Նոյեմբերի 9-ին Նիկոլի ստորագրած կապիտուլյացիոն պայմանագիրը մեզ պատուհասած սարսափի սկիզբն է միայն, գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
«Գանք սկզբից. կապիտուլյացիայից հետո նա ինքն էլ խոստովանեց, որ Ադրբեջանի նախագահի հետ ունի «բանավոր պայմանավորվածություններ»։ Դրանք լուծումներ են, որոնք Հայաստանի դեմ են։
Ահա թե ինչպես է եղել.
- Նիկոլը Ալիևին տվել է խոստումներ, որոնց մասին իրենից բացի չգիտի ոչ ոք, նույնիսկ Հայաստանի կողմից բանակցող պաշտոնյաները՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
- Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահի ներկայությամբ Նիկոլը խոստացել է Ալիևին, որ գարնան սկզբին՝ ձնհալից հետո, շտապ կարգով իրականացնելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ամբողջական ու վերջնական դեմարկացիա՝ պնդելով, թե ինքն է միակ հայն, ով դա անելու լեգիտիմություն ու կամք ունի (այդ բանակցության ժամանակ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգ չկար)։
- Նիկոլը պայմանավորվել է Ալիևի հետ, որ դեմարկացիայի և դրա հետևանքների մասին Հայաստանը չի անելու միջազգային աղմուկ՝ հղում անելով հանուն խաղաղ համակեցության երկկողմ աշխատանքային պրոցեսին։
- Նիկոլը խոստացել է տրամադրել Սյունիքով միջանցք, որի երթուղին քննարկվում է Հայաստան-Ադրբեջան ուղիղ, երկկողմ ձևաչափում։
- Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժումից մեկ շաբաթ առաջ Նիկոլը փորձել է փոփոխել պայմանավորվածության ժամկետները՝ ասելով, թե երբ խոսք էր տալիս, չգիտեր, որ ընտրություններ են լինելու։ Նա խնդրել է հետաձգել պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը և ժամկետները սահմանել ընտրություններից հետո։ Դրան ի պատասխան Ադրբեջանը ներխուժեց Սյունիք և Գեղարքունիք։
- Երբ Նիկոլը ինքնամոռաց և վախեցած սկսեց զանգել Կրեմլ, այնտեղից հնչեց երկու հարց՝ ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու և կոնկրետ ի՞նչ է ակնկալում ՌԴ-ից։
Եվ ահա գալիս է կուլմինացիան այս ամենի։
Կարդացեք նաև
Երեկ երեկոյան ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում։ Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։ Այս հայտարարությունն է այն գինը, որ Նիկոլը պատրաստ է վճարել, որպեսզի նախընտրական շրջանում գոնե ժամանակավորապես կանգնեցնի ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստան և այդ գինը Հայաստանը և հայ ժողովուրդը վճարում են 2018-ից մինչև օրս՝ սխալ ընտրության և շարունակական սխալ որոշումների համար։
Այդ հայտարարությամբ և դրան կից գաղտնի հավելվածով սահմանվում է.
- Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։
- Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:
- Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։
- Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթները պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։
Այս պահին Նիկոլը տվել է վերոնշյալի համաձայնությունը՝ երեք խնդրանքով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված՝ որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը: Ինչքանով կհաջողվի, կտեսնենք:
Սա է իրականությունը։
Հ.Գ. 2018 թվականից մենք վճարում ենք չափազանց բարձր գին Նիկոլ Փաշինյանի ներկայության համար, մեր սխալների համար, տգիտության, մեծամտության, իրականությունը չընդունելու, չարության ու նախանձի համար։ Ամեն ամիս որ անցնում է, այդ գինն է՛լ ավելի է բարձրանում, ու ավելի շատ ենք վճարում ավելի քիչ մնացածից՝ տնտեսությամբ, արյամբ, կյանքով, սերունդներով և անշուշտ հողով»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, և նախքան քննարկումն սկսելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը, մասնավորապես՝ նշելով. «Ինչ վերաբերում է սահմանային իրադրությանը, կրկին ասում եմ, որ մեզ համար դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար»: