Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են երեխաների խոշտանգման ու բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով շահագործման փորձի դեպքեր։
Մասնավորապես, հիմնավորվել է, որ Երևանում բնակվող 30-ամյա կինը ոչ միայն պատշաճ չի իրականացրել իր երեխաների խնամքն ու դաստիարակությունը, այլև ծեծել է նրանց, նույնիսկ 2-ամյա դստեր դաստակները վառարանին հպելով՝ այրել է։
Մեկ այլ 53-ամյա կին էլ, որ Կոտայքի մարզի բնակիչ է և հինգ անգամ տարբեր մեղադրանքներով դատապարտված, դստերը ստիպել է մայրաքաղաքում մուրացկանությամբ զբաղվել։ Աղջնակը հրաժարվել է ու չնայած մոր կողմից փողոցում բռնության է ենթարկվել, կարողացել է ազատվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մորից ու փախել է։ Պարզվել է, որ 53-ամյա կինը երեխաների նկատմամբ բռնություն է գործադրել նաև տանը։
Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդ էլ, որը նախկինում դատապարտվել է, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող մի կնոջ որդուն է տարբեր պատճառներով պարբերաբար ծեծել ու պահել է վախի մթնոլորտում՝ պատճառելով նաև հոգեկան ուժեղ տառապանք։
Կարդացեք նաև
Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։ Տղամարդուն և հիշյալ կանանց մեղադրանք է առաջադրվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն անչափահասներին տեղափոխել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն