Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում». Նիկոլ Փաշինյան

Մայիս 20,2021 12:08

«Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի բոլորիս հայտնի հատվածներում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել: Իրադրությունը շարունակում է մնալ լարված, դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում»,- այսօր այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների ներուժը:

Իսկ քաղաքական առումով, նրա խոսքով, խնդիրը հետևյալն է. առաջին՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն` առավելագույնն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, և երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինված ուժերը լքեն ՀՀ տարածքը. «Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, որի կարևոր վկայությունն է այն, որ այսօր կառավարության նիստում ԱԳՆ տեղը թափուր է, քանզի ԱԳՆ մեր գործընկերները զբաղվում են այդ գործով: Ուզում եմ նշել, որ այս պահին ԱԳՆ մեր գործընկերների աշխատանքը գնահատում եմ արդյունավետ: Նշեմ, որ այս պահին ոչ միայն մեր ԱԳՆ գործընկերներն են տանում դիվանագիտական աշխատանք, այլև ՊՆ-ն, փոխվարչապետերը, սա նույնպես համարում եմ հաջողված, որովհետև մեր միջազգային գործընկերների և ՀՀ դիրքորոշումները նույնական են, այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածությունները չկատարելու համար Ադրբեջանն օգտագործում է որոշակի լծակներ և ՀՀ-ում ունի անսպասելի, կամ հիմա արդեն շատ սպասելի դաշնակիցներ՝ բառի բուն իմաստով. «ԱԽ նիստերից մեկում ես արձանագրեցի, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը: Չեմ խուսափի այդ բառերից՝ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի: Այդ մարդիկ, նախ 2020 թվականին Ադրբեջանին բաց, հրապարակային հրավիրում էին հարձակվել ՀՀ-ի վրա, հետո ԱԺ-ում և այլ տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը: Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի մեր արձանագրած դիվանագիտական աշխատանքից խուսափելու հնարավորություն ունենան: Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող դավադրությունն ընդդեմ ՀՀ-ի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31