Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը ապրիլի 12-ից սկսած չի հանգուցալուծում. ադրբեջանցի զինվորները, որոնք մի քանի կիլոմետր առաջ են եկել եւ ներխուժել ՀՀ տարածք, չեն նահանջում, բանակցություններն արդյունք չեն տալիս։
Երեկ հերթական բանակցություններին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական կողմը չի մասնակցել։ Երեկ նաեւ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստն էր, եւ կրկին, երեկվա դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, ՀՀ-ի վերաբերյալ որեւէ որոշում չի ընդունվել։ ՀՀ Պն-ն երեկ հայտարարություն է տարածել. «Ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքից դուրս չգալու դեպքում խնդիրը կարող է լուծվել նաեւ ուժային տարբերակով»։
«Առավոտ»-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն ասում է՝ Ադրբեջանն օգտվում է առիթից, որ Հայաստանում փաստացի անիշխանություն է, փորձում է արցախյան պատերազմում հաղթանակն ամրագրել, նաեւ հայ-ադրբեջանական սահմանին հնարավորինս առաջ գալ, հետագայում, անհրաժեշտության դեպքում, ավելի նպաստավոր դիրքեր ունենալ հաջորդ պատերազմի համար. «Եւ սահմանային այս իրավիճակով ցանկանում է արագացնել, որպեսզի Հայաստանը հնարավոր բոլոր զիջումները հնարավորինս արագ անի եւ չհասցնի ուշքի գալ այդ պարտությունից։ Խոսքը Սյունիքի միջանցքի կամ ճանապարհի մասին է, սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի մասին է։ Ադրբեջանն այդպիսի ճնշումներով փորձում է հնարավորինս արագ եւ իր համար նպաստավոր պայմաններով ամրագրել համապատասխան միջպետական, միջազգային փաստաթղթերով, որովհետեւ մինչեւ այսօր մենք ունենք հայտարարություն, որը միջպետական պայմանագիր չէ»։
Երեկ կառավարությունում խորհրդակցության ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում եւ չի էլ քննարկելու։ Ընդ որում, ՀՀ իշխանությունները հայտարարում են՝ սահմանազատման գործընթացը սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից։ Հիշեցնենք, ՌԴ-ն առաջարկել է ՀՀ-ին Ադրբեջանի հետ իրականացնել սահմանազատում եւ սահմանագծում, իսկ ՌԴ-ն կարող է այս գործում միջնորդ լինել։
Կարդացեք նաև
Պարոն Բաղդասարյանն ի պատասխան ասում է՝ ես այսօրվա իշխանությունների որեւէ հայտարարության չեմ հավատում. «Եւ չեմ բացառում, որ հետագայում պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես սուտ էր ասում, ու իրականում նման պայմանավորվածություններ կան, սա բոլորովին չեմ բացառում։ Սահմանազատումն ու սահմանագծումը ես չգիտեմ, թե ինչպես են պայմանավորվել։ Բայց, Խորհրդային Ադրբեջանը մի քանի անկլավ ուներ, երկուսը՝ Տավուշում, մեկը՝ Տիգրանակերտը, նախկին Քյարքին, եւ Արծվաշենը, որը մեր տիրապետության տակ չէ։ Ես չգիտեմ՝ այդ տարածքները մտնո՞ւմ են սահմանազատման եւ սահմանագծման մեջ, թե՞ ոչ։ Չեմ բացառում, որ մտնում են, եւ այսօրվա իշխանությունը պարզապես ստում է»։
Ինչ վերաբերում է Սյունիքի միջանցքին, ապա պարոն Բաղդասարյանը նշում է՝ այո, Փաշինյանն ասում է՝ միջանցք չէ, ճանապարհ է, բայց ցավալին այն է, որ Ադրբեջանն այդ հարցով պայմանավորվում է ոչ թե մեզ հետ, այլ՝ Ռուսաստանի հետ՝ ձեւական պատճառաբանությամբ, իբրեւ թե այդպես ենք անում, որովհետեւ երկաթուղին պատկանում է Ռուսաստանին. «Հասկանալի է, բայց այն հողը, որի վրա գտնվում է եւ գործում է երկաթուղին, պատկանում է Հայաստանին։ Նույնը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, որովհետեւ ցավալիորեն, այդ սահմանը ճշգրտում են Ռուսաստանն ու Ադրբեջանը կամ ՀԱՊԿ-ն ու Ադրբեջանը, եւ Հայաստանին որեւէ մեկն ուշադրություն չի էլ դարձնում»։
