Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հայաստան չայցելելու հորդորի մասին

Մայիս 19,2021 20:45

Պատվաստումային գործընթացին հետևելու նպատակով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա այցելեց Ախուրյանի բժշկական կենտրոն, այնուհետ Գյումրու «Բեռլին» ու թիվ 2 պոլիկլինիկաներ, որտեղ և աշխատակազմը, այսպես ասած, հաշվետվություն ներկայացրեց նախարարին պատվաստվողների քանակի, նրանց տրամադրությունների մասին։

Մեր հարցին՝ մի՞թե մեր երկրում համավարակային իրավիճակն այնքան ողբերգական է, որ ԱՄՆ պետքարտուղարության ճամփորդությունների դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ տալով չայցելել Հայաստան, նախարարը պատասխանեց․

«Մենք, կարելի է ասել, երրորդ ալիքի նվազման փուլում ենք գտնվում։ Բարեբախտաբար, օրական դրական գրանցված թվերը նվազել են, բայց մենք չենք կարող ասել, որ հաղթահարել ենք կամ հաջորդիվ ալիքների ակնկալիքը դեռ չունենք։

Այս պահին էլ մեր մի քանի բժշկական կենտրոններն ամբողջապես սպասարկում են քովիդ պացիենտներին, մենք դեռ ունենք բավական ծանր, ծայրահեղ ծանր պացիենտներ։

Իհարկե, թվերի նվազումը շատ լավ է, բայց դա որևէ առումով զգոնության վրա չպիտի անդրադառնա։ Եվ առհասարակ քովիդը մնում է խիստ անհանգստացնող հանգամանք՝ ընդհանուր առմամբ և՛ առողջապահական առումով, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ նաև Հայաստանի սահմանների հետ կապված, ուստի մեզ համար այսօր պատվաստումային գործընթացը հնարավորինս արագ, սահուն կազմակերպելն է, որ հաջորդական ալիք չունենանք»։

Նախարարի տեղեկացմամբ, վերջին երկու օրերի ընթացում ՀՀ-ում 20 հազարից ավելի քաղաքացիներ են պատվաստվել, սակայն տեմպը դեռ գոհացուցիչ չէ, պետք է հնարավորինս արագ լայն շերտերի պատվաստել, որպեսզի պաշտպանված լինենք ոչ միայն առողջապահական, այլ նաև այլ առումներով։ Ի դեպ, նրա հավաստմամբ, պատվաստումից հետո որևէ ծանր դեպք չի գրանցվել, եղել են թեթև մկանացավեր, ջերմություն, որը, նախարարի ասելով՝ նորմալ է, նշանակում է՝ օրգանիզմում իմունիտետը ձևավորվում է։

Հարցին էլ՝ Հայաստանը կարմիր, թե՞ կանաչ երկրների ցանկում է․ Եվրամիությունը կբացի սահմանները կանաչ երկրների համար, նախարարը հույս հայտնեց՝ եթե Հայաստանը հնարավորինս արագ ավարտի պատվաստումների գործընթացը, մշտական կանաչ գոտի կդառնա թե՛ ճամփորդությունների, թե՛ դեպի մեր երկիր այցելությունների ու առհասարակ մեր երկրի քաղաքացիների համար։ Նա մեջբերեց Միացյալ Թագավորության, Իսրայելի, Իտալիայի, Իսպանիայի օրինակը, որտեղ վիրուսի կտրուկ նվազում է գրանցել, քանի որ պատվաստումների բավարար շեմ են ապահովել։

«Տարիներով չի կարող այս իրավիճակը տևել, մարդիկ մի օր ցտեսություն պիտի ասեն և՛ դիմակներին, և՛ մյուս սահմանափակումներին։ Դրա լուծումը պատվաստումն է, ամենականխարգելիչ, ամենաանվտանգ, ամենագործուն միջոցն է»,- ասաց նախարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31