Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Կոստանյան. «Հետպատերազմական Հայաստանում համապատասխան գերատեսչությունը ինքնիշխան պետության սահմանների պաշտպանվածությանը լուրջ չի մոտեցել»

Մայիս 19,2021 19:40

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հրավիրված բանավեճում ելույթ ունենալուց առաջ արձանագրեց, «Իշխանության թեւից ներկայացուցիչ չկա: Ի սկզբանե կարող ենք ֆիքսել, որ բանավեճային ձեւաչափը չի ստացվելու, որովհետեւ առնվազն հակադրվող կողմը չկա եւ սկզբունքային տեսանկյունից մենք բոլորս այստեղ գրեթե նույն գաղափարին ենք»:

Պատասխանելով սահմանային ռիսկայնությանը, անձեռնմխելիությանը, անվտանգային խնդրին, որ մենք ի վերջո ՀԱՊԿ անդամ ենք եւ թշնամին իրավունք չունի անգամ մեկ սանտիմետր այն հատելուն վերաբերող հարցին, տիկին Կոստանյանը պատասխանեց. «Այսօր ունենք թույլ սահմաններ: Մի փոքր երերալով եմ այս արտահայտությունն անում, որովհետեւ հեշտ չէ ամեն անգամ խոսել քո երկրի թույլ սահմաններից, կամ թուլացած կարգավիճակից: Բայց սա է կարգավիճակը եւ ունենք այն, ինչ ունենք:

Ես կուզեի ավելի շատ անդրադարձ կատարել ներքաղաքական խառնաշփոթին, որ իրականում օր օրի ավելի է խորանում: Դա մեզ ավելի ու ավելի խոցելի է դարձնում նաեւ արտաքին մարտահրավերների առաջ: Եվ առաջիկայում խորհրդարանական ընտրությունները լինելու է այն հիմնական կիզակետը, որի արդյունքում պետք է կանխորոշվի այս իշխանությունների ճակատագիրը:

Մենք ունենք իրավիճակ, երբ սահմանին հաղթանակ տարած պետությունը ինքնավստահ կեցվածքով առաջ է գալիս: Եվ ունենք իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը պահպանող զինված ուժերը, կամ սահմանապահ ուժերը ինչ-ինչ հանգամանքներում թույլ են տալիս, որպեսզի Ադրբեջանի զինվորականները հանգիստ ձեւով մուտք գործեն Հայաստանի Հանրապետության տարածք: Սա փաստ է, որը անթույլատրելի է: Ի՞նչն է սրա պատճառը: Ըստ երեւույթին այն, որ հետպատերազմական Հայաստանում, ինքնիշխան պետության սահմանների պաշտպանվածությանը լուրջ չի մոտեցել մեր երկրի համապատասխան գերատեսչությունը: Սա էլ է քննության առարկա: Եվ այո, պիտի հնարավորիս շուտ ստեղծվի հանձնաժողով, որի մասին պատերազմն ավարտվելուց հետո որպես խորհրդարանական ընդդիմություն արդեն կես տարի անընդհատ բարձրաձայնում ենք: Մենք չենք կարող առաջնորդվել ասեկոսեներով, տարբեր պատմություններով: Հսկայական քանակի պատմություններ են պտտվում, յուրաքանչյուրն իր տեսակետն ու վերլուծությունն է ասում: Որքան ժամանակը ծորում է, այնքան այդ վերլուծությունները ավելի տարբեր բնույթներ են ստանում: Որպեսզի կարողանանք հստակ գնահատել իրավիճակը, պետք է հանձնաժողով, որը կունենա հստակ կարգավիճակ, կկարողանա քննության առնել ձեռքի տակ եղած փաստերը:

Երկրի ներսում քաղաքական մթնոլորտը շիկացած է, ինչը անթույլատրելի է: Պիտի առաջին հերթին սա կարեւորել, որովհետեւ լուրջ մարտահրավերներ ունենք եւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ վերահաս պատերազմը ամեն պահի կարող է վերսկսվել կամ չվերսկսվել: Պետք է պատրաստ լինել ամեն սցենարի: Իսկ առաջին հերթին պետք է լուծվեն ներքաղաքական խնդիրները, որն էլ ըստ երեւույթին առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններով պետք է արվի»:

Աննա Կոստանյանի կարծիքով մթնոլորտի շիկացումը ուրեւէ քաղաքական ուժի չպետք է ձեռնտու լինի: «Ներքաղաքական աժիոտաժ առաջացնելով՝ մենք առնվազն խորացնելու ենք մեր խոցելիությունը արտաքին մարտահրավերների առաջ: Դա ակնհայտ է»,- ասաց ԼՀ կուսակցության պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31