հանցագործությունների 1281 դեպք, նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 34,5%-ով

Մայիս 20,2021 18:29

Մայիսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը հրավիրել է հերթական նիստը:

Օրակարգում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին և Արցախի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումների մասին հարցերն էին:

«Սեպտեմբեր ամսից Պաշտպանի աշխատակազմը հիմնականում ընդգրկված է եղել պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքների մեջ, ուստի և որոշակիորեն դանդաղել են պաշտպանի հիմնական գործունեության ուղղությամբ աշխատանքները», – իր խոսքում ընդգծել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Այդուհանդերձ հաշվետու ժամանակաշրջանում Պաշտպանը իրականացրել է իր կարևորագույն գործառույթը՝ անհատական դիմումների ուսումնասիրությունը և քննարկումը: Պաշտպանի անձնակազմը ստացել է 377 դիմում 481 անձանցից՝ չհաշված պատերազմական գործողությունների ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները: 2019 թ.-ի համեմատ դիմումների թիվը աճել է 143-ով:

2020 թ. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է 2020թ. մարտի 31-ին և ապրիլի 14-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և արդյունքների ամփոփման ողջ գործընթացին: Սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել և 18 հաղորդում ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն: Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման այցեր է կատարել քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ, քննչական մեկուսարան և ռազմական ոստիկանություն:

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով «Շուշի» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին տեղափոխել են ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն, որի արդյունքներով հրապարակվել են Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ երկու միջանկյալ զեկույցներ, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ զեկույցը, Քաղաքացիական անձանց սպանության դեպքերի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ՝ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույցը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ արտահերթ զեկույցը և Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ ՝որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառների վերաբերյալ արտահերթ զեկույցը: Առանձնակի կարևորություն ունեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ հրապարակված էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ 6 փակ զեկույցները: Պաշտպանը ակտիվ քայլեր է նախաձեռնել նաև արտաքին փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: 200–ից ավելի նամակներ են հղվել միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին՝ ներկայացնելով պատերազմի հետևանքները և ստեղծված հումանիտար իրավիճակը:

Հաշվետու ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է ավելի քան 200 մամուլի հաղորդագրություններ: 2020 թվականի ընթացքում Պաշտպանը հրավիրել է ավելի քան 10 մամուլի ասուլիսներ:

Այնուհետև Պաշտպանը պատասխանել է պատգամավորներին հուզող հարցերին:

ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը մանրամասն ներկայացրել է ԱՀ դատախազության 2020 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներին և ԱՀ դատախազության Կանոնակարգի պահանջների համապատասխան՝ 2020 թվականին դատախազության կողմից աշխատանքներ են տարվել պետական շահերի պաշտպանության, կոռուպցիոն, սեփականության ու տնտեսական գործունեության, մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով քննության որակի բարձրացման և օրինականության պահպանման, ինչպես նաև դիմումների քննարկման, կազմակերպա-վերահսկողական, միջազգային համագործակցության, իրավական ապահովման և այլ ոլորտներում աշխատանքների բարելավման ուղղությամբ:

Դատախազության գործունեության կազմակերպման, ինչպես նաև քրեական գործերով դատավարական ղեկավարման ընթացքում առավել կարևորություն ներկայացող հարցերի շուրջ 2020 թվականին ԱՀ դատախազությունում անցկացվել է կոլեգիայի 4 նիստ և 16 օպերատիվ խորհրդակցություն:

«2020 թվականին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 1281 դեպք, որից բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների թիվը՝ 1261: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանցագործությունների թիվը աճել է 329 դեպքով կամ 34,5%-ով: Հանցավորության շարժընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի 2020 թվականին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 18(2019թ.՝10), ծանր հանցագործությունների 147(2019թ.՝ 56), միջին ծանրության հանցագործությունների 473(2019թ.՝ 279) և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 623 դեպք(2019թ.՝ 592)»,- իր զեկույցում ընդգծել է գլխավոր դատախազը:

2020 թվականին ԱՀ տարածքում արձանագրվել են ՝

• մարդու դեմ ուղղված հանցագործություններ- 353 դեպք/2019թ.՝344/

• հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ – 255դեպք /2019թ.՝211/

• սեփականության դեմ ուղղված հանցագործություններ – 488դեպք/2019թ.՝ 280/

• տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ – 15 դեպք/ 2019թ.՝13/

• շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ -23 դեպք/2019թ.՝14/

• պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ-119 դեպք/2019թ.՝75/:

2020 թվականին արձանագրված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է և կազմել 76,6%/2019թ.՝95,3%/

2020 թվականին 7 դեպքով նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը:

2020 թվականին պետական շահերի պաշտպանության բնագավառում ԱՀ դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել է 30 ստուգում,հայտնաբերվել 330 խախտում իրավախախտում և կամովին պետբյուջե վերականգնվել 1.760.600 դրամ:

2020 թ. ԱՀ դատախազություն է մուտքագրվել 444 դիմում- բողոք/2019թ.՝ 528/, այդ թվում 8-ը՝ կրկնակի: Ընթացքավորված դիմումներում բարձրացված հարցերի կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, կայացվել հիմնավոր և օրինական որոշումներ:

ԱՀ դատախազությունը որոշակի աշխատանք է կատարել իր գործունեության հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ԱՀ գլխավոր դատախազի հրամաններով 10 դատախազա- քննչական աշխատակիցներին շնորհվել է դասային աստիճան, զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի է նշանակվել 9, համապատասխան պաշտոնների տեղափոխվել 4 աշխատակիցներ:

Գլխավոր դատախազը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին;

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել