Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթղթին ծանոթ չեմ, պետք է ծանոթանամ… ՀՀ տարածքներին վերաբերվող որեւէ խնդիր չի կարող լինել, չկա». Անդրանիկ Քոչարյան

Մայիս 20,2021 13:55

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում չհերքեց, որ փաստաթուղթ կա, ավելին՝ ասաց, որ դա մեր շահերից է բխում ու ստորագրելու է:

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում դռնփակ նիստ արեց, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ փաստաթղթին ինքը ծանոթ չի, պետք է ծանոթանա. «Դրա համար ինձ ժամանակ է պետք»:

Լրագրողների զարմանքին՝ այսինքն, պաշտպանության հանձնաժողովի՞ն էլ չի տրամադրվել այդ փաստաթուղթը, դա նորմա՞լ է, որ վարչապետը կառավարության նիստում հայտարարում է, որ Հայաստանի շահերից է բխում 100%-ով, ստորագրելու է, եւ ամենակարեւոր հանձնաժողովի նախագահն ասում է, որ ինքը տեղյակ չէ՝ Քոչարյանն արձագանքեց. «Այս պահին տեղյակ չի, հաջորդ պահին տեղյակ կլինեմ»:

Նա ասաց, որ վարչապետը խոսել է առաջարկի մասին, դա փաստաթուղթ չէ. «Ընթացքում դուք կունենաք նման տեղեկատվություն, բնականաբար , կլինեն նաեւ աշխատանքային քննարկումներ»:

Դիտարկմանը, որ դուք չեք ծանոթացել, բայց վարչապետն ասում է՝ ստորագրելու եմ՝ Անդրանիկ Քոչարյանի արձագանքը հետեւյալն էր. «Վարչապե՞տն է ասել: Պետք է ծանոթանամ նաեւ վարչապետի ասածներին: Մենք այստեղ խմբակցության նիստում քննարկում էինք բազմաթիվ հարցեր: Քննարկել ենք, որ կառավարության նիստում այդպիսի տեսակետներ են հնչեցվել, բնականաբար, պատգամավորներն էլ պետք է ծանոթանան այդպիսի տեսակետների հետ»:

Նա ասաց, որ երբ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը կներկայացնի ընդդիմությունը, խորհրդի նիստում կորոշեն: Ինքը մասնակցելու է՝ որպես խորհրդի անդամ:

Հարցին՝ Փաշինյանն ասում էր, որ գաղտնի բանակցություններ չեն վարի, ինչո՞ւ է այս փաստաթուղթը գաղտնի քննարկվել՝ Քոչարյանը պատասխանեց. «Դա ձեր մեկնաբանությունն է: Գաղտնիությունը եթե կար, ապա վարչապետը չէր հնչեցնի այդ գաղտնիության մասին տեղեկատվությունը»:

Հարցին՝ այդ փաստաթուղթը ձեր կարծիքով չպե՞տք է ԱԺ-ում քննարկվի՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ըստ Սահմանադրության, Հայաստանի տարածքներին վերաբերվող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի, իսկ ՀՀ տարածքներին վերաբերվող որեւէ խնդիր չի կարող լինել, չկա»:

Դիտարկմանը՝ Միքայել Մինասյանը տեղեկացրեց հանրությանը փաստաթղթի մասին՝ Քոչարյանը արձագանքեց. «Միքայել Մինասյանը շատ տեղեկացված ընկեր է, բայց չգիտես ինչու՝ տեղեկացվածությունը վերաբերում է այն կետերին, որտեղ իր համար հնչեցնելը շահեկան է: Եթե այդքան տեղեկացված է, չգիտես ինչի այլ մասը ծածկում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31