Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ասում են՝ միջին ուղեղները եւ միջինից ցածրը չեն տեսնում, գուցե ինձ մոտ այդ դեպքն է». Արուսյակ Ջուլհակյան

Մայիս 20,2021 14:00

Իմքայլական պատգամավորը պնդում է, որ առաջին նախագահը ատում է Նիկոլ Փաշինյանին:

«Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանություն ստանալ: Նա երբեւէ դրան ունակ չի եղել թե՛ նախկինում եւ թե՛ նաեւ հիմա ունակ չի լինելու: Ժողովրդի մեծամասնությունը երբեք չի տվել եւ տալու Ռոբերտ Քոչարյանին իր հավանությունը եւ իր քվեն»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նրան հակադարձեցինք՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխատեսում է, որ այս ընտրությունները բոլորովին էլ ազատ, արդար ու թափանցիկ չեն էլ լինելու, հակառակը, կանխատեսում է, որ դուք կիրառելու եք ֆինանսական, քրեական ձեր ողջ ռեսուրսները եւ իշխանությունը պահելու անհագ ձգտմանն եք հագուրդ տալու՝ նա պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին շրջանի հայտարարությունները ստիպում են դրանց փիլիսոփայորեն վերաբերվել: Փորձ եմ անում հասկանալ, թե ինչ է կատարվում առաջին նախագահի հետ: Ցավոք, միակ եզրակացությունս այն է, որ այնքան երկար կերտված պետականամետ լինելու կերպարը շատ կարճ ժամանակում ջուրն է ընկնում պարզ մարդկային ատելության պատճառով: Ես իսկապես ժամանակին հավատացել եմ, որ առաջին նախագահը վեր է մարդկային նման ճղճիմ զգացողություններից եւ իսկապես մտածում է պետության մասին»:

Մեր զարմանքին՝ կարծում եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին ու նրա նկատմամբ ատելությունից դրդվա՞ծ է քայլեր անում, փաստորեն, դուք է՞լ եք Հովիկ Աղազարյանի այն մտքին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Նիկոլ Փաշինյանին՝ Ջուլհակյանը պատասխանեց. «Չէ, ես նախանձի մասին չեմ խոսել, ես կարծում եմ՝ պարզապես ատում է Նիկոլ Փաշինյանին»:

Դիտարկմանը, որ առաջին նախագահը հենց պետականամետ գործիչ լինելով է բացատրում իր վերջին քայլերը՝ Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին դիմելու, գտնում է, որ չարիք է այս իշխանությունը եւ երկիրը տանում է կատարյալ ձախողման՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Նա նույն տեքստերը ասում էր նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, ասում էր՝ չարիք է, փորձանք է, նույն տեքստերն էր: Ուղղակի այն ժամանակ փորձանք էր ասում, հիմա դարձել է պատուհաս, ուղղակի հոմանիշներն է ասում, որ չկրկնվի: Հետո պարզվում է՝ այն նախկին փորձանքը այնքան էլ փորձանք չէր, որի հետ կարելի է համագործակցել: Եվ իհարկե՝ դա պետք է փաթեթավորել վեհ նպատակներով»:

Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին բավականին երկար ժամանակ դիտարկում էին՝ որպես Նիկոլ Փաշինյանի կնքահայր, իր թիմի անդամ էր, եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, ո՞ր պահից սկսած պիտի այդպես ատելություն ձեւավորվեր նրա նկատմամբ՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Աստծո ուղիներն անմեկնելի են»:

Ըստ պատգամավորի, կա նաեւ հաշվարկների գործոնը, թե ՀԱԿ-ը որքանով կկարողանա միայնակ մասնակցելով ընտրություններին՝ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը. «Քաղաքական հաշվարկը քաղաքական ուժի համար շատ նորմալ է, բայց հաշվարկների շրջանակներում չպետք է անել այնպիսի հայտարարություններ, որոնք հանրության ճնշող մեծամասնության մոտ ապշահարությունից բացի, այլ բան չեն առաջացնում: Գոնե պիտի սկզբունքներ լինեն, որը ես ինքս չեմ տեսնում: Իրենց կողմնակիցներն ասում են, որ միջին ուղեղները եւ միջինից ցածրը չեն տեսնում, գուցե ինձ մոտ այդ դեպքն է, չեմ հավակնում բնավ Օլիմպոսին անդամագրվելու եւ չեմ հասկանում այդ հաշվարկների մեծությունը եւ հեռատեսությունը: Բայց պետք է նաեւ ասեմ, որ այս քննադատությունները չեն խնայել նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատներին, որոնք հանդգնել են չհասկանալ համագործակցության այդ առաջարկի պատճառները: Նրանք հանդգնել են վրդովմունք հայտնել, որ իրենց պահանջատիրությունը շարունակելու փոխարեն՝ համագործակցության են գնում: Լավ, հասկացանք, մեզ մեղադրում են, ասում են՝ դուք այդ գործը տապալեցինք: Լավ, դա մի կողմ դնենք, մենք տապալեցինք, բա դուք՝ վե՞րջ, մոռացա՞ք, Մարտի 1 չե՞նք ունեցել»:

Երբ հիշեցրինք առաջին նախագահի խոսքերը՝ քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել՝ Ջուլհակյանը արձագանքեց. «Դե կներեք, եթե Մարտի 1-ը մեզ համար քաղաքական տարաձայնություն է, ապա ես այդտեղ ավելացնելու բան չունեմ: Մարտի 1-ի զոհերի հարազատներին, որոնք հանդգնել էին այդ հաշվարկների զորությունը չգիտակցել, ամենավերջին խոսքերով՝ էլ ծախված, էլ անհասկացող, էլ մի քանի երեսանի էին ասում, սա անընդունելի է»:

Իմքայլական պատգամավորին հարցրեցինք՝ ձեր կարգախոսն է՝ «Ապագա կա», ձեզ ասում են՝ դուք մեր ներկան խաթարել եք, անդառնալի, անշրջելի ողբերգություն եք մեզ տվել, հիմա ի՞նչ ապագայից եք դուք խոսում, հավատո՞ւմ եք ձեր ասած ապագային՝ Ջուլհակյանը պատասխանեց. «Մենք հավատում ենք մեր ասած ապագային եւ Հայաստանի, Արցախի ապագային: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ ներկան խաթարել ենք, ապա 2020-ը մեր երկրի համար եղել է ծանրագույն տարի, սկսել ենք COVID-ով, ավարտել ենք պատերազմով, որի հետեւանքները ծանրագույնն էին եւ մեր երկրի պատմության համար ողբերգական: Թերեւս պատմական կտրվածքով ամենաողբերգական շրջաններից մեկն էր ե՛ւ պատերազմը, ե՛ւ հետպատերազմական վիճակը: Բայց պատերազմի մեջ Հայաստանին ներքաշել են: Հայաստանյան գործիչները հիմա, չգիտես ինչու, ներքաղաքական պայքարի շրջանակներում փորձ են անում բոլոր սլաքներն ուղղել Հայաստանի իշխանություններին՝ առանց գիտակցելու, կամ գիտակցելով իսկ, որ դրանով Հայաստանին են վնասում, ուղղակի մաքրում են թուրք-ադրբեջանական տանդեմին, ասում են՝ նրանք մեղավոր չէին, իրենց համար հանգիստ նստած հաց ու սուխ կուտեին, բայց այս իշխանությունները եկան, Հայաստանը հրահրեց, որ այդ «անմեղ հրեշտակները» հարձակվեն Հայաստանի վրա ու ստիպված պատերազմեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31