Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրանքը մակուլատուրա եմ համարում». Արմեն Գևորգյան

Մայիս 20,2021 12:46

«Երկու օր առաջ ծանուցագիր եմ ստացել ներկայանալու ՀՔԾ: Այսօր առավոտ ժամը իննից եկել ենք»,- քիչ առաջ դուրս գալով ՀՔԾ-ից՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը:

Նա նշեց, որ մեղադրանքին չի ծանոթացել, չի էլ ծանոթանալու, քանի որ այն «մակուլատուրա» է համարում:

Արմեն Գեւորգյանն ասաց՝ ցավում է, որ նման իրավիճակում, երբ սահմաններին բոլորս ենք տեսնում, թե ինչ է կատարվում, երբ երկիրն այս վիճակում է, նման գործերով են զբաղված, իր բնութագրմամբ՝ «այսպես կոչված իշխանությունները». «Այն կադրերը, որ նայել եմ, թե ոնց են վարվում մեր զինվորականների հետ, գիշերը չեմ կարողացել քնել: Այս իրավիճակում ՀՔԾ-ն փոխանակ այդ փաստերով զբաղվի, զբաղված է մահացած անհասկանալի մարդկանց գույքերն ինձ վերագրելով»:

Արմեն Գևորգյանը հայտնեց՝ դեռևս անցյալ տարի՝ ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ են նկարագրվում և վերջում ասվում է՝ Արմեն Գևորգյանն առնչություն ունի դրանց հետ, որ իր բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են իրեն, և ինքը դրանք լվացել է: Այնուհետև շարունակեց. «Այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել: Քննությունը հասկացրել է, որ դա աբսուրդի ժանրից է եղել: Այդ գույքերի վրա կալանք են դրել: Մենք դիմել ենք դատական ատյաններին: Բոլոր դատական ատյաններում քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել»:

Ըստ Արմեն Գևորգյանի՝ մարդ պիտի տարրական քթի ծակ ունենա, որ հասկանա՝ երբ, քաղաքական ինչ պայմաններում և ինչ վիճակում, ինչ որոշում է կայացնելու. «Պատկերացնում եք՝ սահմաններում տիրող իրավիճակում մարդիկ որոշել են, որ ինձ մեղադրանք առաջադրեն, որ հիմնավորված լինի գույքերի վրա կալանք դնելը և խափանման միջոց ընտրեն, որ խաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ»:

Արմեն Գևորգյանն ասաց՝ ընդհանրապես հրաժարվել է որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ ու պարզաբանեց. «Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործեր իրականացնում: Ուստի իրենց հետ նստել, մեղադրանք քննարկել՝ ժամանակի կորուստ է»:

«Հայաստան» դաշինքի շտաբի պետն ասաց՝ դաշինքի ներկայացուցիչները համատարած հրավիրվում են քննչական մարմիններ, ոստիկանություն՝ ինչ-որ անհասկանալի բացատրական աշխատանքների: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մոտ ցանկությունը և վճռականությունը կոտրվի իրենց դեմ պայքարելու, բայց նրա համոզմամբ՝ նմանատիպ «օյինբազություններից» միայն դա ավելանում է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31