Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որեւէ փաստաթղթից տեղյակ չեմ, չեմ տեսել»․ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար

Մայիս 20,2021 18:44

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում այսօր հայտարարեց, որ փաստաթուղթ է ստորագրվելու։ Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական կողմից Ադրբեջանին մի շարք տարածքներ են հանձնվելու, այդ թվում՝ Տավուշի մարզից 5 գյուղ եւ Արարատի մարզից՝ Տիգրանաշենը»,–Սյունիքում լրագրողները հարցրին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Ադոնցին։

«Պետք է նշեմ, որ պատասխանս շատ անհետաքրքիր է լինելու Ձեզ համար, առավոտվանից ճանապարհին եմ, ես գաղափար չունեմ փաստաթղթից։ Ես չեմ տեսել այդ փաստաթուղթը, տեղյակ չեմ, չեմ տեսել։ Փաստաթղթից որեւէ տեղեկություն արտգործնախարարությունը չունի: Զարգացումները տեղի են ունենում շատ արագ եւ այնուամենայնիվ Ձեր հարցերի հասցեատերը կառավարությունն է»,–ասաց Ադոնցը։

Այն դիտարկմանը, թե  տեղեկություններ կան, որ արտգործնախարարը դեմ է փաստաթղթին, այսօր էլ նիստին ներկա չէր, Ադոնցն ասաց, որ արտգործնախարարը գտնվում է գործուղման մեջ եւ այլ պատասխան տալ չի կարող:

Սեւ լճի հատվածում բանակցությունները վերսկսվելո՞ւ են, թե՞ ձեւաչափի փոփոխություն է լինելու, Ադոնցն ասաց՝ բանակցությունները հիմնականում տեղի են ունենում ուժայինների միջեւ, բայց  արտգործնախարարությունը տեղյակ է, որ երեկ ադրբեջանական կողմը ներկա չի եղել բանակցություններին եւ որեւէ նոր տեղեկություն չունի:

Ադոնցի խոսքով,  այս իրավիճակը  ոտնձգություն է Հայաստանի սուվերենությանը եւ խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի  սուվերեն տարածքից, սա միանշանակ է: Նախապայմաններ էլ չեմ ասում, սա պարտադիր քայլ է, որպեսզի հետագայում շարունակվեն ինչ-ինչ հարցերի քննարկումներ,–ասաց արտգործնախարարի տեղակալի պաշտոնակատարը։ Վերջինիս խոսքով՝ ադրբեջանցիները պնդում են, որ այս տարածքները իրենցն են, ներկայացնում են ինչ–որ քարտեզներ։ «Դրանք քարտեզներ էլ չեն սկի, A4 ֆորմատի թղթի վրա տպված, նկարած բաներ են, որոնք ոչ հիմք կարող են հանդիսանալ, ոչ էլ կարող են քննարկման թեմա դառնալ»,–ասաց Ադոնցը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ու դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչները Սյունիքում էին՝ ծանոթանալու ստեղծված իրավիճակին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31