Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել». Մարուքյանը արտահերթ նիստ է հրավիրում՝ փաստաթղթի բովանդակությունը քննարկելու

Մայիս 20,2021 13:25

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ փաստաթուղթ կա, ավելին՝ ասաց, որ դա մեր շահերից է բխում ու ստորագրելու է: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ հայտարարության տեքստ են պատրաստում, որ արտահերթ նիստ հրավիրեն՝ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալու համար. «ՀՀ Սահմանադրության եւ միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն, քաղաքական, ռազմական, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող որեւէ փաստաթուղթ պետք է վավերացվի ՀՀ խորհրդարանում: Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ խորհրդարանի պատգամավորները, ո՛չ էլ կառավարության անդամներից մեծ մասը: Կրկին առանց ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, նրանց իրազեկելու՝ հերթական պրոցեսն է ընթանում: Սրա հետ կապված մենք նախաձեռնում ենք այսօր արտահերթ նիստ: Քիչ առաջ խոսեցի ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ»:

Մարուքյանն ասաց, որ քաղաքական բնույթի փաստաթուղթ, ռազմական ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ սահմաններին, չի կարող ԱԺ չմտնել, հետո՝ ՍԴ, դա բացառվում է. «Ես սպասում էի, որ վարչապետը կառավարության նիստին մանրամասն կներկայացնի, չներկայացրեց: Նա ասաց, որ դա 100%-ով բխում է ՀՀ ժողովրդի շահերից: ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեր համար, վարչապետի համար եւ այլ ուժերի համար: Հետևաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է առնվազն ներկայացվի ԱԺ-ի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա բխո՞ւմ է հայ ժողովրդի շահերից, թե՞ չի բխում»:

Մարուքյանի համար զարմանալի է՝ եթե այդ փաստաթղթով լավ բան է արվում, ո՞նց կարող թաքցվի, այն պետք է օր առաջ հրապարակայնացվի. «Ժողովուրդը կորոշի՝ դա լավ բան է, թե՞ վատ բան ու որն է դրա հետեւանքը: Երկիրը հիմա շատ լարված վիճակում է, ամբողջ գիշեր լարված ենք բոլորս: Երկրի ղեկավարը ընդունում է , որ երկրի տարածքում 600 ադրբեջանցիներ կան, նրանք դուրս չեն գալիս: Մեր ունեցած լիազորությունների համատեքստում ինչ հնարավոր է՝ արվել է, արվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31