Արդյոք ՀԱՊԿ-ն Հայաստանի համար հուսալի կառույց է. քաղաքական վերլուծաբանը գտնում է՝ ոչ, Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին, եւ տեսականորեն այնտեղ նույնպիսի իրավունքներ ունի, ինչպիսին ՌԴ-ն, բայց այլ հարց է, որ այդ կազմակերպության անդամ երկրներից շատերը, եթե ոչ բոլորը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններն շատ ավելի են կարեւորում, քան մեզ հետ. «Եւ եթե անգամ նրանք փորձեն ինչ-որ միջնորդական առաքելություն իրականացնել, ապա դա, վստահաբար մեր օգտին չի լինելու, ի վնաս մեզ է լինելու։ Բայց Հայաստանն այսօր այլընտրանքային անվտանգային կառույց չունի եւ մենք ստիպված ենք ապավինել այդ կազմակերպությանը, որի վրա հույս դնել չի կարելի։ Սա է իրավիճակի ողջ ծանրությունը, որովետեւ մենք ստիպված ենք գտնվել մի կառույցում, որտեղ մեզ շատ վատ են վերաբերվում, բայց որի այլընտրանքը չկա»։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի՝ իրավիճակի մասին արձագանքներին, եւ հատկապես Ֆրանսիայի, որը պատրաստակամություն է հայտնել, անհրաժեշտության դեպքում, ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին, ապա պարոն Բաղդասարյանը թերահավատորեն է մոտենում։ Նա վստահ չէ, որ Ֆրանսիայի կամ Արեւմուտքի աջակցությունը շատ գործնական է. «Կարծում եմ ՝ նրանց հիմնական նպատակն է Հայաստանին ցանկացած ձեւով պոկել Ռուսաստանի ազդեցությունից՝ վերջնարդյունքում ունենալով Հայաստանից դուրս բերված ռուսական ռազմաբազաններ եւ այլն։ Դա գին ունի, եւ այդ գինը մենք պետք է վճարենք, որովհետեւ արեւմուտքի ներկայությունն այստեղ, ուզենք, թե՝ չուզենք, Թուրքիան է։ Պարզ ասած՝ բրիտանական նավերը չեն բարձրանալու հայկական լեռները, ռուսական նավերը՝ նույնպես»։
Քաղաքական վերլուծաբանը մի թեթեւ հույս ունի, որ իրավիճակը կշտկվի արտահերթ ընտրություններից հետո, բայց եթե այս իշխանությունը վերարտադրվի, ապա Արմեն Բաղդասարյանը ելք չի տեսնում։
Ընդ որում, մինչեւ ընտրությունները դեռ մեկ ամիս կա, վերլուծաբանի կարծիքով՝ հենց դրա համար էլ Ադրբեջանը շտապում է. «Որովհետեւ Հայաստանն այսքան թույլ եւ անիշխան չի եղել»։
Փաստորեն մեր սահմանները կրկին Ռուսաստանն է զատելու. Արմեն Բաղդասարյանն ասում է՝ ՌԴ-ին այստեղ հետաքրքրում է իր ռազմական ներկայությունը, եւ ցավոք, երբ ՌԴ-ն այստեղ հաստատվում եւ ամրապնդում է իր դիրքերը, դա, որպես կանոն, լինում է հայկական շահերի հաշվին. «Կոնկրետ այս հարցով Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, մեզ չի տալու այն, ինչ մենք ակնկալում ենք։ Այլ հարց է, որ շահերի համընկնում ինչ-որ կետերում կարող էր լինել, բայց դրա համար էլ ՌԴ-ի համար ՀՀ-ում պետք են, եթե ոչ հուսալի, գոնե կանխատեսելի գործընկերներ, վստահելի եւ կանխատեսելի իշխանություններ, ինչը չկա։ Դրա համար էլ ՀՀ իշխանություններին որեւէ մեկը, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արեւմուտքը լուրջ չի ընդունում»։
Արմեն Բաղդասարյանը չի բացառում, որ շփման գծում ռազմական բախումներ լինեն. «Եթե հաշվի առնենք ԱՄՆ եւ Լեհաստանի դեսպանատների հայտարարությունները՝ Սյունիքի եւ Տավուշի մարզեր չայցելել, 44-օրյա պատերազմի նախորդ օրն էլ ճիշտ այդպիսի կոչ արեցին իրենց քաղաքացիներին, էսկալացայի հավանականությունը բավականին մեծ է, եւ հիմա պետք է ավելի զգոն լինենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.05.2021