Հայաստանում վերջին մի քանի օրերի ընթացքում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երրորդ ալիքի նվազում։ Դրա մասին են վկայում թե մասնագետները, և թե հիվանդության հաստատված դեպքերի թիվը։ Եթե նախորդ ամսվա վերջում, օրինակ, մեզ մոտ կորոնավիրուսով վարակված 2294 քաղաքացի ստանում էր ստացիոնար բուժում, ապա հիմա ստացիոնարում բուժում ստացող քաղաքացիների թիվը 1187 է։
Դրան զուգահեռ՝ փակվում են նաև մարզային վերապրոֆիլավորված բուժկենտրոները, որոնք բացվել էին քովիդով հիվանդներին սպասարկելու համար։ Այդպիսի 22 բուժկենտրոն էր գործում, մայիսի 18-ի դրությամբ փակվել է դրանցից 5-ը՝ Վեդու բժշկական կենտրոնը, Գյումրու ինֆեկցիոն կենտրոնը, Գյումրու ԲԿ-ն, Մարտունու բժշկական կենտրոնը, Հրազդան ԲԿ-ն և Երևանում գործող «Արմենիա» բժշկական կենտրոնը։ Հիմա գործում է ընդամենը 17 բուժկենտրոն, որոնցից 5-ը մարզերում, 12 Երևանում։ Այս մասին տեղեկատվությունը մեզ տրամադրեցին առողջապահության նախարարությունից։
Պետրոսյանը շեշտում է՝ ճիշտ է, երրորդ ալիքը մարում է, բայց հասարակությունը ուրախանալու հետ մեկտեղ, պետք է շարունակի պահպանել զգոնությունը։ Եթե մարդիկ օգտվեն այն փաստից, որ ալիքը դանդաղում է և պատվաստվեն, հնարավոր է ավելի շուտ մոտենա բնականոն կյանքին վերադառնալու օրը, և կանխարգելենք 4-րդ ալիքը:
«Մենք տեսնում ենք, թե տարբեր երկրներում ալիքները ինչպես են ընթանում։ Պետք է ամեն ինչ անել, որ խուսափենք նոր ալիքից և վիրուսի նոր դեպքերից, որովհետև մենք տեսնում ենք, որ պատվաստումները օգնում են ճնշել վիրուսի նոր շտամները։ Ես իմ անձնական օրինակով փորձել եմ ցույց տալ մարդկանց, որ պետք չէ վախենալ պատվաստանյութերից, քանի որ հետևանքները ավելի ապահով են։ Այսինքն՝ երբ որ մարդը պատվաստվում է, արդեն առաջանում է պաշտպանվածություն վիրուսի նկատմամբ, և եթե նույնիսկ նա հիվանդանա վիրուսով, ապա նրա մոտ հիվանդությունը ծանր չի ընթանա, բացի դրանից արդեն ապացուցված է, որ պատվաստվածների մոտ խիստ նվազում է վիրուսի տարածումը ու վարակվելու հավանականությունը, որը բերում է խմբային պաշտպանվածության»,- հավելում է հանրային առողջության մասնագետը ու շեշտում՝ մարդիկ պետք է հասկանան, որ վիրուսի հետագա ալիքներից խուսափելուն և վիրուսի տարածումը կանխելուն կարող է նպաստել վիրուսի դեմ պատվաստումը։
Կարդացեք նաև
Հավելենք, որ մայիսի 17-ի դրությամբ Հայաստանում COVID19-ի դեմ պատվաստվել է 20 հազար 99 մարդ։ Պատվաստումները իրականացվում են ինչպես պոլիկլինիկաններում, այնպես էլ առողջապահության նախարարության պատվաստման շարժական կայաններում, որոնք տեղադրված են Հայաստանի տարբեր մարզերի և Երևանի հանրային վայրերում։ Պատվաստումներն իրականացվում են «Աստրազենեքա», «Սպուտնիկ Վ», նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութերով։
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: