Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պիտի հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է Հայաստանին». Նիկոլ Փաշինյան

Մայիս 20,2021 12:21

«Կարևոր է հասկանալը, թե ի վերջո որն էր ադրբեջանցիների նպատակը. տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր. Գործողություններն իրականացվում էին ՀՀ տարածքի և Սյունիքի մարզի սահմանի ամենանեղ հատվածում, որը 26 կմ լայնություն ունի: Եթե իրավիճակը հսկողությունից դուրս գար, այնտեղ կարող էին զարգանալ անկառավարելի սցենարներ, որոնք մեզ համար կառաջացնեին ծանր հետևանքներ»,- այսօր այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ իրենց մոտեցումը, որ հարցը լուծեն միջազգային անվտանգային մեխանիզմներով՝ համարում է ճիշտ և այս պահի դրությամբ այն արդարացնում է իրեն:

Նա շարունակեց. «Քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, մենք չենք կարող ասել, որ հասել ենք մեր նպատակին: Չի կարելի բացառել, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների, ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունն ունենալն է, և Հայաստանում գործող պրոպագանդիստական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը: Ես խոսում եմ ադրբեջանական պրոպագանդայի մասին, բայց այս իրավիճակում պետք է գործենք բոլոր խորաքանդակներից անդին, քանզի պահը չափազանց պատասխանատու է, իսկ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը»:

Նիկոլ Փաշինյանը որոշեց հանրության համար պարզաբանել այս օրերին շատ հնչող դեմարկացիա և դելիմիտացիա՝ սահմանագծում ու սահմանազատում հասկացությունները. «Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների ճշգրտման մասին: Հիմա էլ սրանով են փորձում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել: Ես ուզում եմ ամբողջ պատասխանատվությամբ ասել, որ սահմանների ճշգրտումն ինչքան պետք է Ադրբեջանին, այդքան էլ պետք է Հայաստանին, որովհետև դա անվտանգային կարևորագույն երաշխիք է: Պետք է հասկանալ, որ դա պարզ գործընթաց չէ: Հետխորհրդային երկրներից մեր տարածաշրջանում չկա այնպիսին, որն ավարտին է հասցրել դեմարկացիայի, դելիմիտացիայի պրոցեսը: Դելիմիտացիան այն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների հիման վրա, իսկ դեմարկացիան, երբ տեղում ֆիքսում են, թե քարտեզում նշված կոնկրետ կետն իրականում ինչ կետի է համընկնում, սա արվում է GPS-ով»:

Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ Փաշինյանը հայտնեց, որ դա իր կառավարության առաջնահերթություններից մեկն է, որովհետև, իր կարծիքով, դա ինչքան պետք է Ադրբեջանին, այդքան էլ պետք է Հայաստանին. «Սկսած 1992թ.-ից Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման քաղաքականություն: Մենք պիտի հասկանանք, որ կոմունիկացիաների բացման օրակարգը ձեռնտու է Հայաստանին: Մյուս կողմից, մենք չպետք է ամեն օր այս մասին հայտարարենք: Ասում եմ բոլոր ժամանակների համար՝ մենք կոմունիկացիաների կոնտեքստում միջանցքային հարցեր չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու».- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31