Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Սիրանույշը եւ աշուղ Ջիվանին Շուշիում

Մայիս 20,2021 12:30

Շուշին 1902թ. հունիսին

Հունիսի սկզբին Շուշիից գրել են. «Եղանակները մեզանում մի շաբաթից ավելի է, ինչ կատարեալ ամառային է: Կենսական մթերքները թանկ են տակսա չկայ: Առեւտուրը սաստիկ ընկած վիճակի մէջ է»: Հունիսի կեսերին Շուշի է ժամանել Հայ դերասանական դրամատիկ ընկերության թատերախումբը, որը տիկ. Սիրանույշի մասնակցութեամբ խաղալու է հետեւեալ պիեսները. «Հայրենական տուն», «Իզեիլ», «Կամելիազարդ տիկինը», «Մադամ Սան-ժեն», «Ֆրանսիոն», «Համլետ», «Սաֆո», «Տրիլբի», «Շղթաներ», «Պատիվ», «Էրնանի», «Միքայել Կրամեր», «Արքայ լիր», «Ուրուականների հետեւից» եւ այլն:

Շուշեցիների ուրախությունը մեծ էր, ամենուր խոսակցությունը եղել է թատրոնի եւ հատկապես տիկ. Սիրանույշի մասնակցություն մասին:

Թղթակիցը ջերմեռանդությամբ նկարագրել է մարդկանց սպասումները. «Վերջերս մեզանում օրվայ հարցը ընդհանրապէս թատրօնի եւ մասնաւորապէս Սիրանոյշի շուրջն է պտտում: «Մենք բախտ կունենանք կարգին ներկայացում տեսնելու. Սիրանոյշին լսելու», – այս խօսքերն էք լսում ամեն տեղ: Թատրօն յաճախելու տրամադրութիւնը ընդհանուր է: Եւ այդ հասկանալի է. նախ, որ մեզ մօտ հիւր են – բացի մի քանիսից – մեր բեմի աչքի ընկնող դերասաններն ու դերասանուհիները, որոնք ամբողջ ամառվայ ընթացքում մի շարք կանօնաւոր ներկայացումներ կը տան, իսկ միւս կողմից էլ մեր հասարակութիւնը ձմեռվայ անշարժութիւնից սթափվելով՝ ուզում է գոնէ ամառը մի քիչ ազատ շունչ քաշել եւ, բացի կլուբի դահլիճում տրվող ձանձրացուցիչ պարերեկոյթներից, մի կարգին ներկայացման երես տեսնել: Ահա թէ ինչու է նա ուրախութեամբ յիշատակում Սիրանոյշի անունը, ահա թէ ինչու է նա ողջունում ամբողջ խմբի գալուստը: Ընդհանուր տրամադրութիւնը այնպէս է, որ գալիս էք այն եզրակացութեան, թէ հեռու չէ այն օրը, երբ թատրօնը կը դադարէ իր գոյութիւնը պահպանել տներն ուղարկած տոմսակներով եւ կը դառնայ հասարակական կեանքի պահանջներից մէկը: Եւ ինձ թւում է, որ այս ամառ թատրօնական դահլիճը նոյն իսկ բաւականութիւն չէ տալու հանդիսականներին, այնքան են խօսում թատրօնից մանաւանդ, որ զգալի կերպով սկսվել է ամարանոց եկողների հոսանքը: Ամեն օր մի քանի տասնեակ եւ նոր մարդիկ են մտնում Շուշի, այնպէս որ մեր միակ զբօսատեղին՝ յայտնի բուլվարը, արդէն խայտաբղէտ է դարձել նորեկներով:

