Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուռճացված հույզեր», ընտելացե՛ք ադրբեջանական բանակին հյուր ընդունելուն

Մայիս 20,2021 12:00

Մոսկվան նորմալ է համարում, որ իր ռազմավարական դաշնակցի տարածք հակառակորդ երկրի բանակ է ներխուժում՝ «չէ՞ որ նրանք չեն կրակում, հանգիստ նստում են….»՝ բացատրությամբ

Սարսափազդու երազում անգամ չէր կարելի պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների ֆունկցիաներն այն աստիճան կաթվածահար եղած կարող են լինել, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից՝ 250 զինվորականներ մի քանի օր շարունակ ինքնիշխան Հայաստանի տարածք ներխուժած կմնան, Հայաստանի իշխանություններին կհրավիրեն իրենց հետ բանակցությունների, իսկ պաշտոնական Երեւանը իրար հաջորդող Անվտանգության խորհրդի նիստեր կհրավիրի ու կարձանագրի, որ մեր պետությունը ճգնաժամի մեջ է հայտնվել:

Ցավալի է արձանագրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործունեությունը մեր պետության անվտանգության ապահովման համար բոլոր ճյուղերում ինչ աստիճանի անհամարժեք է: Չկա ոչ մի պաշտոնանկություն՝ պատկան մարմինների դրսեւորած անգործության հետեւանքով: Կարելի է բերել, որ «նուրբ իրավիճակ» է, ցանկացած չհաշվարկված քայլ՝ կարող է նոր ռազմական գործողությունների հիմք դառնալ, բայց չկա գնահատական՝ ինչո՞ւ է Հայաստանն այս վիճակում հայտնվել:

Թշնամի երկրի զինվորականները հանգիստ, զբոսնելով, ներխուժում են պետությանդ տարածք ու Հայաստանի պետության իշխանություններին հրավիրում են իրենց հետ բանակցությունների՝ պնդելով, թե՝ «Հայաստանի հետ սահմանային լարվածությունը պետք է լուծվի երկկողմ շփումների միջոցով»: Այս ամենից հետո էլ՝ պարզվում է, ՀՀ-ի սահմանների վերաբերյալ բանակցություններ վարում է երրորդ երկրի ներկայացուցիչը: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մի կողմ թողած Արցախում իր գործառույթները՝ համատեղության կարգով, փաստորեն, զբաղվում է ՀՀ ինքնիշխանության պահպանման հարցերով, ավելի կոնկրետ՝ ՀՀ սահմանների ճշգրտմամբ:

Դեռ անցյալ շաբաթ, Լավրովի՝ Երեւան, ապա Բաքու այցերից հետո էինք արձանագրել, որ Մոսկվան լծվել է Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման գործին: Այսօր արդեն հստակ է, որ Մոսկվային եւ Բաքվին հենց դա էր հարկավոր, ավելին՝ թե՛ Պուտինը, թե՛ Ալիեւը բավական շտապում են այս հարցում, նրանց հայտարարությունները հենց այդ մասին են վկայում, նրանք նկատվում է, որ համարում են, որ պրոցեսը դանդաղել է: Այդ իսկ պատճառով՝ արագ լուծումների տարբերակ գտնվեց՝ «չեք ցանկանում սահմանված ժամկետներում տեղավորվել, կարվի՝ «ուժային» ձեւով»: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները եկան, մտան մեր պետության տարածք, ասացին՝ «դե եկեք որոշենք սահմանները»:

Այս ողջ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ուշագրավ խաղով ընթացավ:

Ֆրանսիայի ակտիվությունը շարունակվում է ողջ ուժով: Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այվազյանը բարձր էր գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը: «Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ այս ուղղությամբ կարեւորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը: Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը», ասվում էր ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։

Մեկ օր անց արդեն, երբ հայտնի էր, որ Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ վերահաստատվեց պաշտոնական Փարիզի միանշանակ գնահատականը: «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ նախարար Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգությունը եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց հանձնառությունը: Ֆրանսիան ուշադրությամբ հետեւում է իրավիճակին եւ կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը հասնելու համար»:

Ինչ վերաբերում է 2020-ի նոյեմբերի եռակողմ համաձայնագրից հետո չլուծված հարցերին, ներառյալ բոլոր հայ գերիների ազատ արձակմանը, Ֆրանսիան ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո կրկին բարձր մակարդակով, համանախագահների հովանու ներքո ուղիղ երկխոսության կոչ արեց` տարածաշրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը երաշխավորող համապարփակ համաձայնագիր կնքելու նպատակով բոլոր խնդիրները քննարկելու համար:

