Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացնում եք՝ նախընտրական փուլում գտնվող իշխանությունը պետականության համար վճռորոշ փաստաթուղթ է քննարկում մեր թշնամու հետ, ու մենք չգիտենք՝ դա ինչ է». Արմեն Գևորգյան

Մայիս 20,2021 13:38

«Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են և պատրաստվում են ստորագրման, լեգիտիմ չեն»,-դուրս գալով ՀՔԾ-ից` լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում հրապարակեց նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները:

Այդ փաստաթղթերի առնչությամբ Արմեն Գևորգյանը նշեց. «Դրանք մեր լեգիտիմ իրավական դաշտում գոյություն չունեցող փաստաթղթերի տեսակներ են: Մենք չենք կարող պետական սահմանները որոշել ինչ-որ հայտարարություններով: Պիտի լինեն միջպետական պայմանագրեր: Բոլորը՝ և՛ քաղաքական ուժերը, և՛ իշխանությունները պետք է դա հասկանան: Եթե այնտեղ կան նախապայմաններ, պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ով, ում, ինչ պայման է դրել, ես տեղյակ չեմ: Տեսել ենք փաստաթղթի մի հատվածը, որն արդեն անհանգստացնող է»:

Հիշեցմանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրելու է այդ փաստաթուղթը, քանի որ դա բխում է ՀՀ պետական շահից, Արմեն Գևորգյանն արձագանքեց. «Պատկերացնում եք՝ նախընտրական փուլում գտնվող իշխանությունը պետականության համար վճռորոշ փաստաթուղթ է քննարկում մեր թշնամու հետ, ու մենք չգիտենք՝ դա ինչ փաստաթուղթ է: Զավեշտ է: Նիկոլ Փաշինյան և պետական շահ անհամատեղելի հասկացություններ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել