Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»

Մայիս 20,2021 13:00

Հուշ-պատառիկներ` Առնո Բաբաջանյանի մասին

Տարեսկզբին սկսվել եւ շարունակվում են տարբեր ձեւաչափերով միջոցառումները, այդ թվում՝ նաեւ արտասահմանում՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։ Ավելի քան կեսդարյա պատմություն ունի նրա ստեղծագործական գործունեությունը, որն առաջին քայլերից է գրավել ոչ միայն մասնագետների, այլեւ երաժշտասերների ուշադրությունը։

«Առավոտը» տարբեր ժամանակներում Երեւանում կազմակերպված բաբաջանյանական երեկոներին զրուցելով կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի հետ, որը մեկը մյուսի հետեւից, առանց դադարի պատմում էր հետաքրքիր դիպվածներ հոր կյանքից, նկատեց, որ դրանք սկսվում են ամենասկզբից՝ տաղանդավոր արվեստագետի ծննդյան ամսաթվից սկսած։ Կոմպոզիտորի ծննդյան օրը նշված է հունվարի 22-ը, բայց իրականում նա ծնվել է մեկ օր շուտ։ Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նրա փաստաթղթերում այլ ամսաթիվ է հայտնվել։
Մեր զրուցակցի հավաստմամբ, երբ Լենինը մահանում է, այդ օրը հայտարարվում է համամիութենական սգո օր, եւ ծնողները ստիպված փոխում են որդու ծննդյան ամսաթիվը։ «Բացի ծննդյան նոր ամսաթվից, պապս՝ Հարություն Յակովլեւիչը, որը մաթեմատիկայի ուսուցիչ էր եւ տիրապետում էր հայկական ժողովրդական համարյա բոլոր գործիքներին, որդուն «կապում» է արվեստի եւ մասնավորապես՝ երաժշտության հետ։ Տատս ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, նա էլ զավակին ուղղորդում է դեպի ռուսական մշակույթ»,- պատմել էր կոմպոզիտորի որդին։

Զրույցներից մեկի ժամանակ էլ նա նշել էր, թե հայտնի է, որ Արամ Խաչատրյանն է դեռեւս մանկապարտեզում «հայտնաբերել» հորը ու խորհուրդ տվել Բաբաջանյանի ծնողներին ակտիվորեն զբաղվել երեխայի երաժշտական կրթությամբ. «Մոսկվայի Գնեսինկայի ավարտական քննության ժամանակ չլսված իրադարձություն էր դարձել հորս դիպլոմի պաշտպանությունը։ Քննական հանձնաժողովում էին աշխարհահռչակ Յակով Ֆլիերը, Ալեքսանդր Հոլդենվեյզերը, Հենրիխ Նեյհաուզենը… Դասական հեղինակների ստեղծագործություններից բացի, անհրաժեշտ էր նվագել նաեւ սեփական գործ։ Հայրս կատարել էր Սկրյաբինի ոճով գրված իր սեփական ստեղծագործությունը։ Հանձնաժողովի անդամները ապշել են, քանի որ նրանք հիանալի գիտեին Սկրյաբինի գործերը, իսկ երիտասարդ կոմպոզիտորի գործը հանձնաժողովի կողմից ընդունվել է որպես կայացած դասական հեղինակի ստեղծագործություն»։

Մեր զրուցակիցը պատմել էր 1980-ականներին Երեւանի փողոցներում անցկացված մի «երաժշտական» հարցման մասին. լրագրողը անցորդներին դիմում էր «Երեւանի սիրուն աղջիկ» երգը կատարելու խնդրանքով. «Պատկերացնո՞ւմ եք, չի գտնվում մի անցորդ, որը սկզբից մինչեւ վերջ չերգի այն։ Ախր հայրս պարզապես սիրահարված էր իր ծննդավայրին եւ հավանաբար գիտեք, որ հաճախ էր ասում, թե միաժամանակ ապրում է եւ Մոսկվայում, եւ Երեւանում։ Նրա «Նոկտյուրն»-ն էլ պատմություն ունի. այդ քնարական ստեղծագործությունը հայրս նվիրել է իր միակ կնոջը (ծիծաղում է-Ս.Դ.)՝ Թերեզա Սոկրատովնային, բայց ինքը չէր ցանկանում, որ ստեղծագործությունը տեքստ ունենա։ Կոբզոնը շատ էր դիմել հորս՝ ցանկություն հայտնելով, որ այդ մեղեդին խոսքեր ունենա եւ ինքն էլ կատարի։ Այդ առիթով հայրս մի անգամ ինձ ասաց՝ շատ եմ հարգում Իոսիֆին, բայց այս մեղեդին ինձ համար այնքան մտերմիկ է, չի՞ հասկանում, որ այն շատ անձնական է՝ կնոջս եմ նվիրել… Իսկ հետո… գիտեք, որ Կոբզոնը հորս մահից հետո դիմեց Ռոբերտ Ռոժդենստվենսկուն, որն էլ գրեց տեքստը»։

Արա Բաբաջանյանը նաեւ հիշել էր. «Ես շատ փոքր էի. 1960-ականներն էին։ Մայա Պլիսեցկայան՝ ամուսնու, Շոստակովիչն իր կնոջ հետ, հանգստանում էին Դիլիջանի կոմպոզիտորների տանը։ Ափսոս, ստույգ թիվը չեմ հիշում, հենց այդ տարի նշածս աշխարհահռչակ անունները ծանոթացան հորս, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի հետ։ Մի բան շատ լավ եմ հիշում՝ հաճախ էին ֆուտբոլ խաղում, իսկ դարպասապահը անփոփոխ էր՝ Շոստակովիչն էր։ Նաեւ հիշում եմ, որ Պլիսեցկայայի ամուսինը՝ Ռոդիոն Շչեդրինը, ամենաշատ գոլ խփողն էր։ Դիլիջանյան այդ օրերը տեղ են գտել Մայա Պլիսեցկայայի հուշերում»,- հիշում էր մեր զրուցակիցը։

Մի անգամ էլ կեսկատակ-կեսլուրջ Արա Բաբաջանյանին փոխանցեցինք արվեստագետների շրջանում տարածված այն կարծիքը, թե հայրը «շատ լավ գիտեր իր «գինը»։ Մեր զրուցակիցը հորդորեց վատ չզգալ այդ միտքը հնչեցնելու համար, ասելով, թե Վիլյամ Սարոյանը Հայաստան առաջին այցից հետո գրել էր՝ «Առնոն առաջինն էր, որ ինձ հայերեն Վարպետ անվանեց։ Ես նրան նույն կերպ դիմեցի, եւ գիտե՞ք, նա բոլորովին չզարմացավ, նույնիսկ չվիճարկեց։ Եվ դա հիանալի է։ Իսկական վարպետը միշտ պետք է իմանա իր գինը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31