Մայիսի 17-ին Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, եւ ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Արցախում ստեղծված իրավիճակը: «Պետքարտուղար Բլինքենը եւ արտգործնախարար Լե Դրիանը նաեւ խոսել են իրենց՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ գործակցության մասին եւ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում էր Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Մայիսի 18-ին արդեն, ադրբեջանական ներխուժումից 5 օր անց, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նրանք անդրադարձել էին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ «Ամերիկյան կողմն անընդունելի եւ սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները եւ տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաեւ ադրբեջանական ղեկավարությանը պահանջով՝ դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից: Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը եւ հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը: Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ եւ ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարեւորությունը», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումը միանշանակ էր, բխում է Հայաստանի շահերից, ինչը չի կարելի ասել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեպքում, որը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման իր նպատակի իրագործումից հետո, փաստորեն, շարունակելու է անտեսել թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանի նկատմամբ դրսեւորած թշնամական կոնկրետ գործողությունները:

Նախորդ 10 տարիներին Ռուսաստանը զինեց Ադրբեջանին, անտեսեց Ալիեւի ռազմատենչ քաղաքականությունն ու սադրիչ բազմաթիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, դրանով իսկ «դաբրո» տվեց թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի նկատմամբ նոր պատերազմին, հիմա էլ պարզվում է, եռակողմ հայտարարության դրույթների կատարման ժամկետներից «նեղսրտած»՝ Մոսկվան «դաբրո» է տալիս Հայաստանի տարածք ադրբեջանական բանակի ստորաբաժանման ներխուժմանը:

Այս իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի կեցվածքը, մեղմ ասած՝ ծիծաղելի է: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, ՌԴ նախագահին, բայց Կրեմլը պատրաստ է ուղղակի անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվել Հայաստանին ուղիղ աջակցելուց: Ահա պաշտոնական Մոսկվայի անհեթեթ գնահատականների շարանը…

Պարզվեց, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային իրավիճակում ոչ մի պատճառ չկա «հույզեր բորբոքելու»։ Սա այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը 5 օր շարունակ արձանագրում է, որ տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժում:

Ռուսաստանը մշտական կապ է պահպանում Բաքվի ու Երեւանի հետ, ջանքեր են գործադրվում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: «Մենք նաեւ մշտական կապ ենք պահպանում Բաքվի հետ: Նախագահը եռակողմ պայմանավորվածությունների ոչ այլընտրանքային կատարման հաստատակամ կողմնակից է: Այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակն ուղղելու հարցում»,- ասել է Պեսկովը:
Պաշտոնական Երեւանն ակնկալում է իր ռազմավարական դաշնակցից աջակցություն, ասել է թե՝ համարժեք քաղաքական գնահատական, բայց ի՞նչ են պատասխանում ՌԴ պաշտոնյաները… Ռուսաստանի Դաշնությունը պատճառ չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված «հույզերը սրելու» համար, Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցություն տրամադրել Երեւանին եւ Բաքվին, պատասխանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Մոսկվան մեծահոգաբար արձանագրում է, որ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական բանակը, օ՜հ, ինչպիսի բարեկրթություն՝ «չի կրակել…»: «Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել: Հանգիստ նստել ենք, սկսել պայմանավորվել այն մասին, թե ինչպես կարգավորենք այս իրավիճակը: Մեզնից աջակցություն են խնդրել, մեր զինվորականները հատկացրել են նման աջակցություն, պայմանավորվածություն է ձեռք բերվել: Որեւէ պատճառ չեմ տեսնում հույզերը սրելու համար այս ոչ շարքային, սակայն հանգիստ կարգավորվող իրավիճակում»,- ասաց Լավրովը մայիսի 17-ին: «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը հայտարարություն է արել` կատարվածը մեկնաբանելով որպես թյուրիմացություն, եւ որ ամենակարեւորն է՝ սահմանի բացակայությամբ, որը պետք է սահմանագծվեր: Ոչ ոք երբեւէ դրանով չի զբաղվել, եւ մենք կողմերին առաջարկել ենք, որ անցնեն նման աշխատանքի: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց այդ հարցում»,- հավելել է ռուս նախարարը:

Այսինքն, կարեւոր չէ, թե ինչ է հայտարարում 5 օր շարունակ՝ պաշտոնական Երեւանը: Կարեւորն այն է, թե ինչ են ասում Բաքվից: Իսկ Բաքուն, բնականաբար, չի արձանագրում, որ ներխուժել է ինքնիշխան պետության տարածք, այլ ասում են՝ «սահմանազատման աշխատանքներ պետք է իրականացվեն»:

