«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Բանակի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ հայտնի ստորացուցիչ տեսանյութ, անպաշտպան սահման, իշխանությանն անթաքույց ծառայող որոշ բարձրաստիճան զինվորականների փաստ և այլն, առաջին միտքը, որ շատերի մոտ ծագեց այն է, որ պաշտպանության նախարարին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պետք է արագ հեռացնել։
Ոմանք նույնիսկ նրանց՝ ինքնասպան լինելու գաղափարը նշեցին։ Մի խոսքով, տարբերակները քիչ չեն։
Սակայն այստեղ երկու վերապահում ունեմ, որն, անկասկած, պետք է հաշվի առնել։
Կարդացեք նաև
Ի՞նչ կփոխվի, եթե Վաղարշակ Հարությունյանի փոխարեն նրա նախկին ոստիկան տեղակալ Արման Սարգսյանը նշանակվի կամ Արտակ Դավթյանի փոխարեն Փաշինյանին նեղ ծառայություններ մատուցած, ապրիլյան պատերազմին իր ոլորտը տապալած Արշակ Կարապետյանը։
Ոչինչ, վիճակը հնարավոր է, որ ավելի վատանա, բայց հաստատ չի կարգավորվի։
Խնդիրը ոչ այնքան այսօրվա զինվորական առաջին դեմքերի մեջ է, որքան քաղաքական վերնախավի և անձամբ Նիկոլ Փաշինյանի։
Մինչև Փաշինյանը չլքի իր պաշտոնը, մյուսների մի քիչ լավ կամ վատ լինելը խնդիր չի լուծում։
Բեր ու նշանակի ամենափորձառու, գրագետ հրամանատարին ԳՇ պետ կամ պաշտպանության նախարար, եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվեց, ապա շարունակվելու է այն փլուզումները, ինչին ամեն օր ականատես ենք դառնում։
Հետևաբար` բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է։ Ինչ ճանապարհով էլ շարժվենք, երկրին շտապ վիրահատական լուծում է պետք։