Լրահոս
Օրվա լրահոսը

Հեյդար Ալիևի հուշարձանին գրառում արած ադրբեջանցի ակտիվիստի կասկածելի մահը Ստամբուլում՝ Թուրքիայի մեջլիսի օրակարգում է

Մայիս 20,2021 11:53

JAMnews. Ստամբուլում ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդովի առեղծվածային մահը, որը հայտնի էր որպես «հուշարձանի գերի», քննարկումների առարկա է դարձել Թուրքիայի խորհրդարանում։ Հարցի քննարկման նախաձեռնությամբ է հանդես եկել Ժողովուրդների ժողովրդավարության ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Մուրաթ Չեփնին։

Խորհրդարանի լիագումար նիստին Չեփնին հայտարարել է. «Մամեդովի մահվանից 10 օր անց նրա ընկեր Գիաս Իբրահիմովը, որը դատապարտվել էր Բայրամ Մամեդովի հետ միասին, առանց որևէ պատճառ նշելու արտաքսվել է Թուրքիայից, նրան ասել են, որ այսուհետ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Բայրամի հայրը՝ Ֆարան Մամեդովը, որդու հետ խոսել է 2021 թ. մայիսի 1-ին, և, նրա խոսքով, իր որդին պատրաստվում էր մեկ շաբաթվա մեջ Բաքու վերադառնալ։ Մամեդովի մտերիմները հայտարարում են, որ նրան հետապնդում էին թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները, իսկ ավելի վաղ նա հարցաքննվել էր Ստամբուլի օդանավակայանում, պատասխանատու անձանցից մեկի կողմից»։

«Հաշվի առնելով այն, որ Բայրամ Մամեդովը ադրբեջանական հասարակությունում և արտասահմանյան երկրներում հայտնի է որպես մարդու իրավունքների հետապնդվող պաշտպան, ինչպես նաև այն, որ ադրբեջանական մամուլն ու ստամբուլյան ոստիկանությունը սկզբից հաղորդել են ինքնասպանության փաստի մասին, այնուհետև՝ մահվան պատճառը փոխել դժբախտ պատահարի, գործը ծածկելու փորձերի տպավորություն է ստեղծվում»,— նշել է Չեփնին և հավելել, որ անհրաժեշտ է Մամեդովի մահվան պատճառների մանրազնին հետաքննություն անցկացնել՝ բոլոր կասկածների չեղարկման նպատակով։

Պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել, որը Բայրամ Մամեդովի մահվան հանգամանքների և պատճառների հետաքննության ինը կետանոց խնդրանք է պարունակում։ Հարցման մեջ արտացոլված է նաև այս գործով Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության կամ բանակցությունների առկայության կամ բացակայության մասին հարցը։

Ի՞նչ է տեղի ունեցել

2021 թ. մայիսի 2-ին կապը կտրվել է 26-ամյա ակտիվիստ Բայրամ Մամեդովի հետ, որը որոշ ժամանակ Թուրքիայում էր ապրում։ 2021 թ. մայիսի 5-ին հաղորդվել է ծովում նրա մարմնի հայտնաբերման մասին։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ մայիսի 2-ին Բայրամ Մամեդովը Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի Մոդա տեղանքի ծովափին է գտնվել։ Ինչ-որ պահի նրա ամառային կոշիկները ջուրն են ընկել, և նա ծովն է մտել՝ դրանք գտնելու։ Որոշ ժամանակ անց Բայրամը տեսադաշտից անհետացել է։ Դեպքի վայր են ժամանել ծովափնյա պահպանության աշխատակիցները, որոնք ջրից դուրս են բերել Մամեդովի արդեն անշունչ մարմինը։ Այն առնչությամբ, որ նրա մոտ փաստաթղթեր չեն եղել, մարմինը տեղափոխվել է դիահերձարան՝ որպես չճանաչված։

Ընկերների որոնողական աշխատանքների արդյունքում Բայրամովի մարմինը ճանաչվել է, այն ընտանիքին է փոխանցվել դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Բայրամ Մամեդովի մարմինը Բաքու է տեղափոխվել մայիսի 9-ին, նա հուղարկավորվել է Ադրբեջանի մայրաքաղաքի արվարձաններից մեկի գերեզմանոցում։

Ո՞վ է Բայրամ Մամեդովը

Բայրամ Մամեդովը հայտնի է դարձել 2016 թ-ին, այն բանից հետո, երբ կալանավորվել է Գիաս Իբրահիմովի հետ միասին։ Նրանք երկուսով նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանին գրել են «Շնորհավոր ստրուկների տոնը» մայիսի լույս 10-ի գիշերը՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրը, որը մինչ այդ նշվում էր որպես Ծաղիկների տոն [gül (ծաղիկներ) և qul (ստրուկ) բառերն ադրբեջաներենում համահունչ են – JAMnews]։

Դրանից անմիջապես հետո ձերբակալված ակտիվիստները մեղադրվել են թմրանյութերի վաճառքի համար և ազատազրկվել 10 տարով։ Բանտում երկու ակտիվիստները դաժան կտտանքների են ենթարկվել։

Սակայն այդ օրվանից Ադրբեջանի Ծաղիների տոնը, որի վրա միլիոնավոր մանաթ գումարներ էին ծախսվում պետբյուջեից, էլ չի նշվում։

Բայրամ Մամեդովին և Գիաս Իբրահիմովին ներում է շնորհվել 2019 թ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ դիմումներից հետո։ Թեև ներումից հետո նրանք երկուսն էլ մի քանի անգամ կարճ ժամկետով կալանավորվել են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31