Սիրանույշ

Այսպէս ուրեմն. հասարակութեան տրամադրութիւնը՝ ըստ երեւոյթին, կարգին ներկայացում տեսնելու գրաւականն է, որ մեր բեմի քրտնաջան մշակները, թէ բարոյական մխիթարութիւն եւ թէ նիւթական օժանդակութիւն կունենան»: Նաեւ խոսվել է, որ հարկավոր է տոմսերի գները էժանացնել եւ այդ կարեւոր խնդրի վրա հրավիրել է թատերախմբի ուշադրությունը. «Ես գիտեմ մի քանի ընտանիքներ ու անձնաւորութիւններ, որոնք պատրաստ են նոյն իսկ ամառվայ աբօնըմենտ տոմսակ վերցնել, եթէ միայն գները մի քիչ էժանացրած լինէին», – գրել է թղթակիցը:
Հունիսի 16-ին թատերախումբը ներկայացրել է իր առաջին բեմադրությունը՝ Զուդերմանի «Հայրենական տուն» պիեսը, որտեղ Մագդայի դերը կատարել է տ. Սիրանույշը: Այդ մասին գրվել է. «Խաղն ընդհանուր առմամբ յաջող էր: Մուտքը բաւարար չէր: Երկրորդ ներկայացումն ըստ յայտարարութեան նշանակուած է յունիսի 18-ին: Խաղացուելու է Շուշու բեմում առաջին անգամ «Իզէիլ» Ա. Սիլվէստրի չորս արարուածով դրամը: Մենք զարմանում ենք, թէ ինչպէս են կարողանում այդպէս շուտ նշանակել երկրորդ ներկայացումը: Եթէ այդպէս շարունակուեն ներկայացումները, անկասկած խումբը նիւթական զրկանքներ կըկրէ»:

Հ. Զուդերման

Ինչպես հայտնի է, Զուդերմանի «Հայրենական տունը» դասվում է նրա ամենալավագույն պիեսների շարքը, որը թարգմանել է հայ արձակագիր, դրամատուրգ Սեդրակ Թառայանը: Նշվել է, որ այն «վաղուց է խիստ կրիտիկայի ենթարկվել եւ գրականութեան մէջ իր արժանաւոր տեղն է բռնել: Ինչ խաղին է վերաբերում՝ ընդհանուր առմամբ բաւարար էր, աջողութիւնը պտտվում էր տ. Սիրանոյշի (Մագդա), պ. Պետրոսեանի (Շվարց), Ստեփանեանի (Հէֆտերդինկ պաստօրի) եւ տ. Աւետեանի (Մարի) շուրջը»: Հունիսի 21-ին կայացել է երկրորդ ներկայացումը: Թատերախումբը ներկայացրել է Ա. Սիլվեստրի «Իզեիլ» պատմական դրաման, որը անցել է հաջողությամբ եւ մեծ տպավորություն գործել ունկնդիրների վրա: Գլխավոր հերոսուհու՝ Իզեիլի, դերը կատարել է տ. Սիրանույշը:

