Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք մոռանում կատարվածը, բայց մեզ նաեւ մի քիչ հումոր է պետք». Արմեն Մարգարյան

Մայիս 20,2021 15:20

Արմեն Մարգարյանը Քեն Լյուդվիգի Leading Ladies պիեսի հիման վրա ներկայացում է բեմադրել` որպես Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հրավիրյալ ռեժիսոր: Ներկայացումը կոչվում է « 2+2 », այն 1 ժամ 40 րոպե տևողությամբ իրավիճակային կատակերգություն է։

Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասում է, որ այս կատակերգությունը դիտելով՝ կարելի է կտրվել ծանր հոգսերից, նորոգվել ու կյանքին նայել այլ հայացքով։

Նա տեղեկացրեց, որ հագուստի ձեւավորումը եւ բեմանկարչությունն իրականացրել է Ինգա Մանգասարյանը, պարերը եւ բեմական շարժումը Լուսինե Հակոբյանինն են, բեմադրության եւ երաժշտական ձևավորման հեղինակը Արմեն Մարգարյանն է: Բեմադրության մեջ ներգրաված են Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները:

«Փորձերը սկսել էինք դեռեւս փետրվար ամսին, որոշակի խնդիրներ էին առաջացել կորոնավիրուսի համավարակի հետ կապված, այժմ քայլ առ քայլ, փուլ առ փուլ հասել ենք առաջնախաղին, որը կկայանա մայիսի 25-ին»,-ասաց բեմադրիչը:

Թե ինչու հենց Քեն Լյուդվիգի այդ գործն ընտրվեց, Արմեն Մարգարյանը պատասխանեց, որ այն իրեն բավականին դուր է եկել. «Կան պիեսներ, որոնք ես համարում եմ որակյալ դրամատուրգիա, այս գործը եւս այդպիսին է: Ես ուրիշ գործ էի ուզում բեմադրել, բայց պատերազմից հետո հասկացա, որ մեզ պետք է մի փոքր հումոր, ու այդպես առաջացավ գաղափարը` ընտրել նման մի ստեղծագործություն եւ աշխատել դրա վրա:

Իհարկե, մենք երբեք չենք կարող մոռանալ մեզ հետ կատարվածը, մեր ազգային առանձնահատկությունն է ոչինչ չմոռանալը, բայց ինչպես ինքս, այնպես էլ շատ-շատերը ունեն մի փոքր ուրախության ու հումորի կարիք»:

Բեմադրիչն ասաց, որ այլ ծրագրեր ու առաջարկներ տարբեր թատրոններից նույնպես կան, որոնք առայժմ քննարկման փուլում են, դրա համար նպատակահարմար չգտավ «փակագծեր» բացել:

Հարցրինք, թե ինչ ակնկալիքներ ունի Արտաշատի հանդիսատեսից: Արմեն Մարգարյանն ասաց, որ վերջին օրերին առավոտից երեկո աշխատում են, որպեսզի վերացնեն անգամ աննշան թերությունները, որպեսզի պատշաճ կերպով ներկայանան հանդիսատեսին. «Մինչեւ պատերազմը գուցե թե այսքան մեծ պատասխանատվությամբ չէի վերաբերվի գործին, հիմա հավատացնում եմ, որ այդ պատասխանատվությունը քառապատկվել է: Այս շրջանում, որ բեմադրություն էի անում, նայում էի թատրոնի խաղացանկը, ուզում էի հասկանալ, թե ինչ հանդիսատես է գալիս թատրոն, ինչ է ուզում տեսնել, ինչ ակնկալիքներ ունի:

Արտաշատի հանդիսատեսը լավ հանդիսատես է: Առաջին անգամ հայ թատրոն որպես այդպիսին հենց Արտաշատում է եղել, եւ իրենք մինչեւ հիմա այդ մշակույթը պահել են: Հիմնականում նրբանկատ հանդիսատես է, եթե հանկարծ անճաշակություն մատուցես, կարող է ակնհայտ ցույց չտալ, բայց երկրորդ անգամ թատրոն գալուց առաջ հաստատ կմտածի»:

Բեմադրիչն ընդգծեց, որ հստակ թիրախային խումբ ունեն, այդ խումբը, նրա ձեւակերպմամբ, 16-ից մինչեւ 116 տարեկանն է. «Բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են հաճելի ժամանակ անցկացնել, ծանր օրվա 1,5 ժամը լիցքաթափվել, ուրեմն հրավիրում եմ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն` « 2+2 » ներկայացումը դիտելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Մարգարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31