Ու մինչ Հայաստանում արդեն մի քանի օր սպասում էին Մոսկվայի համարժեք գնահատականին՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն էլ Լավրովի գնահատականներից մեկ օր անց լրացուցիչ «պարզաբանմամբ» հանդես եկավ: Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն կցուցաբերի սահմանային լարվածությունը թուլացնելու գործում, եթե այդպիսի խնդրանք լինի երկու երկրների կողմից, նշեց Ռուդենկոն՝ հավելելով. «Նորմալ է, երբ կողմերը նման իրավիճակում դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության խնդրանքով, հատկապես որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների մշակման համատեքստում: Ուստի, եթե նման դիմում լինի բոլոր մասնակիցների կողմից, նկատի ունեմ Ադրբեջանից ու Հայաստանից, այդ ժամանակ մենք պատրաստ ենք ցուցաբերել այն աջակցությունը, որը մենք կարող ենք»:

Այսինքն, միայն Հայաստանի դիմումները Մոսկվայի համար նշանակություն չունեն, այ, եթե Բաքուն էլ արձանագրի, որ «ներխուժել է ՀՀ տարածք», այ, այդ ժամանակ Մոսկվան հարկ կհամարի աջակցել կողմերին: Ի՞նչ է սա, եթե ոչ զավեշտի հասնող մեկնաբանություն:
Իսկ ընդհանրապես, սպասել, թե ՀԱՊԿ անդամ պետություններից Ադրբեջանին քննադատող հայտարարություններ կլինեին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ակնհայտ ոտնձգություններին ի պատասխան, ի սկզբանե էլ պարզ էր, որ դա միամտություն է: Բայց այն, որ Ռուսաստանը աշնանը ԼՂ-ում պատերազմից հետո «չեզոք» դիտորդի կարգավիճակ էլ չի պահելու, այլ մտնելու է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի ու ձգտումերի սպասարկման դաշտ՝ անշուշտ փոքր-ինչ զարմանալի էր: Իհարկե, նրանք նախապատրաստել են անհրաժեշտ հող՝ «Հայաստանի իշխանությունն է մեղավոր» պատճառաբանությամբ, սակայն պարզ է, որ Մոսկվան չի կատարում ռազմավարական դաշնակցի իր ֆունկցիաները, կաշկանդված է քաղաքական գնահատականներ տալ թուրք-ադրբեջանական զավթողական քաղաքականությանն ի պատասխան, որի արդյունքում էլ ավելի է մեծանում հիասթափությունը հայ հասարակության շրջանում:

Մայիսի 12-ից Հայաստանի տարածք ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ներխուժման, ՀՀ տարածքների նկատմամբ դրսեւորած հավակնությունների համատեքստում ամենաքննարկվող հարցերից մեկն է կրկին դարձել հետեւյալ հարցը՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի ընդդիմությունը դուրս չի գալիս փողոց՝ ցույց տալու համախմբված բռունցք թշնամուն: Այս հարցի պատասխանն այնքան պարզունակ է, որ անգամ կասկածում ես՝ մի՞թե այդքան դժվար է հասկանալ պարզ ճշմարտություններ… Իսկ հայաստանյան ընդդիմությունն ընդունա՞կ է հակառակվել Կրեմլի դիրքորոշմանը… Չէ՞ որ եթե հայաստանյան ընդդիմությունը դուրս գա փողոց՝ պետք է արձանագրի, որ ՌԴ-ն չի կատարում ռազմավարական դաշնակցի իր ֆունկցիան, որի հետեւանքով էլ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում թելադրել խաղի կանոններ՝ հղում կատարելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը:

Այնպես որ՝ ամեն ինչ բավական պարզ է ու հստակ. Ռուսաստանը կաշկանդված է թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու հարցում, իր այդ կեցվածքի համար նա գտել է «հարմար» արդարացում՝ «ՀՀ իշխանությունն է մեղավոր», սակայն դժբախտությունն այն է, որ հայաստանյան ներքաղաքական գրեթե ողջ դաշտը չի կարող արձանագրել այս փաստը, քանի որ՝ Պուտինի ասածն ու արածը՝ իրենց համար օրենք է, չի կարելի անել որեւէ քայլ, որը կհակասի Պուտինի գծին: Ահա թե ինչու՝ ընդդիմությունը չի կարող փողոց դուրս գալ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31