Գրել էինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից մեկ ամիս առաջ ազատված Մեսրոպ Առաքելյանը, ով ընդամենը 4 ամիս նախարար աշխատեց, Արցախի սոցապնախարարի պաշտոնից հրաժարված Մանե Թանդիլյանի հետ որոշել է հիմնադրամ ստեղծել։ Հիմնադրամը կոչվելու է «Ապրելու Արցախ»։
– Բայց տարօրինակ է, որ վեց ամսից ավելի է՝ ձեր կառավարության հրաժարականն են պահանջում, ոչ ոք չի հեռանում, իսկ Դուք եկաք ու չորս ամիս անց ինքնակամ հեռացաք։ Ինչ-որ խնդի՞ր է եղել։
– Անկեղծ եմ ասում, որեւէ խնդիր չկա, ո՛չ տառապել եմ նախարար դառնալով, ո՛չ՝ պատգամավոր ու երեւի միակ նախարարն եմ եղել, որ պարգեւավճար չեմ ստացել եւ աշխատանքի եմ գնացել իմ անձնական մեքենայով, ոնց դրանից առաջ վարել եմ, ես Արցախ եմ գնացել-եկել միշտ իմ անձնական մեքենայով՝ առանց գործուղում ձեւակերպելու։ Այսինքն՝ ես նախարար դառնալու ո՛չ մանկական երազանք եմ ունեցել, ո՛չ էլ նախարար դառնալուց հետո իմ ֆինանսական կարողություններն են ավելացել։ Ես հայտարարագիր եմ հրապարակել, որտեղ տասնապատիկ անգամ եկամուտներս նվազել են։ Նախարարն ինձ համար ընդամենը եղել է պայմանական կարգավիճակ, որպեսզի ինչ-որ ձեւով երկրին օգտակար լինեմ։ Իսկ ես կարծում եմ, որ եթե մարդիկ ուզում են երկրին ծառայել, պետք չէ դրա համար լինեն նախարար կամ պատգամավոր։
– Նաեւ Ձեզ քննադատեցին, որ Դուք խնդիրներ եք առաջացրել սոցապհամակարգում, մասնավորապես՝ այդ միասնական սոցիալական ծառայություններին անցում կատարելով։
Կարդացեք նաև
– Ցանկացած ռեֆորմ ստեղծման պահին միշտ ունենում է որոշակի խնդիրներ, չեմ խուսափել էդ ռեֆորմը ես անել, որը տասը տարի՝ չի արվել, որովհետեւ ցանկացած բարեփոխում իր մեջ ներառում է խնդիրներ․ ինչ-որ մարդիկ աշխատանք են կորցնում, ինչ-որ պրոցեսներ դանդաղում են, ինչ-որ մարդիկ, հնարավոր է, ավելի անհարմար սպասարկվեն մեկ-երկու ամիս, ուղղակի ես չեմ խուսափել ռեֆորմ անելուց, որովհետեւ տասը տարի էդպես մնացել է էդ ռեֆորմը։ Եվ, այո, էդ ռեֆորմը խնդիր էր առաջացնելու։ Հակառակ պարագայում բոլորը բողոքում էին սոցապծառայության որակից՝ քաղաքացիների սպասարկում եւ այլն, էդ չարաշահումների մասին էլ չեմ ուզում գնահատական տալ, թող իրավապահները տան, բայց առնվազն սպասարկման որակից, մոտեցումներից, կամ թե ովքեր են աղքատ, ովքեր աղքատ չեն, այսինքն՝ էդ ամեն ինչից հասարակությունը միշտ բողոքում էր, բայց հենց էդ ռեֆորմն անում ես, որի արդյունքում ինչ-որ մարդիկ՝ մի 50-100 հոգի, որոնցից նախկինում բոլորը բողոքում էին, որ էս մարդկանց պետք է գործից ազատել, էսօր էդ մարդիկ չեն աշխատում, հիմա դուրս եկավ՝ մեր արածն էր վատ, հա՞։ Երեսուն տարի մարդիկ բողոքել են, որ էսինչ տարածքային սոցապի պետին պետք է հանել՝ լիքը չարաշահումներ կան, էս կա, էն կա, հիմա էդ մարդն էս ռեֆորմի արդյունքում այլեւս չի շարունակում աշխատել, որովհետեւ մրցույթի արդյունքում այլ մարդ է ընդունվում, էլի դուրս է գալիս, որ վատ բա՞ն ենք արել։
– Ի՞նչ կասեք այն լուրերի վերաբերյալ, որ Դուք եւ Մանե Թանդիլյանը հնարավոր է՝ մի ցուցակով հանդես գաք, նաեւ ասում են՝ Դուք Փաշինյանի համար ընդդիմությունից ձայներ փախցնելու համար եք մտնելու պայքարի մեջ՝ որպես ֆեյք ընդդիմություն։
– Մի քանի օրից էդ լուրերի պատասխանը կլինի, ու բոլորը կտեսնեն, որ էդ կեղծ լուրերը, որ հնարում էին, նման բան չկա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: