Այսօր լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ արտահերթ նիստ են հրավիրելու՝ ՀՀ սահմաններին առնչվող նախապատրաստված փաստաթղթի բովանդակությունը քննարկելու համար: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում չհերքեց, որ փաստաթուղթ կա, ավելին՝ ասաց, որ դա մեր շահերից է բխում ու ստորագրելու է:
Մեր դիտարկմանը՝ ԱԺ-ում մեծամասնությունը իրենք են, կբերեն ԱԺ, կդակեն, կանցկացնեն, դրա իմաստը ո՞րն է՝ Մարուքյանը պատասխանեց. «Ժողովրդի ճնշում կարող է լինել եւ այդ փաստաթուղթը կարող է չվավերացվել: Միանշանակ մի ասեք, որ եթե մեծամասնություն են, կարող են վավերացնել: Օրինակ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչի՞ չբերեցին վավերացնեին, որովհետեւ գիտեին՝ որ բերեին, չէին կարողանալու վավերացնեին: Դրա համար հիմա շրջանցել խորհրդարանին այլեւս չի ստացվելու: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Արցախին էր վերաբերվում, հիմա այս փաստաթուղթը Հայաստանի սուվերեն տարածքների, սահմանների մասին է լինելու, որքանով ես հասկանում եմ ըստ տարածվող տեղեկությունների»:
Մարուքյանն ասաց, որ ինքը տեղեկություններ չունի վերջին իրադարձությունների մասին, վերջին ԱԱԽ նիստերին չի հրավիրվել որեւէ ընդդիմադիր, ուստի տեղյակ չեն՝ ինչ են քննարկում, որ տարածքների մասին են քննարկում: Մեր զարմանքին՝ խորհրդարանական ընդդիմություն եք, ասում եք՝ տեղեկություն չունենք, ո՞նց եք հաշտվում այդ իրավիճակի հետ, գնացեք դռները ջարդեք, ասեք՝ մեզ տեղեկություններ տվեք՝ Մարուքյանը պատասխանեց. «Կներեք, բայց հիմա որ արտահերթ նիստ ենք հրավիրում…մեր ունեցած լիազորությունների շրջանակներն այն է, ինչ ես ասում եմ: Այո, կարող ենք մի 10 լ բենզին վերցնենք, գնանք մի հատ շենք այրենք, եթե դա օգուտ կտա՝ եկեք անենք: Յուրաքանչյուր ուժ ունի իր լիազորությունը: Բա այն, որ 73% գնում էիք՝ Նիկոլ էիք ընտրում, ի՞նչ էիք սպասում, չէիք սպասո՞ւմ, որ այսպես է լինելու: Բա այդպես է լինում, երբ որ ունենում եք իշխանություն, որը 73 տոկոս համապետական ընտրություններին է ձայն հավաքում, 84% ՝ Երեւանի ընտրություններին, հետո այս ձեւ է լինում, որովհետեւ չի լինում հակակշիռ: Դուք եք ընտրել»:
Արձագանքեցինք, որ ընդդիմությունը երբ որ իր տեղում լինի, իշխանությունն ինչ ուզենա՝ չի անի: Մարուքյանը պատասխանեց. «Ընդդիմությունը ինչ ուզենա՝ չի կարող անել, եթե ժողովուրդը իշխանությանը չտա այդքան լիազորություն: Երկրորդը՝ այս ունեցած Սահմանադրությամբ, որը ժառանգել է հեղափոխական իշխանությունը եւ չի փոխում մինչեւ այսօր, այն լիազորություններն են այսօր, որոնք կան: Այս Սահմանադրության հայրերն այսօր ամենաբարձր գոռացողներն են: Այս ապականված համակարգը, որ իրենք դրել են եւ Նիկոլին էլ դրել են այդ համակարգի վրա, այդ մարդիկ են հիմա ամենաբարձր գոռացողները, որ վա՜յ, լիազորություններ չկան: Դուք եք գրել, որ լիազորություն չլինի: Հիմա լիազորություն ունենք արտահերթ նիստ հրավիրել՝ հրավիրում ենք, ուրիշ լիազորություն եթե ունենք ու չենք օգտագործում՝ ասեք»:
Կարդացեք նաև
Երբ ասացինք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ունեիք, իրար զանգում էիք, սուրճ խմելու էիք հրավիրում, բա մի հատ չե՞ք զանգում հարցնեք՝ ի՞նչ փաստաթուղթ է պատրաստվում՝ Մարուքյանն արձագանքեց. «Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը թերթի խմբագիր էր, ձեր հետ էլ էր սուրճ խմում: Երբ Փաշինյանը լրագրող էր, իրար հետ դուք էքսկուրսիայի էիք գնում: Մեր հարաբերությունները վաղուց են կտրված, այն օրից սկսած, երբ որ մենք չենք մասնակցել հեղափոխությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