Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին». Նիկոլ Փաշինյան

Մայիս 20,2021 12:13

«Շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ: Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը սևով փակած է և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե էդպես է, դրա տողերը բացեք ու ներկայացրեք հանրությանը, ինչու եք թաքցնում: Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալության ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել»,- այսօր այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նման փաստաթղթեր այդ մարդիկ կարող են ստանալ միայն Ադրբեջանից:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել, հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև այն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին: Ես այդ թուղթը չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային փաստաթուղթ է»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով երեկ համացանցում տարածված հայերի և ադրբեջանցիների քաշքշուկների տեսանյութին՝  Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանական պրոպագանդան հրապարակում է 3 րոպեանոց տեսանյութ 2 ժամանոց գործողությունից, և այդ մարդիկ վերցնում՝ դա հրապարակում են իրենց էջերում՝ առանց նշելու, որ սկզբնաղբյուրը ադրբեջանական կողմն է: Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն՝ ես չեմ կարողանում որակել: Եթե իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը պետք է սրան արձագանքի: Սա առաջին հերթին անհարգալից է ՀՀ հանրության նկատմամբ, որովհետև եթե մեր հայրենակիցներից ոմանք հակամարտությունները, հակադրությունները պատկերացնում են որպես կռիվ կինոյի սցենար, ապա այդպես չի լինում երբեք»:

Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես է հնարավոր դարձել, որ ադրբեջանական զինծառայողներն անցնեն հայ-ադրբեջանական սահմանը: Նա, մասնավորապես, ասաց. «Պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կմ-ով: Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ և ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ: Այսօր այս հատվածներում հայկական կողմից սահմանը ճշգրիտ նույն վիճակում է ինչ ադրբեջանական կողմից: Այստեղ ուրիշ խնդիր կա. այս իրավիճակը պիտի համադրենք նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: Մեր գնահատմամբ, ադրբեջանական կողմի շարժն ուղիղ հակադրության մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարության հետ: Սա արձանագրելու համար պիտի որոշակի դիվանագիտական աշխատանքներ իրականացնենք:

Շատ է խոսվում, որ ՀՀ-ն, առանց զինված կերպով ընդդիմանալու, դիմել է ՀԱՊԿ-ին: Գոնե այն մարդիկ, ովքեր մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, նրանք կիմանան, որ ՀԱՊԿ-ը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները պետք է հաղթահարվեն առանց կրակելու: Դա կազմակերպություն չէ, որի դեպքում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է էսկալացիան թույլ չտալու, և էսկալացիան քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Հենց սա է ՀԱՊԿ էությունը, որովհետև, եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսեն կրակոցներ, սա վերածվելու է տարածաշրջանային պատերազմի, եթե չասենք առավել լայնամասշտաբ պատերազմի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31