«Միջազգային հանրությունն ավելի ու ավելի ակտիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական հանգուցալուծման մասին: Սա կարևոր է այնքանով, որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է: Հիմա կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և պետք է կարգավորվի»,- այսօր այս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց իր կառավարության կամքը՝ գնալ և կարգավորել Ղարաբաղի հարցը. «Այս բոլոր ցավոտ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկար ժամկետով պատերազմի բացառման և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա հեշտ գործ չէ, սա չափազանց դժվար գործ է: Այստեղ պետք է քաղաքական կամք, հարվածներ վերցնելու ընդունակություն, հանրության հետ բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իլյուզիաների չտրվել: Նա, մասնավորապես, փաստեց. «Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է ՀՀ սահմանը և իմ ասած պրոցեսի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ այդ ուժերը րոպե առաջ լքեն մեր սահմանը: Իդեալում մեր պատկերացումն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական ուժերը հետ քաշվեն իրենց տեղակայման կետեր, իսկ սահմանի պահպանությունն իրականացնեն սահմանապահ ծառայությունները: Այսպիսի լուծման գնալ հեշտ չի լինելու, բայց այո, մենք այս ընթացքում անընդհատ դա առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որովհետև դա այն լուծումն է, որն իսկապես նշան կլինի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության համար»:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հանրությանը կոչ արեց չտրվել «ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի» սադրանքներին. «Մենք հետևողական աշխատում ենք և աշխատելու ենք Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու համար»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