Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյան. «Տվել են խոստումներ, բայց ոչինչ չեն արել ու բոլոր ոլորտներում ձախողել են». «Փաստ»

Մայիս 20,2021 10:42

Բոլոր գործողությունները, ծրագրերը, խնդիրները, որոնք «5165» շարժումն իր առջև դրել է երկարաժամկետ լուծելու համար, կապված են ազգային դիմագիծ, ինքնություն, ազգային արժեքներով ապրող քաղաքացի ձևավորելու հետ, որոնք կկերտեն ազգային կենսունակ ու ժամանակակից պետություն: Շարժման նպատակն է նպաստել երկրում այնպիսի էլիտայի ստեղծմանը, որը կառաջնորդի այդ գործընթացը՝ հիմքում ունենալով ոչ թե խմբային, անձնական, այլ պետության ու ազգային շահը: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց «5165» շարժման հիմնադիր անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

Նա շեշտեց, որ իրենց առջև դրված նպատակներն իրագործելու ուղիներից մեկը նաև երկարաժամկետ բնույթ ունի՝ կապված է շարժման կրթա-մշակութային բովանդակություն ունեցող ծրագրերի հետ: Մենուա Սողոմոնյանն այսօր երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ է տեսնում, բայց ամենաակնառուն ու ամենակարևորը, նրա խոսքով, անվտանգության խնդիրն է: «Այսօրվա ապիկար իշխանությունները, երեք տարի շահագործելով ժողովրդի վստահության բարձր քվեն, կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը, ինչպես նաև պետական ինստիտուտների համակարգը: Տվել են խոստումներ, բայց ոչինչ չեն արել ու բոլոր ոլորտներում ձախողել են: Այս ամենը այն ամենաէական պատճառներից է, որի հետևանքով ունեցանք 44-օրյա պատերազմ՝ իր ողբերգական հետևանքներով ու պարտությամբ: Զգալով մեր թույլ կողմը՝ թշնամին այսօր էլ շարունակում է իր առաջխաղացումը: Մենք ունենք գոյութենական սպառնալիք, որը գործադրվում է Ադրբեջանի կողմից, ու որին մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան:

Նրա դիտարկմամբ, բոլոր ոլորտներում կարգավորումները պետք է տալ այնպես, որ դրանք անվտանգային կարիքների բավարարմանը նպաստեն. «Այդ համատեքստում կարևոր հարցերից մեկը ռազմական արդյունաբերությունն է, ինչպես նաև արտաքին քաղաքական դաշտում գործընկերների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը»:

Հաշվի առնելով, որ Մ. Սողոմոնյանը երկար տարիների դասախոս է, գիտնական, նրա հետ զրույցում անդրադարձանք նաև կրթական խնդիրներին: «Այս իշխանությունը կրթության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացրել ու շարունակում է իրականացնել: Դա կապված է իշխանությունների, գոնե նրանց մի մասի ոչ կոմպետենտության հետ, նաև նրանց մի մասի՝ ազգային դիմագիծը վերացնող նպատակային գործունեության հետ: Մասնավորապես, հանրակրթության չափորոշիչների մեջ տարվում է մի գիծ, որով ջնջվում է ազգային դիմագիծը, պաշտպանունակության բարձրացման նպատակադրումն է հանվում: Նշվածն, օրինակ՝ դրսևորվում է ռազմական կրթության դասերը քչացնելով, «Հայոց եկեղեցու պատմության» դասաժամերը մերժելով: Ազգային արժեքների հակաքարոզչություն է տարվում, որը կոնկրետ արտահայտվում է հանրակրթության չափորոշիչներում և կրթական պետական քաղաքականության ամենավտանգավոր գծերից մեկն է»,-նշեց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31