Հունիսի 25-ին դերասանները ներկայացրել են Սուվորինի եւ Բուրենինի «Մեդեա» դրաման: Ներկայացման մասին մանրամասն գրվել է. «Օրվայ հերոսը, ի հարկէ, տ. Սիրանոյշն էր Մեդէայի դերում: Ճոխ միմիկա, տիպին համապատասխան գրիմ, հոգեկան դրութիւնների իրար յաջորդող եւ հոգեբանական ճշտութեամբ կատարվող ներքին փոփոխութիւնները, բուռն զգացմունք առանց կեղծիքի – ահա ինչի մէջ է կայանում տ. Սիրանոյշի ոյժը: Հասարակութիւնը քարացած նրա իւրաքանչիւր շարժւածքն էր դիտում, նրա հետ տանջվում, ախ ու վախ անում, իսկ գործողութեան վերջում օվացիաներ սարքում: Տեսէք, որ տեղն էր հասել, որ մեր հասարակութիւնը երկրորդ զանգակից յետոյ իր տեղն էր բռնում, մի բան, որ միշտ նրա հիւանդ կողմն է եղել: Այդ հանգամանքը պիտի վերագրել եւ այն բանին, որ դերասանական վարչութիւնը ժամանակի վերաբերմամբ շատ խիստ է վարվում: Որոշված ժամանակին նա բարձրացնում է վարագոյրը, թէեւ դահլիճում մի քանի հոգի լինեն: Այդպիսով միայն կարելի է անպարտաճանաչ եւ որոշ ժամանակ չը ճանաչող հասարակութեան կարգի բերել: Պ. Պետրոսեանը լաւ էր այն տեսարանում, երբ վերջին տեսակցութիւնն էր նշանակել Մեդէային: Ներկայացումը աջող էր եւ մուտքի կողմից: Լաւ կը լինէր, եթէ այդ օրը չարաբաստիկ օր չը լինէր: Բանն այն է, որ այդ օրը Հեղինէի տօն օրն էր, հետեւապէս եւ քաղաքում պիտի մի քանի տօնախմբութիւն լինէր, որոնք եւ կամայ-ակամայ պիտի խանգարէին թատրօնին: Այդ է պատճառը, որ շատերը զարմանում էին, թէ ինչու դերասանական ընկերութիւնը չի յետաձգել ներկայացումը: Ողորմելի տրամաբանութիւն: Երեւի սրանից յետոյ հայ դերասանը պիտի մի օրացոյց էլ գրպանումը պահէ, որ տեսնէ երբ է տօն: Քանի որ տ. Սիրանոյշը չը կար, մենք արդարանում էինք, թէ կարգին խաղացող չունենք եւ անհամբեր սպասում էինք նրա գալուն, իսկ քանի նա մեզ մօտ է, մենք զբաղված ենք տօնախմբութիւններով: Սակայն այդ դեռ ոչինչ. մեր օտարազգիները, ինչպէս քաղաքային հիւանդանոցի բժիշկը, մեր գաւառապետը հիանում են տ. Սիրանոյշի խաղով եւ անվերջ ծափահարում, մինչեւ անգամ կենդանի ծաղիկների մի փունջ ներկայացնում (գաւառապետը իր ձեռքով)»:

Պետրոսյանը` Նապոլեոնի դերում

Հունիսի 28-ին խումբը ներկայացրել է «Մադամ Սան-ժեն» կոմեդիան, որը պատմում է Նապոլեոնի ժամանակներում ֆրանսիական կյանքը, պալատական նիստն ու կացը, զինվորական կարգերը եւ այլն: Այս ամենը «ի հարկէ, բաւական դժուար էր հայ բեմի համար, մանաւանդ Շուշու բեմի համար, ուր նոյն իսկ պալատական մի ճոխ սենեակն անգամ դժուար էր դնել, որ մնաց պալատական միւս փարթամութիւնները, թէեւ պէտք է նկատել, որ հագուստեղէնը բաւական փարթամ էր: Չը նայելով այդ բոլոր անյարմարութիւններին, ներկայացումը աջող անցաւ: Պ. Պետրոսեանը բաւական լաւ Նապօլէօն էր»:

Հունիսի կեսերին Շուշի է ժամանել նաեւ աշուղ Ջիվանին. «Մի քանի օր է ինչ մեզ մօտ հիւր է գտնւում աշըղ Ջիւանին իւր խմբով: Կիրակի, յունիսի 16-ին, նա նուագում էր Սպանդարեանների այգում: Թէեւ նախապէս յայտարարուծ չէր այդ մասին, բայց եւ այնպէս, լուրը տարածուելուն պէս, տեղիս սակաւաթիւ երիտասարդութիւնն շտապել էր յիշեալ այգին լսելու Ջիւանուն: Ծերունի աշուղը նուագեց եւ երգեց իւր ոտանաւորներից մի քանիսը, որոնք շատ լաւ տպաւորութիւն թողեցին ունկնդիրների վրայ, մանաւանդ «Խելքին աշեցէք» ոտանաւորը»:

