Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է առաջարկել Ռուսաստանն ու ինչ է արձագանքել դրան հայկական կողմը. Մակունցը ներկայացնում է իր տեղեկությունները

Մայիս 20,2021 16:04

«Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին». այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հաստատելով, որ կա փաստաթուղթ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը, որ Փաշինյանը պատրաստվում է 100%-ով ստորագրել՝ պատասխանեց. «Վարչապետն այլ շեշտադրումներով է խոսել 100 տոկոսանոց ՀՀ շահերից բխող որեւէ փաստաթղթից: Նա նշել է, որ եթե պայմանները բավարարվեն, ապա այդ պայմաններով իր նշած հարցը 100% կարող է բխել ՀՀ շահերից: Այսինքն, այստեղ կարեւոր է արձանագրել պայմանները, որոնց ընդունումը, իհարկե, պարտադիր է: Իմ տեղեկությունով, ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցեր: Իմ ունեցած տեղեկությամբ՝ հայկական կողմը արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ տարածքը»:

Հարցին՝ ներկայացվում է փաստաթղթի մասին, բայց չեն ներկայացվում դրա կետերը, ըստ էության, փաստաթուղթ է բանակցվել՝ առանց հանրությանը տեղյակ պահելու՝ Մակունցը պատասխանեց. «Ես առաջարկում եմ, որ հղումներ կատարենք ոչ թե կասկածելի աղբյուրներին, այլ այն աղբյուրներին, որոնք պաշտոնապես ներկայացվում են: Վարչապետն արձագանքել է, որ եթե կընդունվեն ՀՀ-ի կողմից առաջարկված պայմանները, միայն այդ դեպքում այն կարող է 100%-ով բխել ՀՀ շահերից: Մանրամասներին չեմ տիրապետում, ես հաղորդում եմ այն, ինչի մասին տեղյակ եմ»:

Հարցին՝ կարո՞ղ ենք ձեր խոսքից եզրակացնել, որ այդ փաստաթղթի բովանդակությունը վերաբերում է ընդամենը 1 կետի՝ հանձնաժողով ստեղծելու, որովհետեւ համացանցում հայտնված տեղեկության համաձայն, քննարկվում է գյուղեր տալու հարցը Տավուշի, Արարատի մարզից՝ Մակունցը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ չկան այդ հարցերը. «Դժվար չէ գուշակել, որ եթե մտածենք, որ այն, ինչ հրապարակվել է ու որին դուք հղում եք անում, լիներ, ապա որեւէ բան չէր խանգարում տվյալ անձանց ոչ թե փակել փաստաթղթի այդ հատվածը, եթե դա փաստաթուղթ է, այլ հրապարակել: Իմ տեղեկությունով՝ առաջարկը հնչել է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքներ սկսել՝ հանձնաժողովի ստեղծմամբ, ինչին արձագանքը ՀՀ-ի կողմից եղել է պարտադիր կերպով Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրս բերումը ՀՀ տարածքից»:

Լրագրողները հիշեցրին, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին էլ հանրությունն իմացավ Միքայել Մինասյանից, մինչդեռ կասկածելի աղբյուր է ասում՝ Մակունցը պատասխանեց. «Առանձին անձերի հետ կապված հարցերն ինձ տեղին չէ տալը»:

 Ընդդիմությունը արտահերթ նիստ է ուզում հրավիրել՝ կմասնակցի՞ իշխանությունը՝ հարցին ի պատասխան Մակունցն ասաց. «Երբ կներկայացնեն, ես պատճառ չեմ տեսնում ինչ-որ առարկություն անելու: Կներկայացնեն հիմնավորումները, կտեսնենք, դեռ չենք տեսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31