Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեք համայնքապետեր հաղթեցին ՍԴ-ում

Մայիս 20,2021 13:30

Ըստ համայնքի ղեկավարների՝ ԱԺ-ն օրենքի փոփոխություններով իրենց զրկել է հանրաքվե նախաձեռնելու իրավունքից եւ՝ «Անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության հետեւանքով Սահմանադրության 190-րդ հոդվածով նախատեսված՝ համայնքի կարծիքը լսելու պարտականության կատարումը երաշխավորված չէ»:

Այս տարվա հունվարի 11-ին Սահմանադրական դատարան էին դիմել Կոտայքի մարզի մի քանի համայնքների՝ «Աբովյան» (Վահագն Գեւորգյան), «Ծաղկաձոր» (Արթուր Հարությունյան) եւ «Նոր Հաճն» (Գագիկ Մաթեւոսյան), ղեկավարներ: Նրանց լիազոր ներկայացուցիչն էր Ա. Հովհաննիսյանը: Հերթական անգամ, ափսոս, որ այս դիմումի քննությունն էլ անցել է «դռնբաց գրավոր» ընթացակարգով, եղել է դատավորներ Ա. Խաչատրյանի եւ Ա. Վաղարշյանի հատուկ կարծիքը, ինչը հրապարակվել է մայիսի 17-ին՝ ՍԴ պաշտոնական կայքում:
Պատասխանող կողմը եղել է Ազգային ժողովը: Դիմումը վերաբերում է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, 6-րդ հոդվածի եւ 8-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանելու հարցին: Հանրապետության նախագահի կողմից օրենքը ստորագրվել է 2018 թվականի հունիսի 28-ին եւ ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 14-ին։ Վիճարկվող օրենքի վիճարկվող հոդվածի համաձայն. «Օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ»։

Օրենքի՝ «Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության սուբյեկտները» վերտառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչեւ նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք»։ Իսկ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Սույն օրենքի 7-րդ, 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին, կամ չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Համայնքի ղեկավարի՝ հանրաքվեի նշանակումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով»։

Համայնքի ղեկավարների դիմումի համաձայն՝ «Ազգային ժողովի կողմից օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համայնքի ղեկավարը զրկվել է այնպիսի կարեւոր համայնքային նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքից, ինչպիսին է համայնքների միավորումը կամ բաժանումը»։

Նրանց կարծիքով, առաջանում է պետական մարմինների առջեւ համայնքի ղեկավարի կողմից համայնքի շահերից բխող հանրային հարցերի լուծման անկարողություն՝ առանց տեղի քաղաքացիական հասարակության կողմից խնդրո առարկայի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու իրական հնարավորության ապահովման։

Ազգային ժողով-պատասխանող կողմը գրավոր պատասխանում նշել է, որ «այդ իրավունքով միայն համայնքի բնակչությանն օժտելը չի հակասում Սահմանադրությանը, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա համայնքի ղեկավարն իրավունք ունի իր գրավոր կարծիքը ներկայացնելու Ազգային ժողով:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ էր համարել անդրադառնալ այն հարցին, թե ի՛նչ եղանակներով պետք է ապահովվի համայնքների՝ լսված լինելու իրավունքի իրացումը: Ըստ ՍԴ-ի՝ «Հաշվի առնելով առանձին իրավիճակների առանձնահատկությունները՝ կոնկրետ դեպքում համայնքների օբյեկտիվ կարծիքը վեր հանելու արդյունավետ այլ եղանակների բացակայության պայմաններում համայնքի կարծիքը պարզելու նպատակով պետք է ապահովվի տեղական հանրաքվեի անցկացումը։ Ընդ որում, այդ գործընթացին վերաբերող կարգավորումները (այդ թվում՝ նման նախաձեռնության իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանող, հանրաքվեի նախապատրաստումը եւ անցկացումը կարգավորող իրավանորմերը) պետք է ունենան այնպիսի բովանդակություն, որ Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական խորհրդատվական հանրաքվեն գործնականում հնարավոր լինի անցկացնել»: ՍԴ-ն կարեւոր էր համարել հետեւյալ իրավական մոտեցումները. համայնքների միավորման կամ բաժանման հիմքում պետք է ընկած լինեն հանրային շահերը, անհրաժեշտ է ապահովել համայնքների բնակիչների կարծիքն ԱԺ-ում լսելի դարձնելու մեխանիզմ, այն պետք է գործադրվի ժամանակին:

Թե դիմող կողմը, թե ՍԴ-ն հղումներ էին կատարել «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային», համաձայն որի՝ «Պետական գործերի կառավարմանը մասնակցելու քաղաքացիների իրավունքը կարող է անմիջականորեն իրականացվել հատկապես տեղական մակարդակով։ Նշված իրավունքն առավել մանրամասն կարգավորում է ստացել Խարտիայի` Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությամբ, որում ամրագրվել է տեղական ինքնակառավարման մարմինների գործերին յուրաքանչյուրի մասնակցության իրավունքը (1-ին հոդվածի 1-ին մաս), ինչպես նաեւ սահմանվել են այդ իրավունքի իրականացման միջոցները։ Վերջիններս ենթադրում են նաեւ մարդկանց ներգրավման այնպիսի ընթացակարգերի սահմանման ապահովումը, որոնք կարող են ներառել խորհրդատվական գործընթացներ, տեղական հանրաքվեներ եւ խնդրագրեր»:

ՍԴ-ն իր քսանհինգ էջանոց որոշմամբ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող հոդվածներն այնքանով, որքանով չեն ապահովում համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր, ճանաչել է Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին եւ 190-րդ հոդվածին հակասող եւ անվավեր։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31