ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ասպիրանտուրայի ընդունելության 2021-2022 ուսումնական տարվա տեղերը: Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ:
Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում` պետական կրթաթոշակի ձևով` ուսման վճարի փոխհատուցմամբ:
Ասպիրանտուրայի վերոնշյալ տեղերից Արցախի Հանրապետության և պետական այլ գերատեսչությունների հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 3 հեռակա անվճար ուսուցման տեղեր:
Սահմանվել է, որ ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերի բաշխումը կկատարի ԿԳՄՍ նախարարությունը` հաշվի առնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: Առաջնահերթությունը կտրվի մասնագիտական քննությունից գերազանց՝ 18-20 միավոր ստացած դիմորդներին` ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշտության դեպքում պահպանելով ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման պահանջները:
Կարդացեք նաև
Ասպիրանտական տեղերի հաստատման համար հիմք է ընդունվել նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը:
Ըստ այդմ` այս ուսումնական տարվա համար պետական պատվերով ասպիրանտուրայի կրթական ծրագրով հատկացված տեղերի քանակը, նախորդ ուստարվա համեմատությամբ, մնացել է նույնը, փոփոխություն է կատարվել մասնագիտությունների բաշխման մեջ: Եթե 2020-2021 ուսումնական տարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի անվճար տեղերի 56.28%-ն էր տրամադրվել բնական և տեխնիկական գիտություններին, ապա 2021-2022 ուսումնական տարում բնական և տեխնիկական գիտություններին հատկացված տեղերի թիվը կազմում է ընդհանուր տեղերի 63.5%-ը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