Հավելենք, որ Շուշիում աշուղ Ջիվանին գրել է. «Որսորդը քեզ հալածում է» սկզբնատողով երգը, որտեղ նա ասում է.
Հույսդ դիր քու ուժիդ վրա,
Ասպարեզից հետ մի մնա,
Այժմ ողբի լսող չկա,
Մի անի լաց ու թաց եղնիկ:

Հունիսի 17-ին Հ. Կոստանդյանցը Շուշիից գրել է գյուղական հասարակություններում հասարակական դրամարկղ ունենալու անհրաժեշտության մասին: Նա առաջարկել է, որ «Իւրաքանչիւր բարեկարգ գիւղական հասարակութեան մէջ պէտք է լինի հասարակական դրամարկղ, որտեղ պէտք է մտնեն հասարակական բոլոր փողերը: Այդ փողերը պէտք է յանձնվեն մի բարեյոյս անձնաւորութեան, որը պէտք է ունենայ ժապաւինեալ մատեան՝ փողերի մուտք ու ելք գրելու համար: Գանձապահը, ի հարկէ, պէտք է լինի որոշ հսկողութեան տակ, որպէս զի նա ճիշտ կերպով տանէ հաշիւը, առանց զեղծումներ գործելու եւ տարվայ վերջում հաշիւ ցոյց տայ հասարակութեան, թէ որքան է մտել դրամարկղը, որքան ծախսվել: Այն էլ պէտք է աւելացնել, որ փող ընդունելու ու ծախսելու մէջ, բացի գանձապահից, ոչ ոք չը պէտք է խառնվի, միայն պէտք է կարգադրեն հասարակութեան կողմից ընտրված հաւատարմատարները կամ դրանք եթէ չը կան՝ այն ժամանակ տանուտէրը: Բայց մտէք մեր Շուշու գաւառի որ գիւղը կը ցանկանաք եւ չէք գտնի գոնէ մէկ հատ գիւղ, որտեղ գոյութիւն ունենայ հասարակական դրամարկղ ասած բանը…»:

Հունիսին քննարկվել է Շուշիի գավառում գյուղական մի քանի դպրոցներից կից բացել գյուղատնտեսական բաժիններ, որպէսզի աշակերտները ընտելանան գյուղատնտեսական կատարելագործություններին եւ ապագայում կարողանան բարվոքումներ մտցնել իրենց գյուղական տնտեսությունների մեջ: Այդ կապակցությամբ հունիսի 17-ին Շուշիում կայացել է նախնական ժողով, որին մասնակցել են տեղական պաշտոնյաներ, մանկավարժներ եւ գյուղատնտեսներ:

Հունիսի 30-ին ոմն Ռուբեն Շուշիից գրել է. «Կեանքը փոփոխական է. աշխարհում շատ քիչ բան կայ, որ ժամանակի ընթացքում փոփոխութեան չենթարկվի: Ո՞վ կը մտածէր, թէ Գառնակերեան եպիսկոպոսը Շուշում քահանայական հարց կը բարձրացնէ: Լսում ենք, որ նա մտադիր է քաղաքի համար 6 քահանաներ ձեռնադրելու, այն էլ ընտրութեամբ եւ ոչ թէ մինչեւ այժմ գոյութիւն ունեցող ձեւով: Ուրախալի երեւոյթ է, որ այսուհետեւ մեր քահանաները պէտք է ընտրվեն եւ ոչ թէ նշանակվեն»: Եվ վերջում, Շուշիում դարձյալ շարունակվել է Շամախու երկրաշարժից տուժած հայերին օգնելու հանգանակությունը. Ներսես Մելիք-Փաշայանցը նվիրել է 59 ռ. 50 կ., Կ. Դանիելյանցը 5 ռ. եւ Շուշիքենդից ուսուցիչ Հ. Կոստանյանը 16 ռ. 15 կ.:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Աշուղ Ջիվանու խումբը

«Առավոտ» օրաթերթ
19.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31